Երեքշաբթի օրը ԱԺ ամբիոնից խոսելով ընդդիմադիրներին «կզըցնելու» մասին՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իր համար հավասար են բոլորը, եթե թալան են անում, կաշառք են վերցնում, պետք է պատասխանատվության ենթարկվեն:
Հրապարակ թերթը գրել է․ Եվ, որպես օրինակ, նշեց նախկին պատգամավոր Հովիկ Աղազարյանին, թեեւ մենք հիշում ենք, որ Աղազարյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցվեց միայն այն ժամանակ, երբ նա հրաժարվեց կատարել Փաշինյանի` մանդատը վայր դնելու հրահանգը, դուրս եկավ ՔՊ-ից եւ թիրախավորվեց ՔՊ առաջնորդի կողմից:
Հովիկ Աղազարյանին հարցրինք` լսե՞լ է այդ հայտարարությունը, ինչպե՞ս է վերաբերվում նրան, որ Փաշինյանն իրեն կոռուպցիոներ է անվանում եւ ասում է, որ դրա համար իրեն պատժել է: Աղազարյանն ասաց. «Ես համաձայն եմ նրա այն մտքի հետ, որ ինքը չի դնում տարբերություն` յուրայինների եւ ոչ յուրայինների միջեւ: Երկու դեպքում էլ նա այս կամ այն իրավիճակն օգտագործում է ըստ նպատակահարմարության: Հենց այս պահին իր Հայկ Կոնջորյանի եղբոր հետ կապված՝ Հակակոռուպցիոնն ուսումնասիրություն է կատարում, այնտեղ կա ակնհայտ կոռուպցիոն ռիսկ: Գուցե Փաշինյանը հարմար պահի է սպասում, որ այդ ամենին նույնպես ընթացք տա: Ինչ վերաբերում է իմ դեպքին, ապա Փաշինյանն այս ընթացքում էլի է իմ թեմային անդրադարձել` բրիֆինգներից մեկի ժամանակ: Իմ խորին համոզմամբ, այդ մարդն ինձ այդքան անդրադառնում է այն պատճառով, որ Փաշինյան-Աղազարյան հակամարտության մեջ ես առաջատար եմ` 1-0 հաշվով: Ես իրեն այս պահի դրությամբ հաղթում եմ, մեծամտություն չթվա ասածս, բայց փաստը դա է: Նիկոլ Փաշինյանի հրահանգը նպատակին չհասավ, եւ Աղազարյան Հովիկին չկարողացան զրկել ԱԺ պատգամավորի մանդատից: Ես այդպես էլ մանդատից չհրաժարվեցի եւ դիմակայեցի բոլոր ճնշումներին: Հիմա ես չունեմ մանդատ, իսկ նա ուզում է մեզ հավասարեցնել, իսկ դրա համար ինձ պետք է դատապարտեն, իմ նկատմամբ դատարանը պետք է դատապարտող վճիռ կայացնի:
Փաշինյանն ինֆորմացիա է ստացել, որ պրոցեսի ընթացքում բոլոր վկաներն իմ օգտին են ցուցմունք տվել: Նա դատավորին իր բրիֆինգներից մեկի ժամանակ ասաց, որ հետեւում է գործին` ուշի-ուշով: Ասում են, թե իբր ես ինչ-որ Արամ Մկրտչյանի խնդրել եմ, որ ընկերուհուս 8 հազար դոլարանոց մատանի նվիրի, սակայն նախաքննության ընթացքում պարզվեց, որ նման բան չի եղել: Հիմա դա ձեւակերպում են, որ իբրեւ նույն այդ Արամ Մկրտչյանը, որին ես չեմ ճանաչում, իմ խնդրանքով 800 դոլարանոց մատանի է գնել եւ տվել ինձ: Արամ Մկրտչյանն ամենագլխավոր վկան է` կաշառքի դրվագով: Պարզվում է` նա ժամանակին Նիկոլ Փաշինյանի հետ նույն խցում է որոշակի ժամանակ նստած եղել, իսկ պատիժը կրել է խարդախության համար: Վարչապետի պոռթկումը նրանով էր պայմանավորված, որ իր հետ նույն խցում նստած Արամը, լինելով գործի թիվ մեկ վկան, գտնվում է փախուստի մեջ, նա երկու տարի է՝ հետախուզման մեջ է, հետեւաբար, նրա հետ տեղի ունեցած հարցաքննությունը եղել է օրենքի խախտումով, առանց բավարար նորմերի պահպանման»:

Բաց մի թողեք
Զանգում-պահանջում է խզել կապերն Իրանի հետ. ի՞նչ անի Հայաստանը, եթե իրեն դիմեն
Մարդ ինչքան անբարո պետք է լինի․․․ Ամեն ինչ էսքան խոցելի, էսքան անհեթեթ ու գլխիվայր շրջվա՞ծ…
Լսե՞լ եք, մի ադրբեջանցի պաշտոնյա Արծվաշեն ասի, ասում են` Բաշքենդ