Իրանի տնտեսական ճգնաժամը մտել է նոր փուլ։ Ռիալը հատել է մեկ դոլարի դիմաց երկու միլիոնի շեմը, հուլիսյան գնաճը հասել է շուրջ 66 տոկոսի, իսկ Կենտրոնական բանկը պատրաստ է շուկա ներարկել մինչև երկու միլիարդ դոլար։
Այս միջոցը կարող է ժամանակավորապես սահմանափակել փոխարժեքի տատանումները, բայց չի լուծում հիմնական խնդիրը՝ արտարժութային եկամուտների կտրուկ անկումը։ Ամերիկյան ծովային շրջափակման պայմաններում Իրանի նավթի բեռնումները մարտի օրական մոտ երկու միլիոն բարելից օգոստոսին նվազել են մինչև 220–255 հազար բարել։
Եթե այդ մակարդակը պահպանվի, Թեհրանը ստիպված կլինի կամ արագ ծախսել պահուստները, կամ ընդլայնել դրամական զանգվածը՝ խորացնելով գնաճն ու ռիալի արժեզրկումը։
Միաժամանակ Վաշինգտոնը ճնշումը տեղափոխում է ֆինանսական համակարգ։ ԱՄՆ ֆինանսների նախարար Սքոթ Բեսենթը հայտարարել է, որ այս շաբաթ կարող են նոր պատժամիջոցներ սահմանվել իրանական բանկի նկատմամբ, իսկ նման քայլերը շարունակվել շաբաթական պարբերականությամբ։
Սա նշանակում է, որ թիրախավորվելու են ոչ միայն իրանական բանկերը, այլև դրանց հետ աշխատող միջնորդ ֆինանսական հաստատությունները։ Հայաստանի համար սա արդեն առանձին բանկային ռիսկ է։
Խնդիրը հայ–իրանական առևտրի ծավալը չէ միայն։ Երկրորդային պատժամիջոցներից խուսափելու համար հայկական բանկերը կարող են խստացնել իրանական գործարքների ստուգումները, սահմանափակել փոխանցումները կամ ընդհանրապես հրաժարվել որոշ հաճախորդների սպասարկումից։ Արդյունքում սահմանը կարող է բաց մնալ, ապրանքաշրջանառությունը՝ իրավականորեն թույլատրելի, բայց վճարումները՝ գործնականում դժվար կամ անհնար։
Սա կարող է ազդել ոչ միայն ընթացիկ առևտրի, այլև էներգետիկ հաշվարկների, իրանական ներդրումների, սահմանային համագործակցության և Հյուսիս–հարավ նախագծերի վրա։ Իրանի վճարունակության անկումը նաև կնվազեցնի Հայաստանի շուկայում իրանական բիզնեսի ակտիվությունը։
Տարածաշրջանային հետևանքն ավելի լայն է։ Իրանի նավթային եկամուտները կրճատվում են, մինչդեռ բարձր գները մեծացնում են Ադրբեջանի եկամուտներն ու արտաքին քաղաքական հնարավորությունները։ Այս անհամաչափությունը կարող է փոխել Հարավային Կովկասում տնտեսական և քաղաքական ուժերի հարաբերակցությունը՝ թուլացնելով Իրանի դիրքերը և ամրապնդելով Բաքվի բանակցային կշիռը։
Հայաստանը չի կարող միանալ Իրանի մեկուսացման քաղաքականությանը, բայց չի կարող նաև վտանգել իր բանկային համակարգի կապը դոլարային և եվրոպական ֆինանսական շուկաների հետ։ Ուստի անհրաժեշտ է ոչ թե քաղաքական ընտրություն, այլ ռիսկերի կառավարում։
Կենտրոնական բանկը և կառավարությունը պետք է նախապես գնահատեն իրանական բանկերի նկատմամբ նոր պատժամիջոցների ազդեցությունը, մշակեն բանկերի համար միասնական ուղեցույցներ և ԱՄՆ-ի ու Եվրամիության հետ քննարկեն օրինական առևտրի, էներգետիկ մատակարարումների և ենթակառուցվածքային ծրագրերի սպասարկման հնարավոր մեխանիզմները։
Իրանի ճգնաժամը Հայաստանի համար այլևս միայն արտաքին քաղաքական խնդիր չէ։ Այն բանկային կայունության, արտաքին առևտրի և տարածաշրջանային հավասարակշռության անմիջական ռիսկ է։

Բաց մի թողեք
Կգնան նրա հետևից, ով լավագույն առաջարկը կանի
Հիմա ինչու են 80 մլն եվրո վարկ վերցնում
Ինչու է կոչ արվում հրաժարվել «կոնյակ» բառից