Ադրբեջանում հավատարմագրված 58 երկիր եւ 9 միջազգային կազմակերպություն ներկայացնող շուրջ 150 դիվանագետ այցելել էին Արցախ՝ Հիքմեթ Հաջիեւի ուղեկցությամբ, եւ երգում, պարում, ուտում-խմում էին հայկական հողում՝ ծաղրելով հայերին, ինչին ո՛չ վարչապետը, ո՛չ ԱԳ նախարարն ու ԱԺ-ն որեւէ կերպ մինչ այս պահը չեն արձագանքել։
Հրապարակ թերթը զրուցել է արտակարգ եւ լիազոր դեսպան Արմեն Մարտիրոսյանի հետ:
– Դեսպանների այցն Արցախ տարաբնույթ քննարկումների առիթ է դարձել: Ըստ Ձեզ` վիճելի տարածքներ դեսպանները պրակտիկայում այցելո՞ւմ են, թե՞ սա աննախադեպ երեւույթ է:
– Բայց ինչո՞ւ է այդ տարածքը վիճելի, եթե Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս նրա կառավարության, ճանաչել է Արցախը որպես Ադրբեջանի անբաժան մաս։ Այդ պարագայում Ադրբեջանի կողմից իր տարածքում իրականացվող գործողությունների բնույթը եւ գնահատականը, առաջին հերթին, մնում է նրա պատասխանատվության շրջանակում։ Միեւնույն ժամանակ, ՅՈՒՆԵՍԿՕ-ի եւ միջազգային իրավունքի համապատասխան նորմերի համաձայն՝ Ադրբեջանն ունի իր տարածքում գտնվող պատմամշակութային ժառանգությունը պահպանելու պարտավորություն՝ անկախ դրա ազգային կամ էթնիկ պատկանելությունից։ Հետեւաբար, այս հարթության վրա Ադրբեջանը տեսականորեն կարող է պատասխանատվության ենթարկվել միջազգային չափանիշները խախտելու համար։ Սակայն այստեղ առաջանում է առանցքային հարց՝ ո՞վ է հանդես գալու որպես բողոքարկող կողմ, եթե ՀՀ-ն՝ ինքը, որեւէ բողոք կամ գոնե մտահոգություն չի ներկայացնում։ Ֆրանսիայի դեսպանը կամ Արցախ այցելած Հայաստանի բարեկամ երկրների այլ ներկայացուցիչները դժվար թե լիարժեքորեն արձագանքեն վանդալիզմի դրսեւորումներին, եթե այդ գործողությունները չեն մտահոգում հենց Հայաստանին՝ որպես տվյալ ժառանգության հետ կապված շահագրգիռ կողմի։
– Բայց միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ հայցեր կան, թեպետ դրանք մասնավոր անձանց կողմից են, ոչ թե պետության:
– Հենց այդ պատճառով էլ նման գործունեությունը չի կարող արձանագրել շոշափելի արդյունք կարճ ժամանակում։ Անհրաժեշտ են ամիսների, տարիների հետեւողական աշխատանք, համապատասխան մասնագետներ, փաստահավաք առաքելություններ, մշտադիտարկում եւ մշակութային ժառանգության համակարգված հաշվառում։ Սա բարդ ու ժամանակատար գործընթաց է, որը պահանջում է ոչ միայն մասնագիտական կարողություններ, այլեւ հետեւողական շահագրգռվածություն։ Այդ ամենը բացակայում է։
– Հայ ռազմագերիների հարցը նույնպես առկա է, բայց կարծես այդ դեսպանների համար մարդկանց խոշտանգումը նորմալ երեւույթ է:
– Դա եւս պայմանավորված է ՀՀ կառավարության դիրքորոշմամբ։
– Իսկ առաջ, երբ Արցախը հայերի տիրապետության տակ էր, ինչպե՞ս էր ստացվում, որ ոչ մի նշանակալի դեմք չէր այցելում, եթե այցելում էր, Ադրբեջանը մեծ աղմուկ էր բարձրացնում:
– Ադրբեջանը նախկինում աղմուկ էր բարձրացնում, որովհետեւ Արցախը համարում էր իր տարածքը։ Այդ տարածքն այն ժամանակ փաստացի վիճելի էր․ Ադրբեջանի դիրքորոշումն այն էր, որ առանց իր համաձայնության այնտեղ մուտք գործել չի կարելի, որ Արցախ այցելությունը պետք է համաձայնեցվի Ադրբեջանի իշխանությունների հետ կամ չկայանա։ Այժմ Հայաստանի իշխանությունը ճանաչել է տվյալ տարածքն Ադրբեջանի անբաժան մաս, իսկ Ադրբեջանի կառավարությունն այդ երկրում հավատարմագրված դեսպաններին տարել է Արցախ՝ ներկայացնելու վերջին տարիներին այնտեղ իր ինքնիշխանության հաստատման ուղղությամբ իրականացված աշխատանքները։ Պատկերացնենք, որ Հայաստանում օտարերկրյա դեսպաններն այցելեն, օրինակ, Ախուրյանի շրջանի մահմեդական գերեզմանատներ եւ արձանագրեն, որ դրանք գտնվում են անմխիթար վիճակում։ Դժվար է պատկերացնել, որ նրանք այդ հարցը կբարձրաձայնեն՝ Հայաստանի իշխանությունների հետ չհամաձայնեցնելով։ Սակայն վանդալիզմի փաստերի արձանագրման դեպքում զարմանալի չէր լինի, եթե մահմեդական երկրների ներկայացուցիչները բարձրաձայնեին դրանք։ Մեր քրիստոնյա բարեկամ երկրները, ըստ երեւույթին, ավելի հանդուրժող են, հատկապես երբ խոսքը վերաբերում է իրենց նավթ եւ գազ մատակարարող մեր հարեւանին։

Բաց մի թողեք
Գեղարքունիքի 3 համայնք ՔՊ-ն զավթել է, մեկը՝ ոչ
Մեկ ամսում կուսակցականների քանակն էականորեն աճել է
Նիկոլն ազատվեց երկրորդ հավանական մրցակցից