Մինչ այժմ Եվրոպան խուսափել է Մոսկվային պատերազմական գործողություններ իրականացնելու մեջ մեղադրելուց։
Մոսկվայի կողմից բխող հիբրիդային սպառնալիքների տեմպերն ու ծավալներն աճում են, սակայն եվրոպացիները, կարծես, միասնական մոտեցում չունեն դրանց որակման հարցում։
Այս աճող սպառնալիքը վկայող բազմաթիվ օրինակներ կան։ Անցյալ շաբաթ Բելառուսը քառօրյա զորավարժություններ անցկացրեց Լեհաստանի և Լիտվայի հետ սահմանին, մինչդեռ Ուկրաինան հայտնեց, որ Ռուսաստանն օգտագործում է բելառուսական կապի կայանները՝ արևմտյան Ուկրաինայում թիրախների դեմ անօդաչու թռչող սարքերով (ԱԹՍ) հարձակումները ուղղորդելու համար։ Նույն շաբաթվա ընթացքում ՆԱՏՕ-ի ուժերը խոցեցին Բելառուսից եկող ԱԹՍ-ն՝ Լիտվայի հարավում գտնվող Կաունաս քաղաքի մերձակայքում։
Այս ամսվա սկզբին Գերմանիան հայտարարեց, որ Ռուսաստանն է կանգնած օգոստոսին Լայպցիգ-Հալլե օդանավակայանում ուկրաինական բեռնատար ինքնաթիռների դեմ իրականացված ԱԹՍ-ով հարձակման հետևում։
«Մենք պատերազմի մեջ չենք, սակայն ամեն օր հիբրիդային պատերազմի թիրախ ենք դառնում», – ասել է Գերմանիայի ներքին գործերի նախարար Ալեքսանդր Դոբրինդտը։
ԵՄ-ն մինչ այժմ զգուշավոր մոտեցում է ցուցաբերել՝ այդ իրադարձությունները որակելով որպես «հիբրիդային» և ոչ թե պատերազմական ուղղակի գործողություններ։ Հիբրիդային սպառնալիքները տարբերվում են զինված հակամարտությունից կամ ռազմական գործողություններից նրանով, որ դրանք սովորաբար չեն հասնում սովորական պատերազմի մակարդակի, Euractiv-ին գրավոր հայտնել է Եվրոպական հանձնաժողովի խոսնակը՝ մատնանշելով հարկադրական, քայքայիչ, կիբեր, տեղեկատվական, տնտեսական կամ այլ ոչ կինետիկ (առանց ուղղակի ռազմական ուժի կիրառման) և, երբեմն, սահմանափակ կինետիկ միջոցների համակարգված կիրառումը։
Հանձնաժողովի խոսքով՝ նպատակը պետությունների խոցելի կողմերն օգտագործելն է՝ «առանց պարտադիր կերպով պատերազմական պաշտոնական վիճակ հրահրելու»։
«Մենք չպետք է պատրանքներ ունենանք այն մասին, թե ինչ է կատարվում այստեղ. Եվրոպային սպառնացող հիբրիդային սպառնալիքները գնալով ավելի քիչ են «հիբրիդային» և գնալով ավելի քիչ՝ «սպառնալիքներ»», – հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը սեպտեմբերին Ստրասբուրգում Եվրախորհրդարանի պատգամավորներին ուղղված իր ելույթի ժամանակ։
Վերջին շրջանում տեղի ունեցած դիվերսիոն գործողություններն ու անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) ներխուժումները ստիպում են որոշ առաջնորդների ավելի կոշտ դիրքորոշում որդեգրել։ Այս ամսվա սկզբին ԵՄ բարձրագույն ներկայացուցիչ Կայա Կալլասը հայտարարել է, որ Լայպցիգ-Հալլե ուղղությամբ իրականացված հարձակումն ուներ «պետության կողմից հովանավորվող ահաբեկչության բոլոր հատկանիշները»։
Անցյալ հինգշաբթի Լեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը հայտարարել է, որ Ռուսաստանը կարող է հարվածներ հասցնել Ուկրաինային աջակցող երկրներին, այդ թվում՝ Լեհաստանին՝ օգտագործելով ԱԹՍ-ներ և հրթիռներ, և դրանք ներկայացնել որպես պատահական միջադեպեր։ Մեկ օր անց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նշել է, որ «ռուսական ագրեսիայի բնույթն ու Եվրոպային սպառնացող վտանգները փոխվում են»՝ 2027 թվականի ընտրություններին ընդառաջ ազգային անվտանգության հարցերի շուրջ կուսակցությունների ղեկավարներին և նախագահի թեկնածուներին տեղեկացնելուց հետո։
Ի՞նչ է թաքնված բառի հետևում
ՆԱՏՕ-ն հիբրիդային սպառնալիքները սահմանում է որպես ռազմական և ոչ ռազմական, ինչպես նաև գաղտնի և բացահայտ միջոցների համադրություն, որոնք ներառում են ապատեղեկատվություն, կիբերհարձակումներ, տնտեսական ճնշում, անկանոն զինված խմբավորումների տեղակայում և կանոնավոր զինված ուժերի կիրառում։
Ֆոն դեր Լայենի ելույթից կարճ ժամանակ անց Եվրախորհրդարանի պատգամավորները հավանություն են տվել զեկույցի, որը կոչ է անում ստեղծել «հիբրիդային սպառնալիքների» դեմ ԵՄ արձագանքման համակարգված մեխանիզմ։
«Ինձ դուր չի գալիս այս անվանումը», – Euractiv-ին ասել է զեկույցի նախաձեռնող, Եվրոպական ժողովրդական կուսակցության անդամ և Եվրախորհրդարանի պատգամավոր Ռասա Յուկնևիչիենեն՝ նշելով, որ ավելի լավ այլընտրանք չկա»:
Հիմնարար հարցը
Մինչ այժմ Ռուսաստանը թիրախավորել է եվրոպական երկրներին այնպիսի գործողություններով, որոնք որոշ փորձագետներ անվանում են «գորշ գոտի»՝ չհասնելով այն շեմին, որը կհանգեցներ սովորական (ավանդական) ռազմական պատասխանի։
Որոշ երկրների դեպքում սպառնալիքի բնույթի հստակ որակումը կարող է դրդել Ռուսաստանին՝ ավելի հեռուն գնալ։
«Այն փաստը, որ մենք դա որակում ենք որպես «շեմից ցածր» մակարդակի գործողություն, օգնում է տեղաշարժել ընդունելիի և անընդունելիի սահմանագիծը», — Euractiv-ին հայտնել է ՆԱՏՕ-ի արևելյան թևի երկրներից մեկի պաշտոնյան։
Անանուն մնալու պայմանով խոսող աղբյուրը նշել է, որ իր երկիրը տարբերակում է Ռուսաստանի հիբրիդային կամ դիվերսիոն գործողությունները ՆԱՏՕ-ի արևելյան թևի ուղղությամբ ուղղված ռազմական սպառնալիքներից։
ԵՄ երկրների դեմ Կրեմլի ռազմավարությանը առավել արդյունավետ հակազդելու նպատակով՝ Ուրսուլա ֆոն դեր Լայենը անցյալ շաբաթ առաջարկեց «հակահիբրիդային գործողությունների ծրագիր»՝ որպես Եվրոպական անվտանգության ռազմավարության մաս, որին մեծ սպասումներով էին հետևում։
Այս մեխանիզմը կօգնի մայրաքաղաքներին արձագանքել այնպիսի «միջադեպերի», որոնք «չեն հասնում զինված հակամարտության մակարդակի, սակայն ակնհայտորեն սպառնում են մեր ազգային անվտանգությանը», — ասել է Եվրահանձնաժողովի ղեկավարը՝ հավելելով, որ այն նման կլինի ՆԱՏՕ-ի 4-րդ հոդվածին։
Սակայն ոմանք պնդում են, որ չափազանց մեծ հստակությունը կարող է ձեռնտու լինել Կրեմլին։ Ըստ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալի նախկին օգնական Ջեյմի Շիի՝ «արձագանքման մակարդակների վերաբերյալ չափազանց հստակ լինելը վերացնում է անորոշությունը, որը վճռորոշ նշանակություն ունի զսպման համար՝ թշնամուն պահելով անորոշության մեջ»։
Այդ դեպքում ագրեսորը կարող է շարունակել սադրիչ և ապակայունացնող գործողությունները մինչև որոշակի մակարդակ՝ առանց պատասխան քայլերից մտահոգվելու, հավելել է նա։
Ստվերային պատերա՞զմ
Մյունխենում գտնվող Գերմանիայի զինված ուժերի համալսարանի Հետախուզության և անվտանգության ուսումնասիրությունների կենտրոնի տնօրեն Կարլո Մասալան Euractiv-ին ասել է, որ ինքը կնախընտրեր դա անվանել «ստվերային պատերազմ «Հիբրիդային պատմության փոփոխությունը չի նշանակում, որ մենք փոխում ենք մեր առջև ծառացած սպառնալիքի տեսակը, քանի որ դա կախված է Ռուսաստանի կողմից Արևմտյան զսպման արդյունավետության ըմբռնումից», – հավելեց նա։
Մասալայի խոսքով՝ «ստվերային պատերազմի» օգտագործումը չի փոխի շեմը, բայց եվրոպացիների համար ավելի պարզ կդարձնի, որ սա «պատերազմի նման կազմակերպված արշավ է», բայց առանց զորքերի։
ԵՄ դեսպանները պատրաստվում են քննարկել Ռուսաստանի հիբրիդային սպառնալիքները հաջորդ չորեքշաբթի օրը, երբ հանձնաժողովը շարունակում է մշակել իր Եվրոպական անվտանգության ռազմավարությունը։

Բաց մի թողեք
ԵՄ-ն պետք է հաղթահարի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հարցում «հոգնածությունը». Դոմբրովսկիս
Ֆրիդրիխ Մերցի խնդիրը հենց ինքը՝ Ֆրիդրիխ Մերցն է
Ռումինիայի քաղաքական փակուղին սպառնում է իշխանությունը հանձնել ծայրահեղ աջերին. զգուշացնում է վարչապետի թեկնածուն