31/07/2026

EU – Armenia

Թրամփը հրադադա՞ր է «խնդրում» Իրանից․ հետաքրքիր շրջադարձ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստ է հնարավորություն տալ Իրանի հետ խաղաղ բանակցություններին այն պայմանով, որ Թեհրանը համաձայնի հրադադարի, հաղորդում է The New York Post (NYP)-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյայի։

«Սա ցանկացած բանակցությունների հիմքն է. դրանք սկսվում են հրադադարից, և այն [հրադադարը] պետք է սկսվի Իրանից», – NYP-ին ասել է աղբյուրը։

Աղբյուրի համաձայն՝ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը և Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին բաց են հակամարտության դիվանագիտական ​​լուծման համար, սակայն Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) «դուրս է գալիս վերահսկողությունից» և շարունակում է հարձակումներ իրականացնել։ «Իրանի ղեկավարությունը պարտավոր է կարգի բերել իր տունը։ Նախագահ [Թրամփը] հստակեցրել է, որ ցանկանում է հնարավորինս շուտ համաձայնագիր կնքել։ Սակայն եթե իրանցիները շարունակելու են հարձակվել ԱՄՆ նավերի, բազաների և Պարսից ծոցում գտնվող դաշնակիցների վրա, ապա դա իրենց գինն է ունենալու», – եզրափակել է ամերիկացի պաշտոնյան։

ԱՄՆ-ն և Իրանը վերսկսել են փոխադարձ հարձակումները հուլիսի սկզբին։ Axios-ի տվյալներով՝ հուլիսի 24-ին Թրամփը հրամայել է այլևս հարձակումներ չանել։ Ի պատասխան, Իրանի զինված ուժերը հայտարարեցին տարածաշրջանում ԱՄՆ ռազմական թիրախների դեմ հարվածների դադարեցման մասին: Հուլիսի 30-ի գիշերը ԱՄՆ զինված ուժերը վերսկսեցին հարձակումները, այն բանից հետո, երբ Իրանը հրթիռներ արձակեց Հորդանանում գտնվող ԱՄՆ ռազմաբազայի վրա։

Հուլիսի 27-ին Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Իսմայիլ Բաղային հայտարարեց, որ Թեհրանը և Վաշինգտոնը շարունակում են բանակցել միջնորդների միջոցով:

Հաջորդ օրը Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարեց, որ Իրանը մերժել է ԱՄՆ բանակցային առաջարկը՝ ամերիկյան չափազանց մեծ պահանջների պատճառով:

Ամերիկայի շատ դաշնակիցներ ամբողջ աշխարհում ավելի ու ավելի են հակված են մնալ սպասողական վիճակում Իրանի հետ պատերազմի հարցով, չնայած ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը պնդում է, որ նրանց օգնությունը անհրաժեշտ է հակամարտությունը դադարեցնելու համար։

Ըստ տեղեկությունների՝ ԱՄՆ գործընկերների առաջնորդները անում են ամեն ինչ՝ Թրամփի ուշադրության կենտրոնում մնալու և միջամտության հետագա պահանջներից խուսափելու համար։