Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարանի Վաղարշապատի նստավայրում նշանակված՝ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ եպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով նախնական դատալսումների նիստին Հայ Եկեղեցու հոգևոր առաջնորդն ու բարձրաստիճան հոգևորականները չեն ներկայացել:
Դատական նիստին մասնակցել են միայն նրանց փաստաբանները:
Լրագրողների հետ զրույցում նրանց պաշտպան, փաստաբան Արա Զոհրաբյանն ասել է. «Դատավոր Ս. Ռուշանյանի նախագահությամբ, նշանակված է Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Գերագույն հոգևոր խորհրդի անդամ վեց եպիսկոպոսների ու արքեպիսկոպոսների վերաբերյալ քրեական գործով նախնական դատալսումների նիստը։ Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 272-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն այս դատական նիստին չեն ներկայանալու:
Նիստին մասնակցելու են պաշտպանները: Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 17-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ Հայաստանի Հանրապետությունում ճանաչվում է եկեղեցու՝ որպես պետությունից անջատ կրոնական կազմակերպությունների ազատությունը: Երբ պետությունը կարգալույծ հռչակելու տնօրինությունն ինքնին կապում է աշխարհիկ դատական ակտի խոչընդոտման հետ, ապա պետությունն իրեն է վերապահում հոգևոր կարգավիճակի վերջնական որոշման իրավասությունը։ Այսինքն, միջամտում և քննարկման առարկա է դարձնում հոգևոր տնօրինության բովանդակությունը: Դա արգելված միջամտության ուղղակի օրինակ է: Սույն գործով միջամտության աստիճանը առավել բարձր է, քանի որ կիրառվում է քրեական պատասխանատվության սպառնալիք»:
Դատավոր Սերժ Ռուշանյանը որոշում է կայացրել Ամենայն Հայոց կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ գործը փոխանցել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարան՝ այն քննելու և Արմավիրի դատարանում գործի քննության նպատակահարմարությունը որոշելու համար։ Կողմերը առարկություններ են հայտնել, սակայն դատավորը պնդել է իր որոշումը։
Գործը մեկ դատարանից մյուսը փոխանցելը և ընդդատության հարցը որոշելը լրացուցիչ ժամանակ է պահանջում, ինչը երկարացնում է անորոշության վիճակը: Փաստաբաններն ու կողմերը դեմ են արտահայտվել այս որոշմանը՝ գտնելով, որ Արմավիրի (Վաղարշապատի) դատարանն ուներ բոլոր հիմքերը գործն ըստ էության քննելու կամ կարճելու համար։ Եկեղեցու կենտրոնատեղին (Մայր Աթոռը) Վաղարշապատում է, և տեղի դատարանում քննությունն իրենց համար տրամաբանական էր:
Ավելի վաղ ինքնաբացարկ էր հայտնել դատավոր Հակոբ Մանուկյանը։

Բաց մի թողեք
Փաշինյանի ճաշը «Չերքեզի ձորում»՝ ուժեղացված հսկողությամբ
Լենա Նանուշյանը 111 տարի առաջ նվեր ստացած գույք է հայտարարագրել
Փոխնախարարներից ովքեր նշանակվեցին, ովքեր՝ ազատվեցին, մեկն էլ, ում մայրը հայհոյել էր ընդդիմությանը, հիմա՝ իշխանությա՞նը․ Լուսանկարներ