19/08/2026

EU – Armenia

Ուկրաինայի վերականգմանը Ալիևի մասնակցությունը

Ադրբեջանի դատախազությունը ՌԴ քաղաքացիներ Սեմյոն Ուրալովի, Իվան Կնյազևի և Ալեքսեյ Չադաևի դեմ քրեական գործ է հարուցել։ Նրանք մեղադրվում են «ահաբեկչության հրապարակային կոչերի», և «ազգամիջյան թշնամանք և ատելություն հրահրելու» մեջ։

Ադրբեջանի դատախազությունը հիմք է ընդունել հուլիսի 14 -ին և օգոստոսի 13-ին նշված անձանց կողմից հեռուստաբանավեճի ընթացքում հնչեցված մի շարք մտքեր։

Ի մասնավորի, Սեմյոն Ուրալովը հայտարարել է, որ Ռուսաստանի «իրավազորությունը տարածվում է ԽՍՀՄ-ում ծնված յուրաքանչյուր անձի վրա, անկախ այն բանից, որ նա ներկայումս Ադրբեջանի նախագահն» է։

Այդ կերպ, ամենայն հավանականությամբ, ռուսաստանցի լրագրողը հակադարձել է Իլհամ Ալիևին, որ ԽՍՀՄ կազմում Ադրբեջանի գոյությունը անվանել է «գաղութատիրության շրջան»։

Ադրբեջանական լրատվամիջոցների տարածած տեղեկատվությունից պարզ է դառնում, որ ռուսաստանցի լրագրողները անդրադարձել են նաև Ադրբեջանի ազգային փոքրամասնությունների խնդիրներին, նրանց նկատմամբ իշխանությունների մոտեցումները անվանել «ֆաշիզմ»։

Ուշագրավ է, որ նույն օրը սոցիալական մեդիայի ադրբեջանցի մի շարք օգտատերեր տեղեկություն են տարածել, որ Մոսկվայի «ադրբեջանական համայնքի ղեկավար Բախտիյար Հասանովը արտաքքսվել է Ադրբեջան»։

Հայտնի է դարձել, որ Հասանովը «անցյալ տարի զրկվել է ՌԴ քաղաքացիությունից, իրավապահ մարմինների կողմից ենթարկվել հետապնդումների, իսկ վերջին երկու ամիսներին գտնվել է արտաքսման ենթակա անձանց ժամանակավոր պահման կետերից մեկում»։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ քրեական հետապնդման ենթարկված Ալեքսեյ Չադաևը «հանդիսանում է ՌԴ տրանսպորտի նախարարի խորհրդականը և գործում է Ռուսաստանի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Կիրիենկոյի անմիջական ուղղորդմամբ»։

Որքանո՞վ է այդ տեղեկությունը հավաստի, պարզ չէ, բայց Չադաևի և մյուսների դեմ հարուցված քրեական գործը ակնհայտորեն վկայում է, որ ռուս-ադրբեջանական հարաբերություններում կրկին լարվածություն է։ Ամենայն հավանականությամբ, դա կապված է Ուկրաինայի հարցում Ադրբեջանի դիրքորոշման հետ։

Նույն օրը, երբ դատախազությունը ՌԴ երեք քաղաքացու նկատմամբ քրեական գործ է հարուցել, Իլհամ Ալիևը X հարթակում գրել է Ուկրաինայի նախկին նախագահ Յուշչենկոյին ընդունելու և հարաբերությունները զարգացնելու հեռանկարի շուրջ նրա հետ ունեցած քննարկումների մասին։

Ալիևը հայտնել է, որ արժանացել է «Իրպենի պատվավոր քաղաքացու» կոչման։ Իրպենը Կիևի մարզի շրջանային նշանակության քաղաք է, որ 2022թ․-ին Ռուսաստանի կողմից գրավվել է, ենթարկվել ավերածությունների, հետագայում ազատագրվել և հանդիսանում է վերականգնվող Ուկրաինայի խորհրդանիշը։

Իրպենի պատվավոր քաղաքացու կոչումը, այդպիսով, խորհրդանշում է Ուկրաինայի վերականգմանը Ալիևի մասնակցությունը։