Ի պատասխան Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան թատրոնի ապագայի մասին մեր հարցերին՝ նամակ ստացա Լոռու մարզպետարանից: Կարդացի մեկ անգամ, հետո՝ երկրորդ։ Մի պահ մտածեցի՝ գուցե սխալ հասցեատիրոջ եմ դիմել, գուցե հարցս եմ սխալ ձեւակերպել։
Հրապարակ թերթը գրել է․ Գնացի Թատերական հրապարակ՝ թատրոնը տեղում էր․․․ դեռ։ Շենքը չեն քանդել, հողին չեն հավասարեցրել։ Մարզպետի պատասխանից մի բան հասկացա՝ կհավասարեցնեն: Իսկ թե ինչու՝ պատասխանից չի հասկացվում: Մարզային իշխանությունն այս հարցում իրեն պատասխանատու կողմ չի համարում։
Մարզպետը գրում է, որ թատրոնի նախագծանախահաշվային փաստաթղթերի մշակման պատասխանատուն ՀՀ քաղաքաշինության կոմիտեն է, իսկ տարածքը հատուկ քաղաքաշինական կարգավորման գոտում չէ։ Այդ պատճառով իրենց պաշտոնական գրություն չի ներկայացվել, շենքի քանդման, սեյսմիկ վիճակի վերաբերյալ ուսումնասիրությունները աշխատակազմի հետ չեն համաձայնեցվել։ Հանրային քննարկումներ կազմակերպվել են, նախագիծն անցել է փորձաքննությունները, իսկ մյուս հարցերի համար առաջարկվում է դիմել ծրագրի պատվիրատուին՝ ՀՀ քաղաքաշինության կոմիտեին, քանի որ դրանք մարզպետի աշխատակազմի գործառույթներից դուրս են։
Թղթի վրա սա, թերեւս, «կոռեկտ» պատասխան է, բայց… մենք մարզպետին չէինք հարցրել՝ ի՞նքն է նախագծել թատրոնը, ի՞նքն է անցկացրել սեյսմիկ ուսումնասիրությունը, ի՞նքն է որոշել շենքը քանդել, հարցրել էինք՝ մարզային իշխանությունն ի՞նչ գիտի իր մարզի մայր թատրոնի ճակատագրի մասին: Պատասխանից ստացվում է՝ գրեթե ոչինչ։ Պատասխանի մեջ թատրոնը ներկայացված է որպես «նշված օբյեկտ»։ Իրավական կամ վարչական լեզվով՝ դա կարող է սովորական ձեւակերպում լինել, բայց թատրոնը միայն շինարարական օբյեկտ չէ, այն նաեւ ռեստորան կամ սուպերմարկետ չէ, այլ քաղաքի մշակութային հիշողության, տասնամյակների թատերական կյանքի, մարդկանց անձնական պատմությունների եւ Վանաձորի ինքնության մի մասն է։
Մեր հարցերը միայն «շինարարական» չեն եղել։ Մենք չենք ասել՝ նոր թատրոն մի կառուցեք։ Ժամանակակից, տեխնիկապես հագեցած եւ նոր պահանջներին համապատասխանող շենք անհրաժեշտ է, հարցրել ենք՝ ինչո՞ւ է անհրաժեշտ նոր թատրոնի կառուցման համար ոչնչացնել գործող շենքը։ Եթե շենքի պահպանման կամ ամրացման տարբերակն ուսումնասիրությամբ մերժվել է, ապա ներկայացրեք այն: Եթե պարզվել է, որ հնի վերականգնումն ավելի թանկ է, քան նորի կառուցումը՝ ներկայացրեք հաշվարկները։ Եթե գործող շենքի սեյսմիկ վիճակն այնպիսին է, որ պահպանել այլեւս հնարավոր չէ, ուրեմն ներկայացրեք եզրակացությունը։
Մարզպետի պատասխանում նշվում է, որ հանրային քննարկումներ կազմակերպվել են: Չենք վիճարկում, բայց՝ քննարկում կազմակերպելը եւ հանրության բարձրացրած հարցերին բովանդակային պատասխան տալը նույն բանը չեն։ Հանրային լսման իմաստը միայն մարդկանց տեղեկացնելը չէ, որ որոշում է կայացվել։ Դրա արժեքն այն է, որ հանրային կարծիքը կարող է ազդել որոշման վրա։ Հակառակ դեպքում՝ լսումը վերածվում է տեղեկացման միջոցի։
Թատրոնի շենքը կարող է պատկանել մեկ գերատեսչության, նախագիծը կարող է պատվիրել մեկ այլ կառույց, փորձաքննությունն իրականացնել՝ երրորդը։ Բայց թատրոնը գտնվում է Լոռու մարզում։ Եվ մարզի իշխանության անտարբերությունը չի կարող վերացնել խնդրի հանրային նշանակությունը։ Մեր հարցերից մեկը վերաբերում էր թատրոնի հարակից հրապարակում եւ փողոցում կատարված մոտ 162 միլիոն դրամի աշխատանքներին։ Եթե թատրոնի գործող շենքը նախատեսված էր քանդել, ապա ինչպե՞ս է այդ ներդրումը համադրվել նոր շինարարության ծրագրի հետ։ Նոր շինարարությունը պահանջելո՞ւ է արդեն բարեկարգված տարածքների վերափոխում։ Կլինե՞ն նոր ծախսեր։ Սա ոչ թե «հաշվապահական մանրուք» է, այլ հանրային փողի օգտագործման հարց։ Պատասխանից իմանում ենք՝ մինչ թատրոնի ճակատագրի հարցի որոշումն է 162 մլն դրամ ծախսվել հարեւան փողոցի ու հրապարակի բարեկարգման վրա: Բայց թատրոնի քանդման մասին խոսում են արդեն 2 տարի, բարեկարգումն ավարտվել է … անցյալ տարի:
Վերջին շաբաթներին գրել ենք նաեւ Շառլ Ազնավուրի անվան մշակույթի պալատի գլխավոր մուտքի թեքահարթակի մասին։ Խոսքը հսկա շինարարական ծրագրի մասին չէ, այլ հաշմանդամություն ունեցող անձանց՝ հանրային շենք բարձրանալու հնարավորության։ Հին թեքահարթակն ապամոնտաժվել է, խոստացել են նոր լուծում: Տարիներն անցնում են (արդեն 5 տարի), հարցը մնում է։ Մարզպետին հարցրել էինք՝ ինչո՞ւ աշխատանքը չի կատարվել, եթե պատճառը ֆինանսական կամ տեխնիկական է, ինչո՞ւ չի լուծվել։
Նույնը՝ Վանաձորի լճերի վերաբերյալ։ Քաղաքային լճի հիմնանորոգման համար նախատեսվել է 520 միլիոն դրամ, բայց այդ լճին մոտ երեք այլ լճակներ շարունակում են «անհետանալ», երկուսը ջուր չունեն, մյուսի վիճակը լավ չէ։ Խնդրել ենք՝ հիմնավորեք, թե ինչու է հենց այդ լուծումը գտնվել, ինչ է լինելու մյուս երեք լճերի հետ։ Մեր հրապարակումների նպատակը մարզպետի, քաղաքապետի, որեւէ նախարարության կամ պաշտոնյայի դեմ պայքարելը չէ, այլ հանրային հետաքրքրությունը բավարարելը։ Ինչո՞ւ պետք է քանդել թատրոնի շենքը։ Ինչո՞ւ չի կարելի այն պահպանել։ Ի՞նչ ճակատագիր է սպասվում երեք ցամաքող լճերին: Ընդամենը մի թեքահարթակ՝ ե՞րբ կկառուցվի: Եթե այս հարցերի պատասխանները կան, ինչո՞ւ դրանք հասանելի չեն հանրությանը։

Բաց մի թողեք
Եվրոպայում գործող ռուսական լրատվամիջոցները «գովերգում» են Փաշինյանին
Ադրբեջանն իրեն Սովետական Ադրբեջանի իրավահաջորդը չի համարում
Սա ռեւիզիա է, որը կոչում են չորրորդ հանրապետություն