Եթե անգամ Թուրքիան և Իսրայելը ընդունեն Ադրբեջանի միջնորդությունը, առկա պայմաններում կողմերին հաշտեցնելու մասին խոսք լինել չի կարող։ Գլխավոր խնդիրը ռազմական առճակատման ռիսկի հնարավորինս նվազեցումն է։
Այդ մասին ֆեյսբուքյան գրառում է կատարել Ադրբեջանի քաղաքական վերլուծությունների «Ատլաս» կենտրոնի տնօրեն Էլխան Շահինօղլուն։ Նա արձանագրել է, որ Թուրքիան և Իսրայելը Սիրիայի հարցում «առճակատմանը չափազանց մոտ են, քանի որ Իսրայելը Սիրիայում Թուրքիայի որևէ ձևով ռազմական ներկայությունը վճռականապես մերժում» է։
Ճիշտ է, ադրբեջանցի քաղաքագետը արձանագրել է, որ Իսրայելի և Սիրիայի «պաշտոնական ներկայացուցիչները Հորդանանում հանդիպել են, և երկրորդը կարող է կայանալ Բաքվում», բայց նրա առաջին դիտարկումը վկայում է, որ Ադրբեջանը միջնորդական չափազանց ծանր պատասխանատվությունից խուսափել է կամ կողմերից մեկը Իլհամ Ալիևին «այլևս չի վստահում»։
Բացառված չէ, որ Իսրայելի կառավարությունը վերջերս Իրանի և Ադրբեջանի նախագահների միջև փոխանակված «սիրալիրություններից անակնկալի են եկել»։ Այս առումով խիստ ուշագրավ հայտարարություն է արել Իրանի գերագույն հոգևոր առաջնորդի խորհրդական Յահյա Ռաիմ Սաֆավին։
Նա «Մեքքայի համաձայնագրին» Իրանի միանալու առաջարկությունը «հետաքրքիր» է գնահատել և անմիջապես հավելել, որ նման «դաշինքի կայացմանը նպաստել է Իրանը՝ տարածաշրջանի երկրներին համոզելով, որ ԱՄՆ հետ դաշնակցությունը անվտանգության երաշխիք» չէ։
Գեներալ Սաֆավին պարզաբանել է, որ Իրանի համար «կարևոր է նոր ձևաչափին Իրաքի մասնակցությունը», քանի որ տարածաշրջանի երկրների «ինքնիշխանության և ամբողջականության պահպանման համար անհրաժեշտ է լայն երկխոսություն»։
Այս իրավիճակում կարևոր է, թե արդյոք Ադրբեջանը «Մեքքայի համաձայնագրին» որևէ ձևով միանալու առաջարկություն ստացե՞լ է։ Նոր «անվտանգային համակարգի» երեք մասնակիցներից Թուրքիայի հետ Ադրբեջանը կապված է ռազմական փոխադարձ օգնության պայմանագրով, Պակիստանը նրա ռազմավարական գործընկերն է։ Ադրբեջանը նաև սերտ կապեր ունի Սաուդյան Արաբիայի հետ։
Անվտանգային ի՞նչ միջավայր կձևավորվի Հարավային Կովկասում, եթե Ադրբեջանը որոշի միանալ «իսլամական ՆԱՏՕ-ին»։ Խոսքը «այստեղ և այժմ» անդամակցության մասին չէ, դա կարող է ուշանալ։
Բայց փաստ է, որ Մեծ Մերձավոր Արևելքում ձևավորվել է ուժային նոր կենտրոն, որի հետ ոչ ոք չի կարող հաշվի չնստել։


Բաց մի թողեք
Էմանուել Մակրոնին սկսել են անվանել «պարոն Շանտաժ»
Հայաստանի դիվանագիտությունն Արցախի մշակութային ժառանգության պաշտպանության հարցում
Ավինյանը շատ ավելի «թափով» կշարունակի ազատումները