Հակոբ Կոջոյանի անվան կրթահամալիրի արդեն նախկին տնօրեն Ռուզաննա Երեմյանը, որ վերջին տարիներին հանդես է գալիս ամենասրսուռ ՔՊ-ականի կարգավիճակում եւ պարտաճանաչորեն մասնակցում էր անգամ Փաշինյանի մասնակցությամբ հակականոնական պատարագներին, կրթօջախի ղեկավարի պաշտոնը ստորադասել է պատգամավորական մանդատին եւ այժմ իշխանական 64 հոգանոց ֆրակցիայում իր պատվավոր տեղն է զբաղեցնում։
Հրապարակ թերթը զրուցել է Ռուզաննա Երեմյանի հետ։
– Մի կողմից սպասելի էր, որ եկաք խորհրդարան, որովհետեւ վերջերս աննախադեպ ակտիվ քաղաքական գործունեություն էիք ծավալում, ընդ որում՝ ասում էին՝ նաեւ Ձեր ղեկավարած կրթօջախում: Մյուս կողմից զարմանալի է, որ կրթահամալիրի տնօրենի անկախ ու պատվաբեր պաշտոնը փոխարինեցիք պատգամավորական մանդատով։ Ինչո՞ւ նման որոշում կայացրիք։
– Այո, ես նոր չեմ քաղաքականության մեջ, տեւական ժամանակ է՝ քաղաքականության մեջ եմ եւ զբաղվում եմ քաղաքականությամբ։
– Բայց Ձեր ակտիվությունը նկատելի դարձավ հակաեկեղեցական շարժման ընթացքում․․․
– 2021 թվականին նույնպես եղել եմ պատգամավորության թեկնածու, 2023 թվականին եղել եմ Երեւանի ավագանու անդամության թեկնածու` 15-րդ համարն եմ եղել, հետո ինքնաբացարկ եմ ներկայացրել, հիմա ԱԺ պատգամավոր եմ։
– Ձեր թիմից պարբերաբար թմբկահարում են քաղաքականության եւ կրթության անհամատեղելիության մասին, նախկիններին էին քննադատում, Դուք այս ամենի վառ օրինակը չե՞ք արդյոք։
– Բնավ, այո, քաղաքականությունն ու կրթությունն անհամատեղելի են, ուսումնական հաստատությունում կարող է լինել միայն կրթական քաղաքականություն, ինչին ես եղել եմ հավատարիմ եւ ինչի կրողը ես եմ եղել։
– Դուք կրթօջախում պարտադրել եք Ձեր քաղաքական հայացքները կամ առնվազն լոբբինգ եք արել ՔՊ-ի համար, եւ այդ մասին բազում տեղեկություններ կան։
– Երբեք, անկեղծ ասած, այդ շշուկներն ինձ ոչինչ չեն տալիս եւ չեն տալիս հասարակության այն անդամներին, ովքեր եղել են կրթահամալիրի շահառուներ, որոնց երեխաները սովորել են տարիներ առաջ, որոնց հետ շփումը կա մինչեւ այսօր, եւ պիտի ասեմ, որ այս պահին դատական կարգով վիճարկում եմ այդ տեղեկությունները, դիմել եմ դատարան, որպեսզի հիշյալ լուրը տարածողները նաեւ պատասխանատվություն կրեն նման հերյուրանքներ տարածելու համար։
– Կոնկրետ ո՞ւմ դեմ եք դատարան դիմել։
– Չեմ ուզում կոնկրետ ասել։
– Մեծ հաշվով, սերունդ կրթելն ավելի պատվաբեր աշխատանք չէ՞ր, քան Նիկոլ Փաշինյանի թիմի պատգամավոր աշխատելը, հատկապես որ Ձեր թիմակիցներն են պատգամավորներին «ուսապարկ» հայտնի բնորոշումը տվել։ Ինչո՞ւ նախընտրեցիք պատգամավորի կարգավիճակը, ի՞նչ եք ուզում փոխել օրենսդիր գործունեությամբ։
– Ես պիտի Ձեզ խնդրեմ, որ Դուք հարգալից խոսեք Հայաստանի Հանրապետության իներորդ գումարման Ազգային ժողովի բոլոր պատգամավորների մասին եւ նման որակումներ չտաք։
– Այդ որակումներն իմը չեն, Ձեր թիմակից, եթե չեմ սխալվում, Վահագն Ալեքսանյանի բնորոշումն է, իրենից է պետք հարգանք պահանջել։
– Ես հիմա Ձեզ եմ ասում, որովհետեւ Դուք այդ որակումը հնչեցրիք, լինենք հարգալից, որովհետեւ ԱԺ պատգամավորը պարզապես կոչում չէ, դա պարտավորություն է, եւ այստեղ, կարծում եմ, հավաքված են արժանապատիվ քաղաքացիներ եւ քաղաքական գործիչներ։ Ինչ վերաբերում է իմ՝ քաղաքականությունն ընտրելուն, պիտի ասեմ, որ, այո, ընտրել եմ քաղաքականությունը, որովհետեւ երկար տարիներ դրա մեջ եփվել եմ, ապրել, աշխատել, ամեն ինչ արել եմ, որ կրթությունն ու քաղաքականությունն անջատված լինեն, հիմա էլ եկել եմ օրենսդիրի մակարդակում աջակցելու, օգնելու այդ գաղափարների ետեւից գնալու։
– Ի՞նչն եք փոխելու, օրինակ։
– Ես ֆրակցիայում ոչինչ չեմ փոխելու, պատգամավորի աշխատանքը ոչ թե թիմում բան փոխելն է, այլ՝ ոլորտում, ես անելու եմ իմ բաժին աշխատանքը, եւ կտեսնեք։
– Դուք հարգանք եք պահանջում ինձնից, իսկ հարգալի՞ց է, օրինակ, Նիկոլ Փաշինյանի՝ պատգամավորների նկատմամբ վերաբերմունքը, երբ առաջնային մանդատ ունեցող օրենսդիրին կարող է մեկ հաղորդագրությամբ պարտադրել հրաժարվել մանդատից։
– Ես պիտի խնդրեմ, որ․․․ Դուք հիմա ուզում եք մտնել ներկուսակցական տիրույթ, որին ես չեմ պատասխանելու, ես ունեմ իմ դիրքորոշումը։ Խնդրում եմ կրկին` կոռեկտ լինենք իմ եւ գործընկերներիս նկատմամբ։
– Այդ կոռեկտությունը գուցե պահանջեք Փաշինյանի՞ց։
– Հանրապետության վարչապետի արարքների գնահատականը ո՛չ ես, ո՛չ էլ որեւէ մեկն այս պահին քննարկելու կարիք չունենք, ՀՀ քաղաքացին հունիսի 7-ին գնացել է ընտրատեղամաս եւ ընտրել ՀՀ վարչապետին, ձեւավորել իշխանություն, եւ կարծում եմ՝ ՀՀ քաղաքացին ունի վստահություն պետության ղեկավարի նկատմամբ։
– Քաղաքացին ընտրել է քաղաքական ուժին, որ դուք ձեր ազատությունը զոհաբերեք, եւ ինչ պահանջում են, կատարե՞ք։
– Ես հիմա էլ եմ ազատ եւ միշտ լինելու եմ ազատ, ազատությունը մարդու ներսից է։
– Այսինքն, չե՞ք ենթարկվելու sms-ային հրահանգներին։
– Ի՞նչ է նշանակում չենթարկվել․․․ ես Ձեր գնահատականների հետ համաձայն չեմ, կներեք, ես հանգստի իրավունք ունեմ, մտնում եմ սենյակ՝ հանգստանալու։

Բաց մի թողեք
Ե՞րբ է «հարստացել» Քոչարյանի ընտանիքը․ Լևոն Քոչարյանը պարզաբանեց. Տեսանյութ
Հոգեկան առողջության կենտրոններում հերթե՞ր են
Երբ է լրանում ռեկտորի պաշտոնավարման ժամկետը, ովքեր են թեկնածուները