17/08/2026

EU – Armenia

«Զգուշացեք, հայկական ցունամին մոտենում» է

Ազգային ժողովի «Հայաստան» դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը, քննադատելով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցում իշխանությունների քաղաքականությունը, հիշեցրել է 2000-ականների «հաղթարշավը», որը թուրք հայտնի «հրապարակախոս, լրագրող Մեհմետ Ալի Բիրանդը անվանել է «հայկական ցունամի»»։

Բիրանդի հոդվածը, որ վերնագրված է «Զգուշացեք, հայկական ցունամին մոտենում» է, Milliyet-ի կայքում հրապարակվել է 2005թ․ հունվարի 3-ին։

«Մենք կարող ենք հայտնվել անկառավարելի իրավիճակում։ Դա կապված է նրա հետ, որ 2005թ․ ապրիլի 24 -ին նշվում է 1915թ․ ապրիլի 24-ի 90-րդ տարեդարձը, խորհրդանշական տարեդարձ, երբ հայերը հայտարարում են ցեղասպանության մասին»,- գրել է Բիրանդը և պարզաբանել, որ «բավական է կարճատև ճամփորդություն կատարել հատկապես արևմտյան աշխարհում և պատահած մարդուն հարցնել, 90 տոկոսը կասի, որ հայերը թուրքերի կողմից ցեղասպանության են ենթարկվել, ուստի հայերը չեն ուզում այդ տարին բաց թողնել»։

Թուրք լրագրողը համոզված է եղել, որ «հայկական սփյուռքը 1915 թ․ իրադարձությունների 90-ամյակի համատեքստում մասշտաբայային արշավ է պատրաստում» և ենթադրել, որ «նրանք գաղտնի աշխատում են, որպեսզի ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան ցեղասպանության մասին բանաձև ընդունի»։

Այդ ընթացքը կանխելու համար նա Թուրքիայի իշխանություններին խորհուրդ է տվել հրաժարվել «մենք ցեղասպանություն չենք կատարել» դիրքորոշումից և նախաձեռնել «ՄԱԿ-ի հովանու ներքո միջազգային հետաքննություն»։

2005թ․-ին, ինչպես բաց աղբյուրներն են փաստում, միջազգային մակարդակով Հայոց ցեղասպանության ճանաչման «ցունամի», ցավոք, տեղի չի ունեցել։ Այդ տարվա ապրիլինին Թուրքիայի վարչապետ Էրդողանը Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանին նամակ է հղել և առաջարկել, որ «1915թ․ իրադարձությունները ուսումնասիրելու համար ստեղծվի պատմաբանների համատեղ հանձնաժողով»։

Քոչարյանը Էրդողանին պատասխանել է 2005թ․ 25-ին և ասել, որ «պետությունների միջև հարաբերությունների զարգացումը կառավարությունների պարտականությունն է, ոչ թե պատմաբանների»։

Փաստացի Թուրքիայի իշխանությունը Հայոց ցեղասպանությունը «հետաքննության առարկա դարձնելու» մասին Մեհմետ Ալի Բիրանդի գաղափարը ընդունել է, բայց խնդիրը իջեցրել հայ և թուրք պատմաբանների «հանձնաժողով ստեղծելու մակարդակի» և ստացել Հայաստանի նախագահի մերժումը։

Բիրանդը վստահ էր, որ «հայերը միջազգային որևէ աշխատանքի չեն մասնակցի»։ Իսկ թե ինչո՞ւ ՄԱԿ-ի Գլծավոր ասամբլեայում Հայոց ցեղասպանության ճանաչման բանաձև անգամ չի քննարկվել, ինչից, իրոք, թուրք լրագրողը խոր անհանգստություն է ունեցել, այլ հարց է, որի պատասխանը պետք է տան ցեղասպանության միջազգային ճանաչումը Հայաստանի արտաքին քաղաքականության առաջնահերթություն սահմանած՝ նախկին իշխանությունները։