Հայաստան-Թուրքիա կարգավորումը մտնում է առավել առարկայական փուլ։
Սեպտեմբերի 3–4-ին Երևանում տեղի ունենալու հայ–թուրքական գործարար համաժողով, որի ժամանակ կներկայացվի երկու երկրների միջև տրանսպորտային հաղորդակցության հնարավորությունների և խոչընդոտների ուսումնասիրությունը։
Եվրոպական միության ֆինանսավորմամբ կազմակերպվող հանդիպմանը կմասնակցեն պետական կառույցների և գործարար շրջանակների ներկայացուցիչներ։ Օրակարգում սահմանային տնտեսական համագործակցության հաջորդ քայլերն են։ 
Սա սահմանը բացելու մասին քաղաքական խոսակցությունից անցում է դեպի բաց սահմանի տնտեսագիտություն։ Հարցն այլևս միայն այն չէ, թե երբ կբացվի սահմանը։ Հարցն այն է, թե ինչ ապրանք, ինչ ծավալով, ինչ սակագնով և ում ենթակառուցվածքով է անցնելու այդ սահմանով։
Հայ-թուրքական հարաբերությունների նախորդ փորձերը ձախողվել են հենց քաղաքականության և տնտեսության տարանջատման պատճառով։ 2009 թվականի Ցյուրիխյան արձանագրությունները նախատեսում էին սահմանների բացում և դիվանագիտական հարաբերությունների հաստատում, սակայն գործընթացը կանգ առավ Ղարաբաղյան հակամարտության և ադրբեջանական գործոնի պատճառով։ Սահմանը մնաց ոչ թե տնտեսական, այլ աշխարհաքաղաքական գործիք։
Այս անգամ մոտեցումը հակառակն է։ Քաղաքական ամբողջական կարգավորում դեռ չկա, բայց կողմերն արդեն փորձում են ձևավորել դրա նյութական ենթակառուցվածքը։ Բիզնեսը ներգրավվում է այնտեղ, որտեղ դիվանագիտությունը դեռ վերջնական որոշում չունի։ Սա կարող է գործընթացն ավելի կայուն դարձնել, բայց միայն այն դեպքում, եթե առաջանա փոխադարձ շահ, ոչ թե միակողմանի կախվածություն։
Հայաստանի համար բաց սահմանը միաժամանակ հնարավորություն և մրցակցության կոշտ փորձություն է։ Թուրքիան ավելի քան 85 միլիոն բնակչությամբ, զարգացած արդյունաբերությամբ և լայն տրանսպորտային ցանցով տնտեսություն է։
Հայաստանը՝ փոքր շուկա, բարձր լոգիստիկ ծախսերով և սահմանափակ արտադրական հզորություններով երկիր։ Առանց նախապատրաստված տնտեսական քաղաքականության սահմանաբացումը կարող է արագ մեծացնել թուրքական ներմուծումը, բայց չապահովել հայկական արտահանման համարժեք աճ։
Ուստի կարևոր են ոչ թե համաժողովի ներկայացվելիք ուսումնասիրության թվերը։ Որքա՞ն կարժենա Գյումրի–Կարս երկաթուղու վերագործարկումը։ Ո՞վ է իրականացնելու փոխադրումները։ Ի՞նչ վիճակում են ենթակառուցվածքները։
Ինչպե՞ս են սահմանվելու սակագները։ Արդյո՞ք հայկական արտադրողները կունենան իրական հասանելիություն թուրքական շուկային, թե բախվելու են տեխնիկական, մաքսային և սանիտարական խոչընդոտների։
Գյումրի-Կարս երկաթուղին հատկապես կարևոր է։ Դրա վերագործարկումը Հայաստանին կարող է տալ ուղիղ ելք դեպի Թուրքիայի երկաթուղային ցանց, Միջերկրական ծովի նավահանգիստներ և եվրոպական շուկա։
Սակայն այստեղ կա նաև ինքնիշխանության հարց։ Հայաստանի երկաթուղային համակարգը շարունակում է կառավարվել ռուսական կոնցեսիայով։ Եթե արևմտյան ուղղությամբ Հայաստանի կարևորագույն հաղորդակցությունը կախված մնա ռուսական կառավարման, սակագնային և քաղաքական որոշումներից, աշխարհագրական բացումը դեռ չի նշանակի ռազմավարական ազատություն։
Մարգարայի անցակետն ունի այլ նշանակություն։ Այն կարող է արագ գործարկել ճանապարհային առևտուրը, զբոսաշրջությունը և սահմանամերձ կապերը։ Սակայն անցակետի բացումը միայն առաջին քայլն է։
Անհրաժեշտ են արդիական մաքսային համակարգեր, բավարար թողունակություն, ապահովագրական և վճարային մեխանիզմներ, ինչպես նաև հայկական ապրանքների որակի հավաստագրերի փոխադարձ ճանաչում։
Եվրոպական միության մասնակցությունը նույնպես պատահական չէ։ Բրյուսելի համար բաց հայ–թուրքական սահմանը տարածաշրջանային հաշտեցման նախագիծ լինելուց բացի նաև հաղորդակցային քաղաքականություն է։
Այն կարող է Հայաստանին կապել եվրոպական տնտեսական տարածքի հետ, թուլացնել ռուսական և իրանական երթուղիներից չափազանց մեծ կախվածությունը և լրացնել Սև ծով–Հարավային Կովկաս–Կենտրոնական Ասիա ձևավորվող կապերը։
Սակայն Եվրոպան կարող է ֆինանսավորել ուսումնասիրությունը և ենթակառուցվածքը։ Հայաստանի փոխարեն այն չի կարող կառուցել մրցունակ տնտեսություն։
Երևանին անհրաժեշտ է բաց սահմանին պատրաստվելու պետական ծրագիր՝ արտահանման առաջնահերթ ճյուղերով, սահմանամերձ մարզերի զարգացման քաղաքականությամբ, ենթակառուցվածքային ներդրումներով և թուրքական շուկայի ռիսկերի գնահատմամբ։ Պետք է պարզ լինի, թե ինչ է Հայաստանը ցանկանում վաճառել Թուրքիային, ինչ ծառայություններ կարող է առաջարկել և ինչպես է պաշտպանելու տեղական արտադրողին անհավասար մրցակցությունից։
Հայ–թուրքական սահմանը փակվել է քաղաքական որոշմամբ, բայց դրա բացման արդյունքը որոշվելու է տնտեսական հաշվարկով։ Եթե Հայաստանը պատրաստ չլինի, այն կդառնա թուրքական ապրանքների նոր շուկա։
Եթե պատրաստվի՝ կարող է վերածվել տարածաշրջանային տարանցման, արտադրության և առևտրի հանգույցի։ Սահման բացելը դիվանագիտական գործողություն է։ Դրանից օգտվելը՝ պետական կարողության քննություն։

Բաց մի թողեք
Զայրույթ՝ մալթացի մագնատը արդարացվեց լրագրող Դաֆնե Կարուանա Գալիցիայի սպանության մեջ
Ծայրահեղ աջ առաջնորդը, որը գերմանացիներին մղում է մոռանալ նացիստական անցյալը
Երկու դար անց Արաքսը կրկին աշխարհաքաղաքական սահմանագիծ է