Նիկոլ Փաշինյանը օրերս հայտարարեց, թե իրենք գտնելու են այն ԱԱԾ-ականին, ով (իբր թե, շեշտենք՝ իբր թե) տեղեկության արտահոսք է թույլ տվել, վարչապետերեն ասած՝ «սլիվ» է արել:
«Փաստ» օրաթերթը գրում է. Ու այդ արտահոսքից նախագահ Քոչարյանն ու նրա ընտանիքի անդամները նախապես տեղյակ են եղել փաշինյանական իշխանության իրավապահների առավոտ-գիշերհանա խուզարկությունների մասին:
Նաև սպառնաց, որ «խլուրդներին» հայտնաբերելու են, պատժելու են, ինքը մտնելու է ենթակա կառույցների շենքեր, և ով դեմը դուրս գա, գործից ազատելու է և էլի նման սպառնալիքներ՝ իր «կրքոտ» ոճով:
Բայց այստեղ հետաքրքիր է միանգամից երկու բան: Առաջինը՝ արտահոսքերի կամ «սլիվների» հետ կապված: Հիշեցնենք, որ երբ հունիսի 15-ին «Զվարթնոց» օդանավակայանում իշխանության ենթակա իրավապահ մարմինները թույլ չտվեցին նախագահ Ռոբերտ Քոչարյանին անձնական հարցերով մեկնել արտերկիր, այդ պահը պատկերող ծառայողական տեսանյութը, որը ԱԱԾ տիրապետման տակ է, արագորեն «սլիվ» արվեց քպական քարոզչամիջոցներով: Դա ապօրինություն էր: Բայց Փաշինյանն անձամբ ոչ միայն սկսեց արդարացնել իր իշխանության այդ ցածր արարքը, այլև հունիսի 18-ին հայտարարեց, որ պետք չէ ամեն ինչում քաղաքական պատվեր փնտրել, քանի որ ԱԱԾ ցանկացած շարքային աշխատակից, ով հասանելիություն ունի համակարգին, տեսականորեն կարող է ինքնուրույն որոշում կայացնել և նման նյութեր արտահոսեցնել մամուլ: «ԱԱԾ աշխատակիցը կարա որոշի՝ արտահոսք տա կամ չտա»,- ընդգծել էր այն ժամանակ Փաշինյանը:
Նրա ասածը, որքանով էլ , մեղմ ասած, սխալ, անթույլատրելի ու քննադատելի է հնչում, այս դեպքում կարևոր է այն առումով, որ փաստացի հենց ինքն էր գործնականում արտոնել, որ ԱԱԾ ցանկացած աշխատակից ինչ ու երբ ուզում է՝ արտահոսեցնի կամ «սլիվ» անի:
Երկրորդը, որ շատ ավելի էական է: Կոնկրետ խուզարկությունների մասին «աշխատանքային» տեղեկատվության կարծեցյալ արտահոսքի հետ կապված: Ամենևին բարդ չէ պարզել, թե հատկապես ով, երբ ու որտեղ է այդ «սլիվն» արել: Մենք նույնիսկ անվանապես կարող ենք նշել «սլիվ» անողին: Նիկոլ Փաշինյանին պարզապես պետք է կանգնել հայելու առաջ: Ախր հենց ինքն էր Քոչարյանների վրա հարձակման նախօրեին ԱԺ-ում հրահանգներ տալիս այդ թեմաներով:
Հիմա Հայաստանում ապրող ցանկացած մարդու համար ի՞նչ մի բարդ բան է, մանավանդ առկա բազում նախադեպերի վրա հիմնվելով, եզրակացնել, որ դրան հաջորդելու են «մասկի-շոու» զանգվածային հարձակումներ: Եզրակացնել ու թեթևակի ծաղրելով կամ գուցե առանց ծաղրի նշույլի դռան վրա մի գրություն փակցնել՝ «բարի գալուստ». 12 ժամ հետո չգան, 24 ժամվա մեջ հո կգան:
Կրկնենք՝ օրինակները բազմաթիվ են: Այնպես որ, իրավապահ համակարգից որևէ «սլիվի» կարիք դժվար թե լինի..

Բաց մի թողեք
Բյուջերի կատարողականի անհամամասնության սև բծերը
Պետության ու պետականության համակողմանի կազմաքանդման «մեթոդաբանությունը»
Շինծու գործերի սնանկությունը. Ավետիք Չալաբյանի դեպքի քաղաքական ու իրավական ուղերձները