Անակլիայի խորքային նավահանգստում սկսվել են ծովի հատակի խորացման աշխատանքները։ Բելգիական «Jan De Nul» ընկերության երկու հատուկ նավեր սկսել են մուտքային ալիքի, շրջադարձային ավազանի և ալեկոծապաշտպան կառույցի համար անհրաժեշտ աշխատանքները։
Առաջին փուլի ավարտից հետո նավահանգիստը նախատեսվում է հասցնել տարեկան մոտ 600 հազար բեռնարկղային համարժեք միավորի կամ 7,8 միլիոն տոննա բեռի թողունակության։
Սա Միջին միջանցքի զարգացման կարևոր փուլ է։ Գործող խորքային նավահանգիստը Վրաստանին հնարավորություն կտա հաղթահարել Փոթիի և Բաթումի սահմանափակումները, ընդունել ավելի մեծ նավեր և ամրապնդել իր դիրքը Կասպից ծով–Սև ծով–Եվրոպա բեռնափոխադրումների համակարգում։
Տարածաշրջանում արդեն ձևավորվում է փոխկապակցված ենթակառուցվածքային համակարգ։ Ադրբեջանը մեծացնում է Ալյաթի նավահանգստի կարողությունները և փորձում է իր առաջ մղած «Զանգեզուրի միջանցքը» դարձնել Միջին միջանցքի բաղադրիչ։ Թուրքիան զարգացնում է երկաթուղային և նավահանգստային ենթակառուցվածքները։ Վրաստանը կառուցում է Անակլիան։
Այս պայմաններում Հայաստանի գլխավոր հարցը պարզ է․ ԹՐԻՓ-ի շրջանակում նախատեսվող երկաթուղային հոսքերը կապվելո՞ւ են Անակլիայի հետ, թե՞ Հայաստանը կրկին դուրս կմնա տարածաշրջանային բեռնափոխադրումների հիմնական համակարգից։
Հայաստանի տարածքով անցնող ուղին պետք է դիտարկել ոչ միայն Ադրբեջանը Նախիջևանին կապելու համատեքստում։ Հայաստանի շահն այն է, որ նույն ենթակառուցվածքը միանա երկրի հյուսիսային երկաթուղային ցանցին, Վրաստանին և Սև ծովի նավահանգիստներին։ Անակլիան այդ համակարգում կարող է դառնալ հայկական բեռների՝ Եվրոպա հասնելու հիմնական տարբերակներից մեկը։
Դրա համար անհրաժեշտ են կոնկրետ որոշումներ՝ երկաթուղային կապերի վերականգնման, ներդրումների, տարանցման պայմանների, սակագների և վրացական ենթակառուցվածքներին միանալու վերաբերյալ։ Այս հարցերը պետք է համաձայնեցվեն նավահանգստի կառուցմանը զուգահեռ, ոչ թե դրա շահագործումից հետո։
Անակլիան ունի նաև ավելի լայն աշխարհաքաղաքական նշանակություն։ Չինական պետական կոնսորցիումն ընտրվել է որպես ապագա ներդրող, սակայն վերջնական ներդրումային համաձայնագիրը դեռ չի ստորագրվել։ Ուստի նախագիծը շարունակելու է մնալ Չինաստանի, Եվրոպայի և Միացյալ Նահանգների շահերի հատման կետում։
Չինաստանի համար այն Եվրոպա տանող Միջին միջանցքի ենթակառուցվածք է։ Եվրոպայի համար՝ Ռուսաստանը շրջանցող մատակարարման շղթաների ընդլայնման հնարավորություն։ Միացյալ Նահանգների համար՝ Սև ծովի և Հարավային Կովկասի ռազմավարական ենթակառուցվածքների նկատմամբ չինական ազդեցության հարց։
Վրաստանը փորձում է այդ մրցակցությունն օգտագործել իր տարանցիկ և քաղաքական նշանակությունը մեծացնելու համար։ Հայաստանը ևս պետք է առաջնորդվի նույն տրամաբանությամբ՝ ոչ թե ընտրել մեկ կենտրոնի ենթակառուցվածքային ազդեցությունը, այլ իր տարածքը կապել հնարավորինս շատ ուղղությունների հետ՝ պահպանելով ինքնիշխան վերահսկողությունը։
Անակլիայի նոր փուլը ցույց է տալիս, որ տարածաշրջանի տնտեսական քարտեզը փոխվում է արագ։ Եթե Հայաստանը ժամանակին ապահովի ԹՐԻՓ–վրացական երկաթուղի–Անակլիա կապը, կարող է դառնալ Միջին միջանցքի լիարժեք մասնակից։ Եթե ոչ, Հայաստանի հարևանները կկառուցեն համակարգ, որտեղ երկրի աշխարհագրական դիրքը գործնական արժեք չի ունենա։

Բաց մի թողեք
Փաշինյանի թեզի հիմնական խնդիրը
Այսուհետ պաշտպանական կողմն իրավունք չունի միջնորդություն ներկայացնել քննիչին
Ընտրությունների նախաշեմին փորձում են ճնշե՞լ