31/07/2026

EU – Armenia

Վրաստանի ընտրությունը սկզբունքային նշանակություն ունի Հայաստանի և ամբողջ Հարավային Կովկասի համար

Եթե դուք ինձ լիովին մեկուսացնեք եւ թույլ չտաք, որ մարդիկ ինձ տեսնեն, սարսափելի չէ։ Արդեն պատրաստվում է արհեստական բանականությամբ իմ ավատարը, որ ինձնից լավ է երևում, բայց դա ես եմ։

Նա խոսում է լավագույն ժամանակների Միշայի նման, նույն ժեստերը և միմիկան ունի, և նա ասելու է՝ ինչ ես եմ մտածում։ Նման հայտարարություն է արել Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին, տեղեկացրել է saqinform-ը։

«Այնպես որ, փակեք ինձ՝ որքան ուզում եք, միեւնույն է, ես այս բանտից դուրս եմ գալու։ Որքան երկար եք ինձ պահում, այնքան մեծանում է հավանականությունը, որ ես բանտից դուրս կգամ, ինչպես դուրս եկավ և իսկույն իշխանության եկավ Նելսոն Մանդելան։

Դուք «Վարդերի հեղափոխություն 2»-ի դեր և գործառույթ եք ստեղծում, բայց իմ խնդիրը իշխանության վերադառնալը չէ։ Իմ առաքելությունն է՝ ինձ հետ իշխանության բերել բոլորովին նոր սերունդ, այլ մտածողությամբ մարդկանց»,- ասել է Սաակաշվիլին և ամփոփել, որ իշխանության «կգա, որպեսզի վերականգնի Վրաստանի անկախ ուղեգիծը»։

Վրաստանում, երևում է, ներքաղաքական իրավիճակը կրկին բարդանում է։ Հուլիսի 27-ին ըմբշամարտիկ Գեորգի Քարթվելաշվիլին մամուլի ասուլիս է հրավիրել և հայտարարել, որ ստեղծում է «Հանուն վրացական արժեքների, սովորույթների և մշակույթի» ՀԿ։ Քարթվելաշվիլին, ինչպես վրացական apsny.ge առցանց լրատվամիջոցն է նշել, իշխող «Վրացական երազանք» կուսակցության «աջակից» է։

Այդ առթիվ Վրաստանի նախկին նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ասել է, որ Քարթվելաշվիլի նախաձեռնությունը «համադրվում է երկրի ապակայունացման Ռուսաստանի դասական ռազմավարությանը»։ Վրաստանի նախկին նախագահը համոզմունք է հայտնել, որ «իրադարձություններին պետք է լրջորեն մոտենալ, բայց երբեք չգնալ հայելային պատասխանի»։

Զուրաբիշվիլին կարծում է, որ նպատակ է դրված «մյուս կողմից ևս ամուր երիտասարդների խմբեր ստեղծել և նրանց տանել հրապարակային ընդհարումների»։ Նա, սակայն, վստահ է, որ «դա տեղի չի ունենա», քանի որ վրացական ընդդիմությունը «արդեն գիտի, թե Ռուսաստանը ինչպես է գործում»։

Ե՞րբ գործի կդրվի Սաակաշվիլիի «ավատարը» և «նրան» ինչպե՞ս կընդունեն Վրաստանի քաղաքացիները, հայտնի չէ։ Ավելի քան տասը տարի «Վրացական երազանքը» նրա շուրջ ձևավորել է Ռուսաստանի «դեմ պատերազմ հրահրողի և Աբխազիան ու Հարավային Օսեթիան հանձնողի» կերպար։ Խորհրդարանական վերջին ընտրությունները բացահայտել են, որ վրացական ընդդիմությունը միասնական չէ։

Նոր ընտրություններին մնացել է երկու տարի։ Վրաստանի ընտրությունը սկզբունքային նշանակություն ունի Հայաստանի և ամբողջ Հարավային Կովկասի համար։ Պետք է հուսալ, որ հարևան երկիրը կհաղթահարի ներքին դիմակայության մարտահրավերը։