05/08/2026

EU – Armenia

Հովհաննես Այվազովսկին եւ Ալեքսանդր Պուշկինի այրին․ էջեր անցյալից

1846 թվականի սեպտեմբերին Իվան (Հովհաննես) Կոնստանտինովիչ Այվազովսկին այցելում է Սանկտ Պետերբուրգ։ Այստեղ նա զբաղվում է անհատական ցուցահանդեսի նախապատրաստություններով, կատարում այցելություններ, մասնակցում բարձրաշխարհիկ սալոնների երեկույթներին։

Պետերբուրգում էլ դիմավորում է նոր տարին։ 1847 թվականի հունվարի 1-ին Այվազովսկին այցելում է Նատալյա Նիկոլաեւնա Գոնչարովային (Լանսկայա)։ Դա պարզապես քաղաքավարական այց չէր, այլ երկու մտերիմ մարդկանց բարեկամական հանդիպում, որոնք լավ էին հասկանում միմյանց։ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիայի ուսանող եղած ժամանակ՝ 1836 թվականի աշնանը՝ ակադեմիայի ամենամյա աշնանային ցուցադրությունների ժամանակ, Իվան Այվազովսկին ներկայացվում է Ալեքսանդր Սերգեեւիչ Պուշկինին եւ նրա կնոջը։

Պուշկինին դուր են գալիս երիտասարդ նկարչի կտավները։ Նա դրվատում է Այվազովսկուն եւ լավ ընդունելություն ցույց տալիս նրան։ Նատալյա Գոնչարովայի եւ Իվան Այվազովսկու ջերմ հարաբերությունները պահպանվում են նաեւ Ալեքսանդր Պուշկինի մահից հետո։ Եվ նոր տարվա գալստյան պատվին՝ Այվազովսկին Նատալյա Գոնչարովային է նվիրում «Լուսնկա գիշերը՝ ծովեզերքին․ Կոստանդնուպոլիս» կտավը, որն ուղեկցված էր նրա նրբաճաշակ մեկնաբանություններով։

Նատալյա Գոնչարովան հայտնի էր որպես կերպարվեստի նրբաճաշակ գիտակ։ Մեծանուն ծովանկարչից նա երախտագիտությամբ է ընդունում կտավը։ 1847 թվականով թվագրված կտավը մինչեւ 1967 թվականը պահպանվում է Ե․ Ն․ Տոբոլսկու հավաքածուի մեջ։ Կտավի դարձերեսին կա գրություն․ «Հիշատակ Նատ․ Լանսկայային՝ Այվազովսկուց։ 1 հունվար, 1847 թվական։ Սանկտ Պետերբուրգ»։ Առասպելն ասում է, որ կտավի բնօրինակը 1866-80 թթ․ պահվել է Լոպասնե-Զաչատեւսկում գտնվող կալվածատիրական տանը։

Պետերբուրգում Այվազովսկու հետագա գտնվելը կապված էր անհատական ցուցահանդեսի նախապատրաստությունների հետ։ Արդեն փետրվարի կեսերին նա 12 կտավ է պատրաստում։ Մնացածը որոշում է վերցնել Ձմեռային պալատի հավաքածուից։ Ի դեպ, այդ ժամանակներում Ռուսաստանում ընդունված չէին անհատական ցուցահանդեսները, եւ Այվազովսկին մեծ աղմուկ ու հիացմունք առաջացրեց բարձրաշխարհիկ հասարակության մեջ։ Թեեւ եղան նաեւ քննադատություններ։ Նրան նախանձողներն ասում էին, թե Այվազովսկին չափից դուրս «բեղուն վրձին» ունի եւ մտադիր է հեղեղել ակադեմիան իր ծովանկարներով։ Ցուցահանդեսը, ի դեպ, տեղի է ունենում։ Բացումը լինում է փետրվարի 26-ին։ Ակադեմիայի երկու սրահներում ներկայացվում են Այվազովսկու 20 կտավները։