Ես մարդկայնորեն հասկանում եմ այն տղաներին ու աղջիկներին, որոնք 18-ից հետո պաշտոններ են ստացել կամ պատգամավոր դարձել և դրա արդյունքում ոչ միայն սկսել են թանկ հագուստ կրել ու որակյալ սնունդ ընդունել, այլև լավացել է նրանց մաշկի գույնը, աչքերը սկսել են փայլել, ձայնը սկսել է ավելի ինքնավստահ հնչել, ինտելիգենտ տեսք են ստացել (դա դժվար չէ արձանագրել, եթե համեմատեք նրանց до и после լուսանկարները):
Հրապարակ թերթը գրել է. Բնական է, որ ոչ մեկը չի ուզենա վերադառնալ նախկին չարքաշ կյանքին, երբ ստիպված էին իրենք իրենց հացը վաստակել, այլ ոչ թե բյուջեից անաշխատ թվանոց աշխատավարձեր ստանալ: Իսկ որպեսզի պահպանեն այդ կարգավիճակն ու շարունակեն անդարդ ապրել, պետք է ոչ թե ծառայեն ժողովրդին, որի վճարած հարկերից սնվում են, ոչ թե պետությանը, որի պաշտոնյան են իրենք, այլ իրենց պատգամավոր ու պաշտոնյա սարքող անձին, որը բոլորովին այլ պահանջներ է նրանց առաջ դնում…
Եվ դա է պատճառը, որ 3 օր է խորհրդարանի դահլիճում ամեն ինչի մասին խոսում են, բացի երկրի խնդիրները:
Ահա այս մեկը հեգնում է ընդդիմադիր խմբակցության առաջնորդին, թե` ի՞նչ եղան անձնագրերդ ու 4 պետության քաղաքացիություններդ, կարո՞ղ է հիմա էլ Ռուսաստանի ընտրություններին մասնակցես: Մյուսը հարցնում է` կառավարության նիստեր էլ չե՞ք անում: Հաջորդը հարց է տալիս` իսկ քանի՞ քառակուսի կիլոմետր է Հայաստանի Հանրապետությունը: Կարծես թե իրենք այդ ծեծված թվից բացի որևէ այլ տարածք ու սահման կարող են հիշատակել: Անգամ Տիգրանաշենի մասին հարցին այդպես էլ չպատասխանեցին…
Այս մյուսի հռետորաբանությունն էլ իրեն տարել հասցրել է պատմական անցյալ` թշնամու շահերի պաշտպանությամբ այնքան է տարվել, որ պատրաստ է անգամ մեր պատմությունը խեղաթյուրել` հօգուտ վրացիների, թե` Լոռին ու Տաշիրը վրացական են եղել:
Պարզ է, որ ոչ չափի զգացում ունեն, ոչ իրենց պաշտոնից բխող պատասխանատվության գիտակցում, ոչ իրենց խոսքը կշռելու ունակություն: Բան ա` ասում են էլի, կանցնի` կանցնի, չի անցնի` չի անցնի…«չիլնի` չիլնի»…
Որ էդքան բան ասել են ու չի եղել, էդքան խոստում տվել են ու դրժել, էդքան վնաս հասցրել հայ ժողովրդին` ի՞նչ է եղել…ոչ մի բան…Կարողացել են, չէ՞ զոռբայությամբ ու ապօրինություններով էս անգամ էլ իշխանություն զավթել: Ահա այսօր անգամ Ուզբեկստանի ու Չինաստանի ղեկավարները շնորհավորեցին Փաշինյանին` ընտրվելու կապակցությամբ…
Բայց եկեք էլի լսենք մազերը ֆենած, սիրուն մակիյաժ արած, թանկ կոստյումներ հագած այս տղաներին ու աղջիկներին: Ուրեմն փոխանակ ընդդիմադիրներն ամեն օր իրենց ասեն` ձեր քթից ենք բերելու, շարունակ հիշեցնելու ենք, որ ձեր իշխանության ժամանակ հազարներով հայ երիտասարդներ են զոհվել, հազարավոր ընտանիքներ դժբախտացել, հազարավոր մանուկներ որբացել, իրենք են սպառնում` «ձեր քթից ենք բերելու 300 հազար ադրբեջանցիներին, հատ հատ ու յուրաքանչյուրիցդ»:
Ուրեմն այդքան արյուն ու արցունք բերած իշխանության ներկայացուցիչներն են պահանջում ընդդիմադիր ուժից` ներողություն խնդրել իրենց անդամներից մեկի մի անզգույշ արտահայտության համար, թե` թշնամու առաջ ականազերծում անող, մեր պետության դարպասները բացող սակրավորները ողջ չպիտի նման…
Մեկը պարբերականն է շփոթում շրջաբերականի հետ, մյուսը հայտարարում է` «այո, քաղաքական վենդետա լինելու է»: Իսկ վենդետան պատիժը չի, արդարադատությունը չի, այլ «արյան վրեժն» է, որը կիրառվել է միջնադարում և ոչ մի կապ չունի իրավական գործընթացների ու արդարության հետ, դա թշնամիներին ոչնչացնելու պրոցեսն է` առանց դատ ու դատաստանի` արյունահեղության ճանապարհով: Հետո պարզվում է` ոչ միայն վենդետա, այլև «սուս» բառն էլ է պատգամավորին անհայտ, ասում է` թուրքերեն բառ է, մի օգտագործեք: Իսկ 10 հազար դոլար աշխատավարձը` ժամանակին սուրճ հյուրասիրելու փող չունեցող այս տղաների համար արդեն ցածր աշխատավարձ է…
Եվ ամեն ինչ կրկին հանգում է փողին, շահին, պետության հաշվին լավ ապրելու ցանկությանը, որի համար հարկավոր է թշնամու շահերը սպասարկել, առաջնորդի հակահայկական հայտարարություններն արդարացնել և ընդդիմությանը ճզմել, որ հազիվ հասցնեն հարվածները հետ մղել, ժամանակ չունենան, չհամարձակվեն ժողովրդին հանել փողոց, կազմակերպել, տանել պայքարի…
Որ այս անթասիբ, անհեռանկար, դատապարտված ընթացքը շարունակվի…

Բաց մի թողեք
Հոգեկան առողջության կենտրոններում հերթե՞ր են
Երբ է լրանում ռեկտորի պաշտոնավարման ժամկետը, ովքեր են թեկնածուները
Նույն Նիկոլը՝ նույն ԱԺ-ն