ՀՀ կառավարությունը 2026 թվականի օգոստոսի 6-ի նիստում հավանություն է տվել օրենսդրական նախագծին, որով նախատեսվում է փոխել երեք նախարարությունների անվանումները։
Հրապարակ թերթը գրել է․ Հայտարարվում է, որ փոփոխությունների նպատակը պետական գերատեսչությունների անուններն ու գործառույթները համապատասխանեցնելն է արդի մարտահրավերներին եւ պետության առաջնահերթություններին:
Բարձրտեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը կդառնա բարձրտեխնոլոգիական արդյունաբերության եւ արհեստական բանականության նախարարություն՝ շեշտադրելով ԱԲ ոլորտը, որն առաջնահերթություն է ամբողջ աշխարհում: Սա ինչ-որ տեղ հասկանալի է:
Արտաքին գործերի նախարարությունը դառնում է արտաքին գործերի եւ միջազգային առեւտրի նախարարություն: Համարվում է, որ այժմ միջազգային առեւտուրը՝ Թրիփփ, դեպի Եվրոպա վերակողմնորոշում, փոխկապակցված է արտաքին գործերի հետ: «Մեր արտաքին քաղաքականության ոլորտում ավելի մեծացավ տնտեսական կոմպոնենտը, որը հեռանկարում կբերի Հայաստանի Հանրապետությունում բարեկեցության աճի բարձրացման»,- իշխանական ալիքին ասել է ԱԳՆ գլխավոր քարտուղար Դավիթ Կարապետյանը:
Բարեկեցությունից խոսելու առիթ ունեն նաեւ սոցապնախարարության պաշտոնյաները, քանի որ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը վերանվանվում է աշխատանքի եւ բարեկեցության նախարարության: Սոցիալական բառն ընդհանրապես հանում են, հավանաբար այն պատճառով, որ այն այլեւս պետության առաջնահերթություն չէ, եւ պատրանք են ստեղծում, թե Հայաստանում էլ ոչ մի աղքատ, սոցիալապես անապահով մարդ չկա: Ինչպես հայտնի է, ո՛չ Փաշինյանն է սիրում աղքատներին՝ համարելով, որ աղքատությունը մարդկանց գլխում է միայն, ո՛չ էլ նախարար Արսեն Թորոսյանը, որը ՀՀ պատմության մեջ եղած սոցապնախարարներից առաջինն էր բարձրաձայնել, որ թոշակառուները «բեռ են դառնում աշխատողների համար»։
Այս գերատեսչությունը տարիներ շարունակ տարբեր, հիմնականում շատ երկար անվանումներ է ունեցել՝ աշխատանքի եւ խնամատարության, սոցիալական ապահովության, վերաբնակեցման ու փախստականների հարցերից մինչեւ զբաղվածության բաղադրիչ։ Բայց սոցիալական կոմպոնենտը միշտ է ընդգծվել այդ անվանումներում` եղել է առանցքային:
Հիմա այն փոխարինվում է վերացական «բարեկեցություն» հասկացությամբ։ Ստացվում է, որ որքան ավելի է խորանում աղքատությունը, որքան ավելի աղետալի են թռչում գները խանութներում, այնքան ավելի «բարեկեցիկ» է դառնում մեր կյանքը՝ կառավարության թղթերի վրա։ Ըստ երեւույթին, գործում է «ինչքան վատ՝ այնքան լավ» սկզբունքը. եթե խնդիրը չես կարողանում լուծել, պարզապես ջնջիր դրա անունը։
Արդյո՞ք նախարարության ցուցանակը փոխելով փոխվում է դրա գործառնական արդյունավետությունը։
«Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր ու նախագահ, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախկին նախարար Մանե Թանդիլյանը կարծում է, որ այդպես կլիներ, եթե ծառայությունների նոր փաթեթեր իրականացվեին, եթե բովանդակային առումով նոր խնդիրներ դրվեին ու դրանց լուծումները տրվեին, բայց այս դեպքում գործառույթների փոփոխություն չկա: «Ուղղակի փորձում են թրենդների մեջ լինել: Քանի որ իշխանությունը միտված է ցուցադրելու, թե իբր երկրում ամեն ինչ լավ է»:
Նա կարծում է, որ աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարությունը պետք է զբաղված լինի խոցելի խմբերի սոցիալական պաշտպանությամբ, եւ այդ տրամաբանությունը պետք է լինի անվանման մեջ: «Եթե այլեւս չի պաշտպանում սոցիալապես խոցելի խմբերին, ուրեմն դա կառավարության քաղաքականությունն է: Ինչ վերաբերում է «սոցիալական ապահովություն» բառը «բարեկեցությամբ» փոխարինելուն, առնվազն պարկեշտ կլիներ առաջին հերթին մտածել ծայրահեղ աղքատության վերացումից հետո գոնե դա անել՝ հաշվի առնելով, որ երկրում կան ծայրահեղ աղքատ քաղաքացիներ, որոնց մեջ մեծ տոկոս են կազմում երեխաները»: Ո՞ւմ կյանքն է ավելի բարեկեցիկ դառնում: «Միգուցե, իրենց եւ իրենց մերձավորների կյա՞նքն է ավելի բարեկեցիկ, եւ կարող են ըստ այդմ անվանափոխել, իսկ նախարարությունը պետք է կոչված լինի սոցիալական անվտանգություն ապահովելուն, որ մարդիկ, երբ որ կհայտնվեն ինչ-որ սոցիալապես խոցելի իրավիճակում, պաշտպանություն կարողանան ստանալ պետական կառույցից: Հարցը բարեկեցության մասին չէ, մարդը պետք է իր բարեկեցությամբ զբաղվի: Իսկ բարեկեցիկ ասվածը յուրաքանչյուր մարդու համար տարբեր է: Քանի դեռ ծայրահեղ աղքատ մարդիկ կան, ի՞նչ բարեկեցության մասին է խոսքը»:
ՀԳ. Իշխանական բլեֆը բացահայտում է պաշտոնական վիճակագրությունը։ Մինչ նախարարի խորհրդական Ռոզա Բաբայանը Հանրային հեռուստաընկերության եթերից հպարտորեն հայտարարում է, թե «այս փոփոխությունը նոր արժեքային համակարգ է ստեղծում» եւ կառույցը խնդիրներին արձագանքողից վերածում է «հնարավորություններ ստեղծողի», իրական պատկերը մնում է սթափեցնող։ Հայաստանում աղքատության մակարդակը կազմում է 21.7%։ Սա նշանակում է, որ երկրի յուրաքանչյուր հինգերորդ քաղաքացին պաշտոնապես աղքատ է։ Այս ֆոնին, սոցիալական աջակցության համակարգերը կատարելագործելու փոխարեն, իշխանությունը զբաղված է բառախաղերով՝ փորձելով աղքատության ծանր բեռը թաքցնել «բարեկեցություն» շղարշի հետեւում։

Բաց մի թողեք
Առուշի գործը հայտնվել է իշխանության «սրտի դատավորի» մոտ. Լուսանկար
Մոսկվան սկսեց կոշտ սանկցիաները հայ միգրանտների նկատմամբ
500 հազար խոպանչիների վերադարձի սարսափը պատել է իշխող թիմին