18/11/2026

EU – Armenia

Սիրուն ուլիկ, ցինիկ գալյիկ¹

Նուբարաշենի (նախկին Սովետաշեն) ակադեմիական (արդարադատական թեքումով)` թատերասերների թեթեւ ձեռքով «կլորիկ» անվանված թատրոնում (շինության կառուցվածքի նմանությամբ), նոր Սահմանադրության ներկայացմանն ընդառաջ, որոշում կայացվեց բեմադրել Գրիմ եղբայրների «Գայլն ու յոթ ուլիկները» հեքիաթը։

Ռեժիսորը չէր կարողանում դերասանախմբից ընտրել ուլիկների դերակատարներին, քանի որ վատ սննդի, հակասանիտարական վիճակի եւ մշտական խոնավության պատճառով թատերախմբի անդամները տառապում էին թոքախտով (տուբերկուլյոզ) եւ հնարավորություն չունեին հաղթահարել տեքստը, քանի որ ամեն արտաբերած հնչյուն ավարտվում էր անդադար ջղաձիգ հազով եւ առատ, արյունախառը թքարտադրությամբ։

Մեր մեջ ասած, դա իհարկե լուրջ, ֆիզիոլոգիական պատճառ էր, բայց դերաբաշխումից հրաժարվելն ավելի խոր ու բովանդակային հիմքեր ուներ։ «Կլորիկ» թատրոնում պտտվում էր «հեղինակությունների» թողարկած մի շրջաբերական, որտեղ սեւով սպիտակի վրա գրված էր, որ յուրաքանչյուր թատերախմբի անդամ, ով կհամարձակվի մարմնավորել մայր այծի եւ անգամ կաթնակեր ուլիկների կերպարները (որոնք, բնականաբար, ապագայում այծ են դառնալու, առանց որեւիցե կասկածի) դերը, կենթարկվի հավերժական բանադրանքի, դրան հետեւող բոլոր այլատեսակ, հակաէսթետիկական հետեւանքներով։

Բայց խնդիրը դրված էր միանշանակ. ներկայացման վայրն ուներ խորհրդանշական նշանակություն, որպես նոր Սահմանադրության ոգեշնչման սիմվոլ։

Ելնելով ստեղծված իրավիճակից եւ այն հանգամանքից, որ «կլորիկ» թատրոնը եւ նոր Սահմանադրությունն ունեին մեկ ընդհանուր սկզբնաղբյուր, որը արդարադատներից արդարադատն էր եւ նաեւ հաշվի առնելով այն, որ նա ուներ բավականին հաճելի արտաքին, ընդ որում, հիմնական ոճային շեշտադրումը ուղղորդում էր դեպի 20-րդ դարի 20-30թթ. (հիշու՞մ եք համր ֆիլմերի կերպարներին) եւ հակասական բնավորություն, որն արտահայտվում էր մի ծայրահեղությունից կտրուկ անցումով մյուս ծայրահեղության, մեկ թեկնածուի քաստինգի արդյունքում, ռեժիսորը որոշում կայացրեց ընտրել հենց նրա թեկնածությունը, որպես բոլոր կերպարների մարմնավորման բազմադեմ դերակատարի։

Հաշվի առնելով վերջին հանգամանքը (լեզվաբանական տվայտանքները), որը կարող էր հանգեցնել անցանկալի հետեւանքների, ինչպես նաև համր կինոյի ժամանակներին հատուկ արտաքին տեսքն ու ոճը, ռեժիսորը որոշեց ռիսկի չդիմել եւ ներկայացումն ուղեկցել միայն երաժշտությամբ, բացառելով որեւէ տեքստային բաղադրիչ։ Դերասանուհին բավականին վարպետորեն տիրապետում էր ժեստերի լեզվին։ Հատկապես վառ էին ստացվում քամահրական, արհամարհական, զզվանքի եւ սեփական առավելության, ես կասեի` առաքելության ժեստերն ու միմիկայի դիմագծային ժլատ խաղերը։

Երաժշտության ընտրությունն էլ էր բարդ խնդիր։ Առաջին հայացքից բովանդակային առումով հարմար կլիներ «Black Sabbath»-ի, այսպես կոչված, «սատանայական» ռոքը, բայց ռեժիսորը լինելով «ճշմարիտ», ես կասեի` իրական թատրոնի հետեւորդ, հասկանում էր, որ այդ դեպքում կմեղանչի ժամանակագրության դեմ, քանի որ տվյալ ռոք խումբը «համր» կինոյի ավարտից տասնամյակներ անց էր ստեղծվել։

Երկար փնտրտուքներից հետո, ռեժիսորը կանգ առավ Ռիխարդ Վագների «Նիբելունգի մատանին» օպերայի «Վալկիրիա»² մասի վրա։ Ըստ փոքրաթիվ ներկաների վկայության, որոնց «բախտ» էր վիճակվել ներկա լինել պրեմիերային, մեկ դերասանի թատրոն-ներկայացումն այն աստիճանի ֆուրոր էր առաջացրել հանդիսատեսների մոտ, որ շատերի համար պահանջվել էր շտապ օգնության ծառայություն։ Երբ նույն դերասանը մե’կ գալյիկի բովանդակությամբ էր ներկայանում, իսկ հետո կտրուկ անցում էր կատարում ուլիկային ոճին, երբ ինքն իրեն խարակիրի³ էր անում, որպեսզի լույս աշխարհ բաց թողնի ուլիկներին, որոնց մինչ այդ կուլ էր տվել, «կլորիկ» թատրոնի հիվանդ դերասանները ծիծաղից ուղղակի սկսում էին այնպես հազալ ու շնչահեղձ լինել, որ գալարվում էին գետնին, մինչեւ որ նրանց մոտ շնչառության կանգ էր տեղի ունենում։

Իսկ թե նրանցից քանիսին մեր արդարադատներից արդարադատ Վալկիրիան տարավ իր Վալհալլան, հաշվի առնելով «կլորիկ» թատրոնի անմարդկային պայմանները` պատմությունը լռում է։

ՀԳ Հարց ռեժիսորին. Իսկ ի՞նչ կա Ռուբեն Վարդանյանից եւ մյուս գերիներից։
Կներեք, մոռացել էի, որ այդ հարցին ձեր պատասխանը «Համլետ» ողբերգությունից վերցրած մտքի վերջին մասն է. «Իսկ մնացյալը լռություն է»։ Եւ այդ ասում եք խորիմաստ տեսքով, ցուցամատը շրթունքներիդ դնելով։

1 հնչյունաբանական կազուս, նմանությամբ` լավ – լյավ, ալիեւ – ալյեւ, գայլիկ – գալյիկ

2 Վալկիրիա (հին իսլ.՝ valkyrja – «մահացածներին ընտրող»), սկանդինավյան դիցաբանության մեջ գեղեցիկ օրիորդ ռազմիկներ, ովքեր կատարում էին Օդինայի կամքը։ Նրանք աննկատ մասնակցում էին բոլոր ճակատամարտերին, տալով հաղթանակը նրան, ում ընտրում են իր աստվածները, իսկ հետո տանում են մահացած զինվորներին Վալհալլա` պալատ։

3 Խարակիրի (կամ պաշտոնական անվանմամբ՝ սեպպուկու — ճապ.՝ 切腹) միջնադարյան Ճապոնիայում սամուրայների պատվի օրենսգրքի (բուսիդոյի) մաս կազմող ծիսական ինքնասպանություն է (որովայնի կտրում)։

Աշոտ Նազարյան