Վլադիմիր Պուտինը Բիշքեկում կհանդիպի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Հայաստանի եվրաինտեգրման հարցը քննարկումների թեմաներից մեկը կլինի։ Այդ մասին, ինչպես փոխանցել է ՏԱՍՍ-ը, հայտնել է ՌԴ նախագահի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Ուշակովը։
Ռուսաստանի նախագահը Բիշքեկում կմասնակցի Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթաժողովին, որի շրջանակներում ընդհանուր առմամբ «կունենա տասնմեկ երկկողմ հանդիպում»։ Մինչ այդ նա օգոստոսի 29-ին կընդունի Բելառուսի նախագահ Լուկաշենկոյին, որից հետո կկայանա նրանց «ոչ պաշտոնական առանձնազրույցը»։
ՇՀԿ գագաթաժողովը ծրագրված է անցկացնել օգոստոսի 31-ից մինչև սեպտեմբերի 1-ը։ Ուշակովը չի կոնկրետացրել, թե ե՞րբ է նախատեսված Փաշինյան-Պուտին հանդիպում։ Ռուսաստանի նախագահը Ղրղըզստանի մայրաքաղաք կժամանի օգսոտոսի 31-ին և ներկա կգտնվի Քոչվորների համաշխարհային խաղերի բացմանը։
Նույն օրը նա հանդիպում կունենա Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի և Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդիի, ապա Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարթ Տոկաևի հետ։
Հաջորդ օրը ծրագրված են նրա բանակցությունները Իրանի և Թուրքիայի, Ղրղըզստանի, Տաջիկստանի և Մոնղոլիայի առաջնորդների հետ։ Ինչպես հասկացվում է Ուշակովի հրապարակայնացրած ժամանակացույցից, Ադրբեջանի և Ուզբեկստանի նախագահների հետ Պուտինի հանդիպում ծրագրված չէ։ Ադրբեջանական մամուլում առայժմ տեղեկություն չկա՝ Իլհամ Ալիևը մեկնելո՞ւ է Բիշքեկ։
Բայց հիմնական խնդիրը այն է, թե Հայաստանի վարչապետի հետ ՌԴ նախագահի հանդիպումը ներգրվո՞ւմ է նրա ընդհանուր քննարկումներին, թե՞ «հաշիվներ պարզելու» բնույթ է կրելու։ Ուշագրավ է, որ հոկտեմբերին Ղազախստանի նախագահ Տոկաևը պաշտոնական այց է կատարելու Երևան։
Մի քանի օր առաջ նա վարչապետ Փաշինյանի հետ քննարկել է Հայաստանի երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը Ռուսաստանից Ղազախստանին «փոխանցելու հնարավորությունը»։
Պուտին-Տոկաև բանակցություններում այդ թեման քննարկվելո՞ւ է։ Ղազախստանը ՀԱՊԿ և ԵԱՏՄ հիմնադիր անդամ է, կազմակերպություններ, որոնց հետ Հայաստանը խնդիրներ ունի։ Այս իմաստով և, մանավանդ, հաշվի առնելով ՌԴ արտգործնախարար Լավրովի կոշտ հարցազրույցը, պետք է արձանագրել, որ Բիշքեկում վարչապետ Փաշինյանին բարդ բանակցություններ են սպասվում։
Որքանո՞վ նրան կաջակցեն Կենտրոնական Ասիայի երկրների առաջնորդները, կաջակցե՞ն, թե՞ ոչ, հասկանալի կլինի առաջիկա մի քանի օրերին։

Բաց մի թողեք
Ժողովուրդն իր կաշվի վրա է զգացել այդ «հաղթանակի» դառնահամը
Գուցե վիճեք ձեզ ընտրել են, թե չէ, բայց Ալիևին հաստատ չի ընտրել
Ո՞ր համակարգում է Հայաստանը պատկերացնում իր ապագան