19/08/2026

EU – Armenia

Թատրոն, որտեղ ոչ մի պետական չինովնիկ չի փորձի ինչ-որ բան ուղղել, ինչ-որ բան կառավարել

Հարցազրույց Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանի հետ

– Մի քանի շաբաթ առաջ տեղեկացանք, որ Ձեր թատրոնն եք ստեղծում: Ինչո՞ւ եւ ինչպե՞ս զգացիք դրա անհրաժեշտությունը:

– Ուղիղ 2 տարի առաջ Գալյա Նովենց թատերական դպրոցում ես հավաքեցի դերասանառեժիսորական կուրս: Երբ սկսեցինք դասընթացները, հասկացա, որ բավականին տաղանդավոր ու հեռանկարային երեխաներ են հավաքվել իմ շուրջը, եւ իմ մեջ վերածնվեց սեփական թատրոն ունենալու տասնյակ տարիների երազանքս: Ես դասընթացները սկսեցի տանել այդ հեռանկարով, այսինքն` ապագայում թատրոն ունենալու հեռանկարով: Արեցի ամեն ինչ, որպեսզի երիտասարդները մեծանան պրոֆեսիոնալ միջավայրում, հասկանան, ճանաչեն թատրոնը եւ ամենակարեւորը` սիրեն թատրոնը: Եվ արդյունքում մենք ունեցանք մոտ 4-5 ներկայացում: Եկավ նրանց ավարտելու, վկայականներ հանձնելու ժամանակը: Այդ փուլն ավարտեցինք եւ սկսեցինք ավելի լուրջ ու հետաքրքիր փուլ, դա նոր թատրոն ստեղծելու ճանապարհն է, որը մեզ համար նախագծել ենք:

– Ձեր թատրոնն ինչո՞վ է լինելու առանձնահատուկ եւ հետաքրքրական:

– Ես միշտ փորձել եմ ժամանակակից հետաքրքիր պիեսներ բեմադրել, եթե դրանք ի հայտ են գալիս: Դա դեռեւս գալիս է իմ ուսուցչի դաստիարակությունից: Ռուս մեծ բեմադրիչ Անդրեյ Գոնչարովը մեզ միշտ ասում էր, որ եթե ձեր ձեռքն ընկնի ժամանակակից հետաքրքիր պիես, բոլոր պլանները ծալեք, մի կողմ դրեք եւ սկսեք բեմադրել այդ պիեսը: Եվ, ահա, սեպտեմբերի 15-ին թատրոնը կբացվի: Կոչվում է Հայ եւ ռուս արդի դրամային թատրոն: Մենք հիմնականում կբեմադրենք հայ եւ ռուս դրամատուրգների ժամանակակից պիեսներ, որոնք կկազմեն խաղացանկի մոտ 80-90 տոկոսը:

– Ինչո՞ւ հատկապես հայ եւ ռուս թատրոն, ասենք` ոչ թե հայ եւ վրաց կամ հայ եւ ֆրանսիական:

– Որովհետեւ ես, որպես բեմադրիչ, դաստիարակվել եմ Ռուսաստանում: Ավարտել եմ Խորհրդային Միության գլխավոր թատերական բուհը: Կապերը մեծ են Ռուսաստանի հետ, եւ այնտեղ ես ունեմ հայտնի թատերական գործիչ ընկերներ, որոնց հետ կապը փորձում եմ ամեն կերպ պահպանել՝ անկախ այս քաղաքական ալեկոծումներից: Եվ ես մտածեցի, որ սրանով մենք ինչ-որ տեղ կօգնենք նաեւ այն մշակութային դիվանագիտությանը, որը շատ անհրաժեշտ է, եւ ոչ մի պարագայում մենք չպետք է տանենք նրան, որ այն խզվի: Էլ չեմ ասում այն մասին, որ ռուսական թատրոնն աշխարհի հզորագույն թատրոնն է, ինչպես ռուսական թատերական դպրոցն է աշխարհում հզորագույնը: Նույնիսկ այսօրվա Հոլիվուդի ամենահզոր աստղերը ժամանակին ուսումնասիրել են ռուսական թատերական դպրոցը, Ստանիսլավսկու դպրոցը: Կարծում եմ, որ որեւէ բացահայտում չեմ անում: Սա ինչ-որ տեղ նաեւ ինձ հնարավորություն կտա ավելի հեշտ աշխատել, քանի որ, կրկնում եմ, մինչ օրս բավականին լուրջ կապեր ունեմ ռուսաստանյան թատրոնների հետ եւ ամեն կերպ նրանցից կստանամ հետաքրքիր պիեսներ, որոնք կընդգրկվեն թատրոնի խաղացանկում:

– Որտե՞ղ եւ ի՞նչ պայմաններով է գործելու թատրոնը:

– Թատրոնը գործելու է Թատերական գործիչների միությունում, եւ կապ չունի, որ ես եմ միության նախագահը: Մենք միության դահլիճը վարձակալելու ենք եւ միությանը պետք է տանք այնքան գումար, որ դեռ ոչ ոք չի տվել այդ դահլիճի համար: Մենք հնարավորություն ունենք վարձակալելու ուրիշ տարածք, բայց ես որոշեցի դա անել մեր միությունում, որովհետեւ միությունն այժմ լրացուցիչ ֆինանսական օգնության կարիք ունի: Մեր գույքահարկերը տարեցտարի մեծանում են, մենք անընդհատ պարտքերով, դրանք մի կերպ փակելով գնում ենք առաջ, դեռ էլի են ավելանալու, եւ մեզ այդ գումարը պետք է այստեղ: Ես դրանով փորձեցի ինչ-որ տեղ օգտակար լինել նաեւ միությանը: Իսկ միության դահլիճը տեղավորում է մոտ 70 հոգի:

– Մենք գոնե վերջին տասնամյակներին Պարոնյանի անվան թատրոնը Ղազանչյան ազգանվան հետ ենք նույնացնում. Երվանդ Ղազանչյան, հետո՝ Հակոբ Ղազանչյան: Ի՞նչն էր պատճառը, որ թողեցիք թատրոնի գեղարվեստական ղեկավարի պաշտոնը:

– Նախ՝ ես չեմ գտնում, որ պաշտոնը պետք է հավերժ լինի նույնիսկ գեղարվեստական ղեկավարների համար: Բայց ես Պարոնյան թատրոնից գնացի, որովհետեւ ուզեցի գնալ: Իսկ, անկեղծ, ես երբեք էլ այդ թատրոնն իմ թատրոնը չէի համարում, այնտեղ ես գնացի զուտ հորս օգնելու, կողքին լինելու համար: Այդպես 2 տարի ես եղա նրա կողքին: Մահից հետո մեխանիկորեն մի քանի տարի մնացի եւ Կարոյի` տնօրենի հետ աշխատեցի: Բայց երբ տնօրենի փոփոխություն եղավ թատրոնում, արդեն ես զգացի, որ այլեւս չպետք է մնամ, ուղղակի չուզեցի մնալ: Երկու ամիս արձակուրդ վերցրի իմ հաշվին, այդ ընթացքում բեմադրություն արեցի Թբիլիսիում` Ռուսթավելու անվան թատրոնում, հետո եկա դիմումս գրեցի, հանգիստ, առանց կոնֆլիկտի: Նորմալ հարաբերություններ եմ պահպանում ներկա տնօրենի հետ, որեւէ խնդիր չկա, գնում եմ առաջնախաղերին: Էլի եմ ասում` ոչ ոք չպետք է մտածի, որ ինքը հավերժ է կոնկրետ պաշտոնում:

– Թատրոնը, կինեմատոգրաֆիան ձեւավորում են հասարակություն, ճաշակ: Ինչպիսի թատրոն ունես, այնպիսին էլ հասարակությունն է, սկսած անտիկ աշխարհից: Ի՞նչ կասեք մեր օրերի մասին:

– Որքան կուզենայի, որ այդպես լիներ, այդպես էր մի ժամանակ: Իսկ հիմա մարդկությունն այնպիսի դեգրադացիա է ապրում այս հեռախոսային, ինտերնետային դարում, որ ե՛ւ թատրոնն է անօգնական, ե՛ւ կինոն՝ այդ երեւույթի դեմ: Ցավով եմ ասում, բայց ե՛ւ դպրոցն է անօգնական: Մինչեւ դպրոց գնալը երեխաները կարող են հեռախոսով տեսնել, խաղալ ինչ ասես: Սա համաճարակից ավելի վատ երեւույթ է: Պատկերացնո՞ւմ եք, ոստիկանը, որ պետք է հսկի փողոցի երթեւեկությունը, մեքենայի մեջ նստած՝ երկու հոգով, օրը ցերեկով, հեռախոսին են նայում: Երիտասարդ մայրը երեխայի հետ մանկասայլակով անցնում է փողոցի ամենավտանգավոր հատվածով եւ հեռախոսին նայելով է անցնում: Եթե ուշադիր նայեք փողոցով քայլող մարդկանց, 10-ից 1-ին կտեսնեք, որ հեռախոսին չի նայում: Սա սարսափ է, սա մարդկությանը տանում է այնպիսի անգրագիտության, տգիտության, որ ես չգիտեմ, թե ինչ է լինելու հետեւանքը, եւ չգիտեմ, թե երբ կավարտվի կամ ավարտ կունենա այս երեւույթը: Բայց, անկախ ամեն ինչից, ես կփորձեմ անդրադառնալ լուրջ դրամատուրգիային:

– Ի՞նչ կասեք ժամանակակից հայ դրամատուրգիայի մասին: Մենք ունե՞նք, գրվո՞ւմ են համապատասխան պիեսներ՝ լավ թատրոն ունենալու համար:

– Եթե ասեմ, որ շատ հարուստ է ժամանակակից դրամատուրգիան անուններով, սխալ կլինի: Հիմա շատ-շատ մարդիկ են պիես գրում: Բայց պիես գրելուց առաջ պետք է թատրոն իմանալ` ինչպե՞ս կառուցել պիեսը: Պետք է հասկանալ ֆաբուլայի եւ սյուժեի առաջնայնությունը, որովհետեւ առանց դրամատուրգիական կառուցվածքի, ինչքան հետաքրքիր մտքեր ուզում ես դիր դիալոգների, տեսարանների մեջ, միեւնույն է, դրանք պիես չեն դառնում: Եթե անկեղծ ասեմ, հիմա ինձ երկու օրը մեկ պիես են բերում, որոնք 5 էջից ավելի չի լինում կարդալ: Ինչո՞ւ, որովհետեւ իմ այդ նշած կարեւորագույն պայմանները չկան: Դեռ անտիկ ժամանակներից պիեսը ծնվել է թատրոնում, եւ մինչեւ հիմա վեճ կա՝ պիեսը գրականությո՞ւն է, թե՞ թատրոն: Պիեսը պետք է ծնվի թատրոնում եւ թեմայից, գաղափարից սկսած, պետք է միավորի ապագա դրամատուրգին ու ապագա բեմադրիչին:

Այն դրամատուրգները, որոնց հետ ես աշխատել եմ` Սամվել Խալաթյան, Կարինե Խոդիկյան, Գուրգեն Խանջյան, Քրիստ Մանարյան, Անուշ Ասլիբեկյան, նրանց պիեսները որ ես ձեռնարկել եմ` բեմադրված եւ ապագայում բեմադրվելիք, դրանք եղել են թատրոնի հետ աշխատելուն զուգընթաց: Այսինքն, պիեսն իր վերջնական տեսքը ստանում է բեմադրիչի կոնցեպտի պարագայում եւ բեմի վրա: Այս առումով չէի ասի, որ հիմա կարող եմ 5-6 անունից ավելին տալ, բայց դա էլ բավական է, որպեսզի մենք ունենաք ժամանակակից թատրոն: Չեմ բացառում եւ պարտադիր եմ համարում գրական գործերի բեմականացումը: Խորհրդային թատերագիտության մեջ այսպիսի կարծիք կար, որ ամենալավ դրամատուրգը Դոստոեւսկին է, բայց նա պիես չի գրել: Բավական է վերցնենք «Ոճիր եւ պատիժը»՝ դրանում համոզվելու համար: Եվ ես չեմ բացառում, որ կլինեն հետաքրքիր արձակ գործեր, որոնք կբեմադրվեն: Ես կարծում եմ, որ մեր թատրոնները մեծ պարտք ունեն ժամանակակից հայ գրականության հանդեպ: Այսինքն, հայ ժամանակակից գրականությունը թատրոնների խաղացանկում չկա, գոյություն չունի: Դա շատ սխալ է, ինչ-որ տեղ հանցագործ մոտեցում է: Եվ ես կարծում եմ, որ մենք ամեն ինչ կանենք, որ հայ ժամանակակից գրողները ներկայանան, այսինքն` նրանց գործերը վերածվեն պիեսի եւ հետագայում դառնան ներկայացում:

– Դասականներին բեմադրելը շահեկան է, բայց Դուք այն համարձակությունն ունեք, որ շեշտը դնում եք ժամանակակիցների վրա: Չե՞ք համարում, որ ռիսկային է:

– Անկեղծ ասեմ` այնքան էլ ռիսկային չեմ համարում դա: Ամեն դեպքում, հանդիսատեսն ավելի շատ ցանկանում է բեմում իր ժամանակի մարդկանց տեսնել, ճանաչել: Նույնիսկ ինքն իրեն տեսնել ինչ-որ տեղ: Ցավոք սրտի, այդ առումով, հանդիսատեսի պահանջներին մենք չենք հնազանդվի: Այսինքն, փառք Աստծո, մենք կոմերցիայով զբաղվելու պահանջ, կարիք չունենք: Մենք ունենք գործընկեր, որ «Դիալոգ» հասարակական կազմակերպությունն է: Ամեն դեպքում, ես էժան ճանապարհով գնալու խնդիր չեմ դնում եւ երբեք թույլ չեմ տա, որ սկսենք բեմադրել այնպիսի պիեսներ, որոնք հատուկ արել են, որպեսզի հանդիսատեսը գա նստի, ծիծաղի եւ հաճույք ստանա դրանից: Ցավոք սրտի, այդ տոկոսը շատ-շատ մեծ է հասարակության մեջ: Այդպիսի խնդիր ես չեմ դնում իմ առջեւ: Ժամանցային ներկայացումներ չեն լինի:

– Մենք տեսնում ենք, որ թատրոնները փակվում են, իսկ Դուք բացում եք: Ո՞րն է անհրաժեշտությունը:

– Անհրաժեշտությունն անկախ թատրոն ունենալն է: Թատրոն, որտեղ ոչ մի պետական չինովնիկ չի փորձի ինչ-որ բան ուղղել, ինչ-որ բան կառավարել: Գործընկեր ունենք, բայց փորձելու ենք ինքներս գումար աշխատել, եթե դա ստացվի: ԿԳՄՍ նախավերջին փոխնախարարի ռեֆորմներով պետք է գեղարվեստական ղեկավարների հաստիքներն ընդհանրապես վերանային թատրոններից: Հիմա կարծում եմ, որ ինչ-որ դրական տեղաշարժ կլինի, բայց դա արդեն, որպես բեմադրիչի, ինձ չի վերաբերի: Որպես միության նախագահ՝ կարող եմ ուրախանալ եւ աջակցել, որպեսզի գեղարվեստական ղեկավարների հաստիքները վերականգնվեն թատրոններում: Բայց այդ էքսպերիմենտները, որ պետք է տնօրինական ղեկավարում լինի, որ պետք է կոմերցիան գա առաջին պլան, այսինքն` ստեղծագործական հաստատությունում առաջինը ստեղծագործությունը չպետք է լինի, այլ՝ կոմերցիան:

Պետք է լինի այնպիսի ներկայացում, որ փող բերի: Էլ չեմ ասում այն երեւույթի մասին, թե բոլոր տարածքները տվեք արենդայով, սրճարան բացեք, էս արեք, էն արեք: Եվ չեմ ասում, որ թատրոնների պլանները մեծացրին, ինչն էլ, ինքնըստինքյան, պետք է ստիպի թատրոնների ղեկավարներին, որ գնան այդպիսի նախագծերի: Ընդ որում՝ ավելացվեց պլանը անհասկանալի, անմարդկային ձեւով: Այսինքն, եթե լուրջ դատենք, ոչ մի տնօրեն չի կարող դուրս գալ պլանի տակից: Բայց, ըստ էության, ստեղծագործական հիմնարկներն այդ ճանապարհով վերածվում են ինչ-որ կոմերցիոն հաստատությունների, ֆաբրիկաների: Իսկ էլ ինչո՞ւ են պետական: Պետական թատրոնի իմաստն այն է, որ պետությունը ձեզ փող է տալիս, որպեսզի դուք ստեղծեք արվեստի գործեր: Իսկ ով չի կարողանում ստեղծել արվեստի գործեր, նրան ազատեք, նշանակեք ուրիշին, բայց ոչ վերացրեք ստեղծագործական ղեկավարի պաշտոնը, այդպես չի կարելի: