28/08/2026

EU – Armenia

Ինքը մեղավոր չի, մեղավորը մենք ենք, մեր հասարակությունն է, որ հանդուրժել է … Լուսանկար

Պետք է ամեն ինչ անենք, որ մեր պետության ղեկին թյուրիմացաբար հայտնված մարդուն չնմանվենք` նրա նման չար ու անհանդուրժող, անադեկվատ ու հայհոյախոս, անօրեն ու անսիրտ չդառնաք … հեշտ բան չէ, իհարկե, բայց պիտի դիմադրենք, թույլ չտանք մեզ բոլորիս վերածի ատելությունից կուրացած, դիմացինի կալանքով ուրախացող (ես նմաններին մի «մաղթանք» ունեմ` ձեր կյանքի միակ ուրախությունը թող լինի ինչ որ մեկի կալանավորումը ) … իսկ դիմադրելու իմ իմացած ձևը ձեզ հետ զրուցելն է…

Սրա ամեն բառը կամ վիրավորանք է, կամ անհեթեթություն, կամ սահմանադրական կարգի տապալում, կամ քրեորեն պատժելի այլ արարք: Եվ ամենատարօրինակը այն լկտիությունն է, որով իրականացվում է դա…

Այսօրվա ճեպազրույցում հպարտորեն հայտարարել է. Այո, ասել եմ, որ «կըզըցնելու եմ» (այս նողկալի բառը հիմնավորապես ներմուծեց մեր հանրային խոսույթ) ասել եմ, որ նստելու են, նոր չեմ ասել` 8 տարի է ասում եմ, 26 թվի հունիսի 5-ին եմ ասել…որ քննիչն ու դատախազը չի արել ասածս, պատժվելու է…ով «ուծեչկա» է տվել, պատժվելու է…ում տեսա, ով դեմս դուրս եկավ` ազատելու եմ… Հաթաթաների շարք, քրեորեն պատժելի արարքների մասին ինքնախոստովանություն, ծամածռվող դեմքով ու խոսքի ընթացքում իջնող-բարձրացող ֆալցետով…

Ինքը մեղավոր չի, մեղավորը մենք ենք, մեր հասարակությունն է, որ հանդուրժել է, թույլ է տվել էս լեքսիկոնը, երբեմն հաշտվել է, տեղ տեղ վախեցել է, ձեռքը չի բռնել, ոտքը մի տեղից չի պոկել…թողել ենք, որ հաբրգի, լկտիանա, իրեն Ներոն զգա, մտածի, որ էս լպիրշ արտահայտությունները ուժի նշան են, որ նման ձևով արտահայտվողներին սիրում են, ընտրում են, անգամ ոմանք դրանցով հիանում են` որպես «ուժեղ տղայի»:

Մեղավորը այն 700 հազար (իմ կարծիքով` շատ ավելի պակաս) մարդիկ են, որ նախընտրական փուլում լսեցին էս ամենը (խի՞ չես մեռել, կըզըցնեմ, հացին կակա կասեք, Արցախը խի՞ երբ ա հայկական եղել, Կտրիճ Ներսիսյանը պետք ա հեռանա…և այլն) ու գնացին սրան ձայն տվեցին… ձայն տվեցին` բերանը լեզու դրեցին, դարձրին, իր լեքսիկոնով ասած` բեսպրեդելշչիկ ու բեզատչյոտնիկ…

Մեղավորն այն քննիչ-դատախազներն են, որոնք իրավաբանությունը ծալեցին` մի կողմ դրեցին ու սկսեցին «Նիկոլի օրենսգրքով» քրեական գործեր կարել: Չհամարձակվեցին օրենքն ու օրինականությունը պաշտպանել, հանուն աշխատավարձի հոգիները ծախեցին սատանային, դարձան ատելությունից կուրացած, իշխանությունը գլխին խփած անհավասարակշիռ մարդու կամակատարները:

Մեղավորը դատավորներն են, որոնք չկարողացան դիմադրություն ցույց տալ, «ոչ» ասել, համախմբվել ու պայքարել մի մարդու կամայականության դեմ, ով 10 օրը մեկ ոտքերը սրբում է իրենց վրա, անպատվում, նվաստացնում, մեղադրում կաշառակերության մեջ (խի ձրի՞ են բաց թողել, արդարացրել էսինչին, էնինչին…վնգստացողներ, դուրսպրծուկներ…): Իրականում մենք շատ գրագետ դատավորներ, իրավաբաններ, փաստաբաններ ունենք, որոնք հզոր ուժ կարող էին լինել և երկիրը կարող էին փրկել այս պատուհասներից, եթե միաբանվեին և միասնական գործեին:

Մեղավոր ենք նաև մենք` լրագրողներս: Մենք դարձանք այս բոլոր բարբաջանքների, հակաօրինական քայլերի խոսափողն ու տարածողը: Մենք մտանք այս մարդու թելադրած օրակարգի մեջ, որքան էլ փորձեցինք սուր հարցեր տալ ու բացահայտել նրա էությունը, բայց ստացվեց, որ անհեթեթությունը դարձրինք օրինաչափ, անօրինականությունը` մարսելի, անբարոյականությունը` բնական…

Ի՞նչ է եղել որ` մտնեն 3 երեխաների բնակարան ու ցինիկաբար հայտարարեն` ինչի՞ չէիք երեխեքին ուղարկում տատ ու պապի տուն, որ հանգիստ մտնեինք` ձեզ հետ հաշվեհարդար տեսնեինք:

Սրտի վիրահատություն տարած 71 տարեկան մարդուն բերման ենթարկեն, վատանա` տանեն պետական հիվանդանոց (ոչ թե իրեն բուժած բժշկի մոտ), որ նվաստացնեն:
Աժդահա մարդուն այնպիսի նեղ մահճակալ տրամադրեն բերդում և այնպիսի խուց, որ մարդամեկի սիրտը փառավորվի, առյուծին էլ քնացնեն` սպանեն:

Եվ բոլորին անպայման կալանք տան` այն էլ ընտանիքներով. հայրն ու տղան, մայրն ու աղջիկը, աներն ու փեսան…բոլորը պետք է նստեն, որ ֆյուրերիկը բավարարված զգա իրեն…

Ու այս բոլորը ժողովրդի անվան տակ, իբրև թե այդպիսի պատվեր է իջեցրել իր ընտրողը: Նախ, արդարադատությունը, պատժի ինստիտուտը կապ չունեն ժողովրդավարության հետ: Չեն կարող կոշկակարը, ուսուցիչը, բժիշկն ու վարորդը դատական վճիռներ կայացնել և մարդկանց մեղավորությունը որոշել:

Երկրորդ. այդ մի քանի հարյուր անգրագետ ու չար մարդիկ նույնիսկ եթե արյան ծարավ են, դա դեռ ժողովուրդը չի: Բայց որ առավել անբարոյական է, կոչ անել, թե` ով համաձայն չի, դուրս եկեք ու հեղափոխություն արեք…բախումների, քաղաքացիական պատերազմի, արյան ծարավ ունի, որ իր ուռճացրած ոստիկանական գվարդիայով ջարդի, փշրի, արյան մեջ խեղդի ցանկացած ըմբոստություն:

Նկարում` նախկին գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն է, որ ժամանակին կարող էր կասեցնել այս ընթացքը, չարեց և հիմա Երևան- Կենտրոն ՔԿՀ պոտենցիալ հաճախորդ է…հաջորդը պատրաստվի Աննա Վարդապետյանը, Արթուր Պողոսյանը և մյուսները…

Արմինե Օհանյանի ֆեյսբուքյան գրառումը

May be an image of text that says 'ARMENPP Ak RIMT RMENP NP NPRO ኑ 4 10 10WARMENPRESS и MKHrTAR ARMENPRESS MKHITARKHACHATHYAR KHACHAT EYAN'