Ուզբեկստանի և Ղրղըզստանի միջև ապրանքաշրջանառությունը վերջին տարիներին տասնապատկվել է, եկող տարի այն կհասնի երկու միլիարդ դոլարի։ Այդ մասին հայտարարել է Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևը, փոխանցել է bright.uzbekistan-ի ֆեյսբուքյան էջը։
Ուզբեկստանի նախագահը պետական այցով գտնվել է Ղրղըզստանում։ Նախագահ Ժապարովի հետ բանակցությունների արդյունքում կողմերը ստորագրել են «Դաշնակցային հարաբերությունների մասին» պայմանագիր, որի մանրամասնությունները առայժմ հայտնի չեն։
Կողմերը նաև պայմանավորվել են նախագահների ղեկավարության ներքո Միջպետական խորհուրդ ստեղծելու մասին, ձեռք է բերվել Չինաստան-Ղրղըզստան-Ուզբեկստան երկաթուղու երկայնքով առևտրա-լոգիստիկ ենթակառուցվածքների համատեղ զարգացման պայմանավորվածություն։
Հուլիսի 30-ին պետական այցով Ղրղըզստան է մեկնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Ղրղըզստանի նախագահ Սադիր Ժապարովը նրան դիմավորել է Չոլփան-աթա քաղաքի օդանավակայանում։
Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքի տեղեկատվությունից հասկացվում է, որ Ժապարով-Ալիև բանակցությունների վայր է ընտրվել Ղրղըզստանի նախագահի՝ Իսիկ-կուլ լճի մերձակայքում գտնվող նստավայրը։
Ուշագրավ է, որ Ալիևի Ղրղըզստան այցը հաջորդում է Ռուսաստանի նախագահի հետ նրա հեռախոսազրույցին և տեղի է ունենում Միրզիյոև-Ժապարով բանակցություններից և ձեռք բերված սկզբունքային պայմանավորվածություններից հետո։
Պետական գործիչների աշխատանքային ժամանակացույցում նման «պատահական համընկնումներ», որպես կանոն, չեն լինում։ Իսկ եթե հավելենք, որ հուլիսի 29-ին Օմսկում հանդիպել են Ռուսաստանի և Ղազախստանի նախագահները, որից հետո Պուտինը Ղազախստանի և Ուզբեկստանի հետ ռազմա-տեխնիկական համագործակցության պայմանագրերի վերանայման բանակցություններ սկսելու մասին հրամանագիր է ստորագրել, ապա կստացվի ավելի «հետաքրքիր խճանկար»։
Ուզբեկստանը և Ադրբեջանը ԵԱՏՄ անդամ չեն, բայց դաշնակցային հարաբերություններ ունեն ԵԱՏՄ անդամ Ղազախստանի և Ղրղըզստանի հետ։ Կենտրոնական Ասիայի երեք երկրները և Ադրբեջանը միաժամանակ Թուրքական պետությունների կազմակերպության անդամ են։
Կենտրոնական Ասիայի բոլոր երկրները, ընդսմին, ռազմավարական համագործակցության մասին հռչակագիր են ստորագրել Եվրամիության և Միացյալ Նահանգների հետ։
Օգոստոսի 6-7-ին վարչապետ Փաշինյանը կմասնակցի ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին։ Հուլիսի 30-ին նա ասել է, որ այդ հարթակում ներկայացնելու է Հայաստանի «օրակարգին առնչվող բոլոր հարցերը»։
Տպավորություն է, որ ԵԱՏՄ փաստացի չգոյության հետ անդամ բոլոր պետությունները հաշտվել են, բայց ֆորմալացումը «թողնվել է Հայաստանի պատասխանատվությանը»։ Կենտրոնական Ասիայի ԵԱՏՄ-ական երկրները, համենայն դեպս, «թիկունքային ապահովություն են ստեղծում»։

Բաց մի թողեք
Լուծումներ կան, գուցե հեշտ չեն, գուցե բարդ են, գուցե մեծ ջանք են պահանջում, բայց դրանք կան
Նարեկ Կարապետյանի տանը խուզարկությունն ավարտվել է․ իշխանությունը չի կանգնում անգամ ընտրված պատգամավորի կարգավիճակի առաջ
Փաշինյանը հետևողական կերպով ոչնչացնում է քաղաքական ու հանրային դաշտը և լռեցնում ընդդիմադիր ձայները