23/09/2026

EU – Armenia

«Շվեդիան վերադառնում է». Մագդալենա Անդերսոնը մեծ ծրագրեր ունի Եվրոպայի համար

Շվեդիայի ընտրություններում հաղթած քաղաքական գործիչը խոսում է Ռուսաստանի, Թրամփի և ծայրահեղ աջերի հետ կապված՝ դեռևս չավարտված խնդիրների մասին։

ՍՏՈԿՀՈԼՄ — Ընդդիմության շարքերում անցկացրած չորս տարիներից հետո Շվեդիայի նախկին վարչապետ Մագդալենա Անդերսոնը պատրաստվում է վերադառնալ իշխանության՝ նպատակ ունենալով ամրապնդել Եվրոպայի դիրքերն անկայուն աշխարհում։

Անդերսոնն այժմ կոալիցիոն բանակցություններ է վարում՝ նախապատրաստվելով վարչապետի պաշտոնում իր երկրորդ պաշտոնավարմանը՝ որպես ձախակողմյան կառավարության ղեկավար։ Նա այս ամսվա սկզբին կայացած լարված ընտրություններում հաղթանակ էր տարել աջ և ծայրահեղ աջ ուժերի նկատմամբ։

Ընտրությունների օրը բացառիկ հարցազրույցում սոցիալ-դեմոկրատների առաջնորդը ներկայացրեց շվեդական արտաքին քաղաքականության վերակողմնորոշման և ԵՄ-ի հզորացմանն ուղղված իր առաքելությունը։

IMG_1205

«Այն աշխարհում, որում մենք այսօր ապրում ենք, մեզ անհրաժեշտ է ուժեղ Եվրոպական միություն», – ասաց նա։ «Քանի դեռ Ռուսաստանը պատերազմ է մղում Ուկրաինայում, ունենք անկանխատեսելի Միացյալ Նահանգներ և Չինաստան, որը փորձում է առաջ մղել իր դիրքերը, մեզ իսկապես անհրաժեշտ է, որ Եվրոպական միությունը լինի հզոր»։

Շվեդիան ազդեցիկ դիրք ունի եվրոպական գործերում՝ շնորհիվ տնտեսական տպավորիչ ցուցանիշների և բազմաթիվ հաջողակ ընկերությունների, այդ թվում՝ տեխնոլոգիական ոլորտի հաջողակ Klarna-ի ու Spotify-ի և արտադրական հսկաներ Volvo-ի ու Saab-ի։ Եթե Անդերսոնը հաստատվի վարչապետի պաշտոնում, նա կդառնա ԵՄ 27 առաջնորդների շարքում ձախ քաղաքական ճամբարը ներկայացնող սակավաթիվ գործիչներից մեկը՝ Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի և Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի կողքին, ով վերջին շրջանում բախվում է լուրջ քաղաքական մարտահրավերների։

ԵՄ-ն ուժեղացնելու հարցում Անդերսոնի առաջնահերթությունը որոշումների կայացման գործընթացների արմատական ​​վերանայումն է, հատկապես՝ Եվրոպական խորհրդի՝ երբեմն լարված մթնոլորտում անցնող գագաթնաժողովների ժամանակ։ Անդերսոնը պաշտոնավարում էր 2022 թվականին Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժման ժամանակ և հիշում է պատժամիջոցների շուրջ քննարկումների բարդ ընթացքը, երբ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը խոչընդոտներ էր ստեղծում միաձայն աջակցություն պահանջող համաձայնագրերի ընդունման ճանապարհին։

Ըստ նրա՝ ԵՄ-ի ձայնը հզորացնելու հարցում «թիվ մեկ» խնդիրն այն է, թե արդյոք միության 27 առաջնորդները «կարող են իրականում համաձայնության գալ», երբ նստում են «միասնական սեղանի շուրջ»։ «Ուժեղ Եվրոպա ունենալը՝ միաձայնության հասնելը և դրա կարևորությունը մեր ուժեղ լինելու համար. կարծում եմ՝ սա է առանցքային հարցը»։

Այդ նպատակով Անդերսոնը ցանկանում է վերացնել արտաքին քաղաքականության ոլորտում ԵՄ յուրաքանչյուր անդամ երկրին վետոյի իրավունք տվող կանոնը։ «Կարծում եմ՝ արտաքին քաղաքականության հարցերում պետք է կիրառվի որակյալ մեծամասնության սկզբունքը», – ասել է նա՝ հավելելով, որ երբ Ուկրաինան և այլ երկրներ (օրինակ՝ Արևմտյան Բալկանների տարածաշրջանի թեկնածու երկրները) միանան ԵՄ-ին, «այս կամ այն ​​կերպ փոփոխություններ տեղի կունենան, և կարծում եմ՝ այդ ժամանակ սա պետք է դառնա քննարկման ենթակա հարցերից մեկը»։

Ռուսական ակտիվների օգտագործումը

Ոլորտներից մեկը, որտեղ ԵՄ առաջնորդները փորձեցին — և, ինչպես հայտնի է, ձախողվեցին — միաձայն համաձայնության գալ, Ուկրաինայի պաշտպանության աճող ծախսերը հոգալու նպատակով Բրյուսելի պահոցում սառեցված վիճակում գտնվող Ռուսաստանի ֆինանսական ակտիվներն օգտագործելու հարցն էր։ Անցյալ տարի համաձայնության հասնելու ջանքերը տապալվեցին Բելգիայի վարչապետ Բարտ Դե Վևերի՝ իրավական բնույթի մտահոգությունների պատճառով։

Վերջին շաբաթներին Գերմանիայի գլխավորությամբ մի խումբ երկրներ կրկին օրակարգ բերեցին այդ քննարկումը։ Ի՞նչ կարծիք ունի Անդերսոնն այդ ակտիվների ճակատագրի վերաբերյալ։ «Վերցրե՛ք դրանք, օգտագործե՛ք դրանք», — ասել է նա։

«Խնայողական» մոտեցում որդեգրած Շվեդիայի համար սա «ավելի լավ տարբերակ» է, քան ԵՄ-ի բազմամյա բյուջեի ավելացումը, որի սահմանափակմանը նա ձգտում է։ Ինչ վերաբերում է Բելգիայի իրավական մտահոգություններին՝ կապված իր իրավասության տակ գտնվող պահոցից ակտիվների առգրավման հետ, նա կտրուկ է արտահայտվում. «Ուրեմն՝ լուծե՛ք իրավական հարցերը»։

Նման վճռականությունը նորություն է Շվեդիայի համար, որը մինչև Ուկրաինա Ռուսաստանի լայնամասշտաբ ներխուժումը հետևողականորեն չեզոք դիրքորոշում էր պահպանում։ Ռուսաստանի ղեկավար Վլադիմիր Պուտինը փոխեց իրավիճակը, և 2024 թվականին Շվեդիան անդամակցեց ՆԱՏՕ-ին՝ մի որոշում, որն այժմ լայն աջակցություն է վայելում երկրի ներսում։

Ընտրարշավի վերջին օրերին կենտրոնամետ-աջերի առաջնորդ և պաշտոնը լքող վարչապետ Ուլֆ Քրիստերսոնը Անդերսոնի գլխավորած ձախակողմյան դաշինքին մեղադրեց ՆԱՏՕ-ի համար ոչ հուսալի գործընկեր լինելու մեջ՝ պատճառաբանելով, որ դաշինքի կազմում ընդգրկված չորս կուսակցություններից երկուսը սկզբնական շրջանում չէին պաշտպանում անդամակցությունը։ Անդերսոնը պնդում է, որ դա սխալ է։ «Թե՛ Ձախ կուսակցությունը, թե՛ Կանաչների կուսակցությունը հստակ հայտարարել են. այժմ, երբ մենք ՆԱՏՕ-ի անդամ ենք, պետք է լինենք դաշինքի ակտիվ և ուժեղ անդամներ», – ասել է նա։

Քարնիի մոդելը

Շվեդիան երկար ժամանակ եղել է ԵՄ-ում ազատ առևտրի ամենաեռանդուն ջատագովներից մեկը։ Այն պայմաններում, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մաքսատուրքերն օգտագործում է որպես զենք, Անդերսոնը հստակ գիտակցում է, որ «առևտուրն ու տեխնոլոգիաները» դարձել են «մեր անվտանգության մասը»։ Սակայն Կանադայի հետ Թրամփի սկսած առևտրային պատերազմը չի նվազեցրել նրա համակրանքը Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հանդեպ, ում նա ճանաչում է դեռևս ֆինանսների նախարար եղած ժամանակներից, երբ վերջինս ղեկավարում էր կենտրոնական բանկը։

«Նա հիանալի աշխատանք է կատարում», – ասել է նա։ Ակնհայտ է, որ Անդերսոնը պաշտպանում է Կանադայի և ԵՄ-ի միջև սերտ կապեր հաստատելու ջանքերը և ցանկանում է, որ Եվրոպան հետևի Քարնիի օրինակին՝ Թրամփի հետ հարաբերություններում դրսևորելով կոշտ մոտեցում։ «Եվրոպայի շահերը պաշտպանելը այն է, ինչ մենք պետք է անենք։ Կարծում եմ՝ դա Թրամփի նման քաղաքական գործիչների հետ վարվելու լավագույն եղանակն է», – նշել է նա։ Իսկ «միջին հզորության պետությունների» համագործակցության վերաբերյալ Քարնիի առաջարկած մոտեցումը համահունչ է Անդերսոնի այն տեսակետին, թե ինչ պետք է անի ԵՄ-ն՝ «ուժեղ» լինելու համար։

«Շվեդիայի նման երկրի համար, որն ունի արտահանմամբ զբաղվող խոշոր ընկերություններ, ԱՄՆ-ն կարևոր գործընկեր է,- ասել է Անդերսոնը։ – Բացի այդ, շվեդական ընկերությունները մեծ թվով աշխատատեղեր են ստեղծում ԱՄՆ-ում… Մեզ անհրաժեշտ են սերտ և ամուր հարաբերություններ ԱՄՆ-ի հետ, սակայն միևնույն ժամանակ չպետք է միամիտ լինենք»։

Անդերսոնը ցանկանում է, որ Եվրոպան դուրս գա սեփական սահմաններից և դաշինքներ փնտրի այլ վայրերում՝ օրինակ՝ Ճապոնիայի, Ավստրալիայի, Կանադայի և ԵՄ նախկին անդամ Մեծ Բրիտանիայի հետ։ «Մենք մեծ ժամանակ ենք ծախսում մեր ներքին խնդիրները լուծելու վրա, սակայն կարծում եմ՝ որպեսզի Եվրոպական միությունը հզոր լինի աշխարհում, մենք պետք է ավելի ակտիվ աշխատենք նաև դրսում»։

Նա քննադատել է Քրիստերսոնին՝ իր կարծիքով Բալթյան տարածաշրջանի վրա չափազանց մեծ շեշտադրում կատարելու և «գլոբալ հարավն» անտեսելու համար, մինչդեռ Եվրոպան այդ տարածաշրջանում դաշնակիցների կարիք ունի։ «Ես ցանկանում եմ, որ իմ կառավարությունն ակտիվ լինի համաշխարհային ասպարեզում։ Շվեդիան վերադարձել է»,- ասել է նա։

Բրեքզիտի (Brexit) չեղարկում

Անդերսոնը նաև ցանկանում է ավելի սերտ համագործակցություն Մեծ Բրիտանիայի հետ, որտեղ կենտրոնամետ-ձախակողմյան կառավարությունը նույնպես նոր ղեկավար ունի՝ ի դեմս Էնդի Բերնհեմի։ Բրիտանացիներին ուղղված նրա ուղերձն է. «Մենք կնախընտրեինք, որ դուք լինեիք Եվրոպական միության կազմում. Շվեդիան այն երկիրն է, որը կորցրեց իր ամենամոտ դաշնակցին ԵՄ-ում, երբ դուք դուրս եկաք։ Ոչ մի երկիր այնքան չի տխրում և այնքան չի կարոտում ձեզ, որքան մենք»։

Նրա կարծիքով՝ Բերնհեմն ունի «շատ հաջողակ վարչապետ» դառնալու «ներուժ»։ Թեև նա անձամբ ծանոթ չէ Բերնհեմի հետ, սակայն ասում է, որ «իսկապես անհամբերությամբ է սպասում» նրա հետ հանդիպմանը։

Կրիստերսոնի՝ պաշտոնը թողնող աջակողմյան կառավարության օրոք Մեծ Բրիտանիայում ծնված և Շվեդիայում երկար ժամանակ բնակվող որոշ մարդիկ ստիպված եղան հեռանալ երկրից։ Անդերսոնը խոստացավ վերանայել իրավիճակը։

«Սա այն հարցերից է, որոնք պետք է ուսումնասիրենք։ Չէ՞ որ Մեծ Բրիտանիայից եկած մարդիկ այստեղ են ապրում տասնամյակներ շարունակ», – ասաց նա։ «Նրանցից ոմանք արդեն տարեց են, սակայն նրանց այլևս թույլ չեն տալիս մնալ»։

Արդյոք նա կցանկանա՞ր, որ Մեծ Բրիտանիան վերադառնա ԵՄ։ Հարցը դեռ չավարտված՝ նա անմիջապես արձագանքում է. «Այո՛։ Խնդրում եմ։ Վաղը»։ Նա հավելեց. «Բայց գիտեմ, որ դա ձեր որոշելիքն է, և դուք արդեն անցկացրել եք ձեր հանրաքվեն։ Մենք հարգում ենք դա, սակայն կարոտում ենք ձեզ»։

Չավարտված գործեր

Անդերսոնը դարձավ Շվեդիայի առաջին կին վարչապետը 2021 թվականի նոյեմբերին, սակայն մեկ տարուց էլ պակաս ժամանակ անց կայացած ընտրություններում կորցրեց իշխանությունը, և նա ակնհայտորեն զգում է, որ դեռ անավարտ գործեր ունի։ Նա ստիպված էր ընդդիմության շարքերից հետևել, թե ինչպես է Կրիստերսոնը ղեկավարում երկիրը չորս տարի շարունակ՝ ծայրահեղ աջ, հակագաղթական «Շվեդիայի դեմոկրատներ» կուսակցության աջակցությամբ և ազդեցությամբ։

Այս ամիս կայացած ընտրությունները վճռորոշ փորձություն էին՝ պարզելու, թե որքանով է երկիրը պատրաստ կառավարությունում ծայրահեղ աջերի ավելի մեծ ներգրավվածությանը։ Նախընտրական քարոզարշավի ընթացքում Քրիստերսոնը խոստացավ վերընտրվելու դեպքում առաջին անգամ նախարարական պաշտոններ հատկացնել «Շվեդ դեմոկրատներ» կուսակցությանը։ Անդերսոնը ձգտում էր այդ «Ռուբիկոնը հատելու» հարցը դարձնել քարոզարշավի առանցքային թեման։

Նա պնդում է, որ «պաշտպանիչ պատնեշի» կամ «սանիտարական գոտու» (cordon sanitaire) սկզբունքի վերականգնումը, որի համաձայն՝ հիմնական հոսանքի կուսակցությունները պարտավորվում են չհամագործակցել ծայրահեղ աջերի հետ, հակաժողովրդավարական քայլ չէ։

«Ինչպե՞ս կարող է դա հակաժողովրդավարական լինել։ Ի վերջո, կուսակցություններն են որոշում, թե ում հետ ցանկանում են համագործակցել, իսկ մարդիկ կա՛մ քվեարկում են նրանց օգտին, կա՛մ՝ ոչ», — ասել է նա։ — «Եթե հստակ ներկայացնում ես քո գործելակերպը, և մարդիկ քվեարկում են քո օգտին, ապա գործընթացն այդպես էլ ընթանում է։ Ինչ վերաբերում է սոցիալ-դեմոկրատներին կամ իմ կուսակցությանը, ապա մենք, իհարկե, երբեք չենք համագործակցի «Շվեդ դեմոկրատների» նման կուսակցության հետ։ Աշխատավորական շարժումը միշտ եղել է աջակողմյան ավտորիտար և պոպուլիստական ​​կուսակցությունների ամենահզոր հակառակորդը»։

Երբեմն լարված քարոզարշավը վերածվում էր բռնության։ Նրա խոսքով՝ ամենածանր պահերն այն դեպքերն էին, երբ «քարոզարշավ իրականացնող կուսակցականները ենթարկվում էին հարձակման. դա մի քանի անգամ է պատահել՝ ֆիզիկական հարձակումներ»։

Ընտրության օրը Անդերսոնի համար վաղ սկսվեց. նա ամուսնու հետ քվեարկեց դպրոցի մարզադահլիճում։ Այնուհետև նա հանրահավաք անցկացրեց Ստոկհոլմի կենտրոնում գտնվող կուսակցական շտաբում, որտեղ ABBA-ի լեգենդ Բենի Անդերսոնը բեմում իր աջակցությունը հայտնեց նրան՝ կատարելով «Mamma Mia» երգը (հանդիսատեսը միացավ երգին՝ բառերը փոխելով «Magdalena»-ի)։

Օրվա մնացած մասին նրա կարմիր քարոզչական ավտոբուսը շրջում էր քաղաքի ծայրամասերով. նա պարբերաբար դուրս էր գալիս՝ հանդիպելու բնակիչներին և կուսակցության կամավորներին՝ վերջին պահի ջանքեր գործադրելով ընտրողների մասնակցությունն ապահովելու համար։ Տնետուն այցելելու գործընթացը «հիանալի» էր, ասաց նա, և ակնհայտ է, թե որքան է նա վայելում քարոզարշավի ընթացքում ընտրողների հետ շփումը։ «Միշտ նոր բան ես սովորում»։

Անդերսոնը նշեց, որ ծանրաբեռնված գրաֆիկի պայմաններում լավ ինքնազգացողություն պահպանելու գաղտնիքը «լավ սնունդն» ու ֆիզիկական վարժություններն են, թեև քարոզարշավի ընթացքում հեծանվավարությունը, արշավները և կայակինգը ստիպված էր փոխարինել քայլքով ու մարզասրահով։ Եվ, իհարկե, կենսական նշանակություն ունի բավարար հանգիստը։ «Ես միշտ լավ եմ քնում», – ասաց նա։ «Ես հիանալի կարողանում եմ կարճատև քնել՝ ուժերը վերականգնելու համար»։

Հաշվի առնելով աշխարհում տիրող իրավիճակը՝ դա կարող է ամենաօգտակար հմտությունը լինել։