Օգոստոսի 1-ը օպերային երգչուհի, սոպրանո Արաքս Մանսուրյանի ծննդյան օրն է։
Օպերային երգչուհի, սոպրանո Արաքս Մանսուրյանը ծնվել է 1946 թվականի օգոստոսի 1-ին Բեյրութում:
Սովորել է Ռոմանոս Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանում, 1977 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան։
1977-1992 թվականներին եղել է Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի:
1992 թվականին հրավիրվել է Սիդնեյի Opera Hause՝ որպես մեներգչուհի, որտեղ և շարունակում է իր մասնագիտական ու մանկավարժական գործունեությունը:
Նա դասավանդում է Սիդնեյի կոնսերվատորիայում՝ ներկայացնելով հայկական երգարվեստը։ Նրա շնորհիվ բազմաթիվ օտարազգի երիտասարդ երգիչների երկացանկերում տեղ են գտել Կոմիտասի, Կանաչյանի, Մելիքյանի, Սպենդիարյանի և այլ հայ կոմպոզիտորների ստեղծագործություններ։
Ձայնի գեղեցիկ տեմբրի, դիապազոնի և երաժշտաբեմական տվյալների շնորհիվ Արաքս Մանսուրյանի երկացանկում ընդգրկված են հայկական, ռուսական և արևմտաեվրոպական օպերայի ամենաբարդ ստեղծագործությունները, ինչպես օրինակ՝ Էլիզաբեթը («Դոն Կարլոս» օպերայից), Նեդդան («Պայացներից»), Լեոնորան («Տրուբադուրից»), Աիդան («Աիդայից»), Ամելիան («Դիմակահանդեսից»), Իզոլդան («Տրիստան և Իզոլդայից»), Շուշանը («Դավիթ-Բեկից»), Անուշը («Անուշ» օպերայից)։
2015 թվականին Արաքս Մանսուրյանը պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:
Արաքս Մանսուրյանի անունը սերտորեն կապված է հայկական օպերային արվեստի լավագույն ավանդույթների պահպանման, զարգացման և միջազգային ճանաչման հետ։ Տարիներ շարունակ նա արժանապատվորեն ներկայացրել է հայկական երգարվեստը թե՛ հայրենիքում, թե՛ աշխարհի հեղինակավոր բեմերում:
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը ջերմորեն շնորհավորել է անվանի երգչուհուն և մաղթել ստեղծագործական նորանոր հաջողություններ, հավատարիմ հանդիսատես և լեփ-լեցուն դահլիճներ:



Բաց մի թողեք
Վալենտին Պոդպոմոգով․ հայկական անիմացիայի հիմնադիրներից մեկը. Լուսանկար
Երբ տան պատերը դառնում են լռության վկաներ․ Ֆեդերիկո Գարսիա Լորկայի «Բեռնարդա Ալբայի տունը»՝ Սունդուկյանի թատրոնի բեմում. Լուսանկարներ
Օսիպ Մանդելշտամ՝ «Ճամփորդություն դեպի Հայաստան»