18/08/2026

EU – Armenia

Թեհրանի «հարավկովկասյան արժեթղթերի գինը կբարձրացնեն»

ԱՄՆ-Իրան հրադադարի վերջնաժամկետը լրացել է։ Նախօրեին Իրանի խորհրդարանի նախագահ Մոհամեդ Բաղեր Ղաիբաֆը հայտարարել է․ «Ի սրտե ասում եմ, մենք իրականում ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքական առումով այդ պատերազմը շահել» ենք։ Ղալիբաֆը, սակայն, ընդգծել է, որ հաղթանակը կայանում է նրանում, որ «ԱՄՆ-ը և Իսրայելը իրենց առջև դրված ինը նպատակներից ոչ մեկին չեն հասել»։

The Wall Street Journal-ը, հիմք ընդունելով Ղալիբաֆի և իրանցի այլ պաշտոնյաների այդ գնահատականը, եզրակացրել է, որ Մոջթաբա Խամենեիի վերջին նշանակումները վկայում են, որ նա «Իրանը նախապատրաստում է երկարաժամկետ պատերազմի»։ Ռազմավարական հարցերով Ղալիբաֆի խորհրդական Մեհդի Մոհամադին ԱՄՆ-ի հետ բանակցությունների «փակուղի» գնահատել է որպես «փոթորիկից առաջ լռություն»։

Նա սոցցանցային գրառում է կատարել և հակամարտությունը անվանել «արյան վրեժի սերնդեսերունդ նախագիծ»՝ ի պատասխան պատերազմի առջին օրը Իրանի գերագույն հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի սպանության։ «Իրանը Թրամփի հետ չավարտված շատ գործեր ունի և պատրաստ է մեծ դիմակայության»,- ամփոփել է Մոհամադին, ում գրառումից մեջբերել է իսրայելական vesty-ն։

Համադրելով իրանական կողմից այս պահի դրությամբ հնչած տեսակետները, The Wall Street Journal-ը եզրահանգել է, որ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը «մշակել է հետագա էսկալացիայի նոր ծրագրեր»։ Ամերիկյան պարբերականի գնահատմամբ՝ դրանք «ներառնում են պրեվենտիվ հարվածները, Պարսից ծոցում մալուխային գծերի խաթարումները, Բահրեյնում և Քուվեյթում շիադավան համայնքների միջոցով քաղաքական անկարգությունների կազմակերպումը և անգամ Քուվեյթի դեմ ցամաքային ռազմագործողության իրականացումը»։

Մամուլի հրապարակումներում, իհարկե, չափազանցության տարրը մշտապես առկա է, ինչպես նաև՝ քաղաքական տրամադրվածությունը, բայց կոնկրետ այս դեպքում, երևի, պետք է ընդունել, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի համար Իրանի դեմ պատերազմը վերածվել է լրջագույն խնդրի։ Իրավիճակը զգայուն է նաև Հարավային Կովկասի երկրների համար։

Հայաստան-Ադրբեջան խաղաղ օրակարգի երաշխավորը Միացյալ Նահանգներն է, անձամբ նախագահ Թրամփը։ Իրանի ուղղությամբ նրա «վարկանիշային կորուստները», ամենայն հավանականությամբ, Թեհրանի «հարավկովկասյան արժեթղթերի գինը կբարձրացնեն»։