ԵՊՀ-ից հայտնում են, որ կյանքից հեռացել է Երևանի պետական համալսարանի ռոմանագերմանական բանասիրության (ներկայում՝ Եվրոպական լեզուների և հաղորդակցության) ֆակուլտետի հիմնադիր և առաջին դեկան, մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ Կարո Մնացականի Կարապետյանը։
Կարո Կարապետյանն ավարտել է Մախաչկալայի թիվ 1 միջնակարգ դպրոցը, այնուհետև Դաղստանի պետական համալսարանի օտար լեզուների ֆակուլտետը՝ մասնագիտանալով անգլերենի ուղղությամբ։ 1972–1975 թվականներին սովորել է Մոսկվայի Մ. Թորեզի անվան օտար լեզուների պետական ինստիտուտի ասպիրանտուրայում, իսկ 1977 թվականին ստացել է մանկավարժական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան և դոցենտի կոչում։
Նրա մասնագիտական գործունեությունը ներառում է ավելի քան երեքուկես տասնամյակի մանկավարժական և գիտամանկավարժական աշխատանք։ Դասավանդել է դպրոցում և Երևանի պետական համալսարանում, աշխատել է որպես թարգմանիչ Իրաքում, ղեկավարել բազմաթիվ կուրսային, մագիստրոսական և ատենախոսական աշխատանքներ։
1987–2000 թվականներին Կարո Կարապետյանը ղեկավարել է ԵՊՀ անգլերեն լեզվի ամբիոնը, իսկ 1991 թվականին հիմնադրել և մինչև 2009 թվականը ղեկավարել է ռոմանագերմանական բանասիրության ֆակուլտետը՝ նշանակալի ներդրում ունենալով դրա կայացման, զարգացման և կրթական ավանդույթների ձևավորման գործում։ 2009 թվականից ղեկավարում էր ֆակուլտետի Թարգմանության տեսության և պրակտիկայի ամբիոնը։
Կարո Կարապետյանի գիտական հետաքրքրությունների շրջանակում էին օտար լեզուների դասավանդման մեթոդիկան, կիրառական լեզվաբանությունը, բառագիտությունն ու անգլերենի դարձվածաբանությունը։ Նա ավելի քան 40 գիտական աշխատությունների, բառարանների, բուհական և դպրոցական դասագրքերի ու հոդվածների հեղինակ էր։ Մասնակցել է բազմաթիվ միջազգային և հանրապետական գիտաժողովների ու վերապատրաստումների, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի Լիդզի համալսարանում, ԱՄՆ-ի Ջորջթաունի համալսարանում և Զալցբուրգում անցկացված մասնագիտական ծրագրերին։
Կարո Կարապետյանի անունը մշտապես կմնա Երևանի պետական համալսարանի պատմության մեջ՝ որպես նվիրյալ մանկավարժ, գիտնական, կազմակերպիչ և համալսարանական կրթության զարգացման գործում բացառիկ ավանդ ունեցած ղեկավար։
Երևանի պետական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմը խոր ցավակցություն է հայտնում Կարո Կարապետյանի ընտանիքին, հարազատներին, գործընկերներին, աշակերտներին և բոլոր նրանց, ովքեր ճանաչել ու գնահատել են նրա մարդկային և մասնագիտական բարձր արժանիքները։
Հիշատակը վառ կմնա նրա սաների, գործընկերների և համալսարանական համայնքի ներկայացուցիչների սրտերում։


Բաց մի թողեք
Առկա ուսուցման մեջ ընդգրկված անձինք ևս հնարավորություն կունենան դառնալ ինքնազբաղվածության խթանման ծրագրի շահառու
Լոռու մարզի դպրոցներից մեկում սովորողների նկատմամբ դրսևորվել են ֆիզիկական բռնության դեպքեր
Արտակարգ դեպք՝ Լոռու դպրոցներից մեկում. ի՞նչ է կատարվել