03/08/2026

EU – Armenia

ՖԻՖԱ-ի նախագահը դիմում է Թրամփի վարչակազմի օգնությանը՝ իր պաշտոնը պահպանելու համար․ NYP

ՖԻՖԱ-ի նախագահ Ջանի Ինֆանտինոն դիմում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի օգնությանը՝ իր պաշտոնը պահպանելու համար:

Օգոստոսի 3-ին ֆուտբոլային պաշտոնյան հանդիպում կունենա պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ, հաղորդել է «New York Post»-ը՝ հղում անելով աղբյուրներին:

«Նա ցանկանում էր կապ հաստատել պետքարտուղարի հետ և խոսել այն մասին, թե ինչպես կարող է ֆուտբոլը դառնալ Ամերիկայի մեղմ ուժի մի մասը: Սակայն մենք բոլորս գիտենք, որ խոսքը աշխատանքից ազատումից պաշտպանության մասին է: Այս փուլում այլ քննարկում չի կարող լինել», – հրատարակությանը հայտնել է աղբյուրներից մեկը:

Ըստ թերթի՝ սկանդալի ֆոնին ՖԻՖԱ-ի նախագահը բազմիցս փորձել է հեռախոսով կապ հաստատել Թրամփի հետ: Ինֆանտինոն քննադատության է ենթարկվել այն բանից հետո, երբ առաջարկել է վաճառել Աշխարհի առաջնության իրավունքի բաժնեմասը մասնավոր ներդրողներին: Ավելի ուշ նա հրաժարվել է այդ գաղափարից:

Ծրագիրը ենթադրում էր ստեղծել ընկերություն, որը կվերահսկեր ՖԻՖԱ-ի տղամարդկանց և կանանց հիմնական մրցաշարերը: Ինֆանտինոն նշել էր, որ «FIFA Forward Enterprise»-ի ստեղծումը կբարձրացնի ՖԻՖԱ-ի անդամ ասոցիացիաների եկամուտները և կնպաստի ֆուտբոլի զարգացմանը ամբողջ աշխարհում: Ֆուտբոլի միջազգային ֆեդերացիան (ՖԻՖԱ) հայտարարել է, որ այս ծրագիրը կարող էր հավաքել 4.2 միլիարդ դոլար: Նախաձեռնությունը լայնորեն քննադատության է ենթարկվել և դատապարտվել պաշտոնյաների, ֆեդերացիաների և այլ կազմակերպությունների կողմից։