21/07/2026

EU – Armenia

«Արքան» արժանապատիվ պարտվելու որեւէ ծանրակշիռ օրինակ չի տվել

Մեսսին մեծագույն է՝ որպես ֆուտբոլիստ, այստեղ չկա կասկած, գոնե ինձ համար։

Բայց, որպես առաջնորդ, այստեղ մեղմ ասած կան հարցեր, առավել եւս երեկ կայացած խաղի առումով, եւ հատկապես՝ խաղից հետո, երբ արգենտինացի որոշ ֆուտբոիստներ ուղղակի տմարդի պահվածք դրսեւորելով փոքր կռիվ, քաշքշուկ հրահրեցին Իսպանիայի հավաքականի խաղացողների հանդեպ։

Մեսսին հեռվում կանգնած դիտում էր, այն դեպքում, երբ թերեւս նրա առաջնորդական պատասխանատվության ներքո պետք է լիներ եզրափակիչ սուլիչից հետո թիմով հանդերձ պարտությունն արժանապատվորեն ընդունելու հանգամանքը։

Շատերը կասեն, թե «արքան» չպետք է խառնվի այդ ամենին։

Ես կասեմ, որ իրական «արքայի» ներկայությամբ առաջին հերթին հենց իր թիմակիցները չեն անի որեւէ այդպիսի քայլ։ Ուրեմն «արքան» արժանապատիվ պարտվելու որեւէ ծանրակշիռ օրինակ չի տվել իր թիմակիցներին, որ աշխարհի առաջնության եզրափակիչ սուլիչից հետո դաշտում կռիվ են սարքում։

Չեմ ասի, թե Արգենտինայի հավաքականի գիտակ եմ, բայց արգենտինացիները կարծես թե կանգնել են մի առանցային խնդրի առաջ։

Գուցե սխալվում եմ, բայց, եթե Մեսսին հեռանում է հավաքականից, ապա առաջին անգամ ստեղծվում է իրավիճակ, երբ Արգենտինայի հավաքականն ըստ էության չունի որեւէ տրամաչափի մեգաաստղ։

Եվ, եթե չի դավաճանում հիշողությունս, արգենտինացիների դեպքում սա վերջին առնվազն չորս տասնամյակում կլինի բացառիկ վիճակ։ Այդպիսով, Արգենտինան կվերածվի դե ֆակտո միջակ մի թիմի՝ առանց Մեսսիի։

Իսկ սա, ըստ իս, շատ լուրջ թե ֆուտբոլային, թե հոգեբանական մարտահրավեր է։

Գրել է Հակոբ Բադալյանը