Տարածված կարծիք կա, այն հնչեցնում են անգամ «ապաքաղաքական» լրագրողները, որ «Նիկոլ Փաշինյանը նոր սահմանադրությունը ընդունում է Ալիևի պահանջով»։ Որքան էլ տհաճ, բայց դրանում, ինչպես ասում են, ճշմարտության հատիկ, այնուամենայնիվ, կա։
Քառասունչորսօրյա պատերազմից եւ Լեռնային Ղարաբաղի պետականության ոչնչացուցմից ու նախատոհմիկ հայ բնակչության բռնատեղահանումից հետո ասել, որ «ղարաբաղյան շարժման էջը փակված» է, «հիմնադրվում է չորրորդ հանրապետություն»,- նշանակում է իրավաբանորեն ճանաչել «գետնի վրա իրավիճակը»։
Ընդդիմությունը իշխանություններին և հատկապես Նիկոլ Փաշինյանին մեղադրում է «Հայաստանի պետականության և հայ ժողովրդի ազգային ինքնության հիմքերը կործանելու և խամաճիկային պետություն ստեղծելու թուրք-ադրբեջանական ծրագիր իրականացնելու» մեջ։ Այս գնահատականը «երկսայրի սուր» է։
Մի կողմից այն «բացահայտում» է, որ Անկախության հռչակագիրը ոչ թե համամարդկային արժեհենքի հիման վրա ժողովրդավարական անկախ պետության, այլ հայ ժողովրդի դարավոր իղձերի քայլ առ քայլ իրականացման՝ Լեռնային Ղարաբաղի միավորման, ցեղասպանության միջազգային ճանաչման և հողային փոխհատուցումների հասնելու նպատակադրվածության մասին է։
Մյուս կողմից հարց է, թե Հայաստանի նախափաշինյանական իշխանությունները գործնականում ինչո՞ւ Լեռնային Ղարաբաղի միավորումը չեն արձանագրել, փոխարենը ավելի քան քառորդ դար Ադրբեջանի հետ բանակցել են ինչ-որ «կարգավիճակի» շուրջ, իսկ միջազգային մակարդակում առաջ մղել «ինքնորոշման իրավունքի ճանաչման և իրացման» նպատակը։
Ստացվում է, որ 1994-2022 թվականներին Հայաստանը որպես պետություն տառապել է «երկվության բարդույթով», ներքին կյանքում եղել է «պահանջատեր», իսկ արտաքին աշխարհում հանդես եկել որպես միջազգային իրավունքի սոուբյեկտ։
Պետական «երկվության բարդույթը» պե՞տք է հաղթահարվի, բուն բանավեճի առարկան սա է, որից ընդդիմությունը հետևողականորեն խույս է տալիս։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին քվեարկած 730 հազար քաղաքացիները, իհարկե, առաձին-առանձին այդ հարցին դրական պատասխան չեն տվել, բայց նրանց հավաքական քվեն կառավարությանը իրավունք է տալիս սահմանադրական հանրաքվե նախաձեռնել։
Եթե ինստիտուցիոնալ եւ արտախորհրդարանական ընդդիմությունը գտնում է, որ «Երրորդ հանրապետությունը հավերժական» է, ապա պարտավոր է հիմնավորել, թե չորս հարևաններից երկուսի հետ էքզիստենցիալ կոնֆլիկտ ունեցող Հայաստանը ինչպե՞ս է գոյատեւելու և զարգանալու։ Իշխանությունը նման հեռանկարը «կործանարար» է գնահատում։

Բաց մի թողեք
Պետական պաշտոնյաները խոստումների կատարման նկատմամբ ունեն զրո պատասխանատվություն․ Առաքելյան
Փաշինյանի յուրահատուկ նվերները Մեհրիբան Ալիևային
Տիգրանաշենը Հայաստանի ինքնիշխանության փորձաքարն է