Հակակոռուպցիոն դատարանի մոտ լրագրողների հետ զրույցում «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանն անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ կալանավորման միջնորդության քննությանը և Հայաստանում ձևավորված քաղաքական ու իրավական իրավիճակին։
Պատգամավորի գնահատմամբ՝ երկրում ստեղծվել է այնպիսի իրավիճակ, երբ մարդու նկատմամբ իրավական գործընթաց սկսվելու համար պարտադիր չէ, որ նա ակտիվորեն զբաղվի քաղաքականությամբ։ Վարդանյանի խոսքով՝ իշխանությունների գործողություններին հակադիր դիրքորոշում ունենալն արդեն կարող է բավարար լինել, որպեսզի մարդը հայտնվի իրավական գործընթացների կենտրոնում և նույնիսկ կանգնի կալանավորման վտանգի առաջ։
Նա ընդգծել է, որ ստեղծված իրավիճակին արձագանքելու հարցում այլևս ժամանակ կորցնելու անհրաժեշտություն չկա։ Վարդանյանի կարծիքով՝ անհրաժեշտ է մշակել հստակ գործողությունների ծրագիր և քաղաքական միջոցներով կանխել, իր բնորոշմամբ, իրավական ու քաղաքական «բեսպրեդելը»։
Պատգամավորը միաժամանակ քննադատել է երկրում իրավական գործընթացների նկատմամբ վերաբերմունքը՝ նշելով, որ իրավական նիհիլիզմը հասել է այնպիսի մակարդակի, երբ մի շարք գործընթացներ, իր գնահատմամբ, այլևս չեն տեղավորվում ոչ իրավական տրամաբանության, ոչ էլ բարոյականության շրջանակներում։
«Ես կարծում եմ՝ հապաղելու տեղ չկա, պետք է ճանապարհային հստակ քարտեզ մշակվի և քաղաքական քայլերով կանխվի այս բեսպրեդելը»,- ասել է նա։

Բաց մի թողեք
Արփինե Դավոյանը բացահայտ ստում է․ Արա Զոհրաբյան
Ադրբեջանում հայտնի հեռուստահաղորդավարուհու են ձերբակալել. Լուսանկար
Գիտե՞ք, որ Վազգեն Սարգսյանի և Մոնթե Մելքոնյանի վրա էլ քրեական գործ կա. Տեսանյութ