Նորահայտ բիզնեսմեն Նարեկ Նալբանդյանը 2018-ից հետո «իշխանության սրտի օլիգարխ» բնութագրումը ստացավ եւ սկսեց բիզնեսն ընդլայնել:
Մինչեւ 2018-ը նրան պատկանում էին Մասիսի եւ Տափերականի ալրաղացները, «ՄԱՆ» բեռնատարների սպասարկման կենտրոնը, հիմա` «88», «Ծիրան» սուպերմարկետները, «Նալբանդյան» օղու, Եղվարդի կերերի, ջրերի գործարանները, «Շիրակ» թռչնաբուծարանը, Մեղրաձորի ոսկու հանքը, Նոր Հաճնի ադամանդի գործարանը, Ծաղկաձորի «Գոլդեն Փելիս» («Eighty Eight Deluxe Hotel & Spa»), Սեւանի «Հայրապետ» հյուրանոցը, նաեւ՝ «Հրազդանցեմենտը»։
Հրապարակ թերթը զրուցել է Նարեկ Նալբանդյանի հետ:
– Ինչպե՞ս է ստացվում, որ ձեռք եք բերում այն գործարանները, որոնք սնանկ են ճանաչվում, եւ որոնք ոչ ոք չի ցանկանում գնել։ Իշխանության հովանավորչությո՞ւնն է պատճառը:
– Կտրականապես չեմ ընդունում այն ձեւակերպումը, թե իմ բիզնես գործունեության հետեւում որեւէ քաղաքական հովանավորչություն կա։ Ես որեւէ քաղաքական ուժի հետ առնչություն չունեմ, չեմ ունեցել, քաղաքականությամբ զբաղվելու ցանկություն էլ չունեմ։ Իմ գործունեության դաշտը տնտեսությունն ու արտադրությունն են, եւ կարծում եմ՝ բիզնեսը պետք է գնահատել ոչ թե քաղաքական պիտակներով, այլ՝ ներդրումներով, ստեղծված աշխատատեղերով, վճարված հարկերով եւ իրական արդյունքով։ Ինչ վերաբերում է նրան, թե ես ձեռք եմ բերում գործարաններ, որոնք ոչ ոք չի ցանկանում, ապա ես հաճախ ներդրում եմ կատարում խնդիրներ ունեցող ձեռնարկություններում՝ այնպիսի ակտիվներում, որոնք տարիներ շարունակ չեն աշխատել ամբողջ հզորությամբ կամ կանգնած են եղել։ Ձեռքբերումից հետո աշխատանքը ոչ թե ավարտվում, այլ նոր է սկսվում՝ ներդրումներ, վերազինում, արտադրության վերականգնում, աշխատատեղերի ստեղծում։ Օրինակ՝ Հրազդանի ցեմենտի գործարանը դեռ 2017-ին ճանաչվել է սնանկ, իսկ 2026-ին վաճառքի է հանվել։ Եթե որեւէ մեկը պնդում է, որ այստեղ եղել է քաղաքական հովանավորչություն, թող մատնանշի՝ կոնկրետ ինչ արտոնություն, որ որոշումը, կամ ինչ բացառիկ պայման է ինձ տրվել։ Ես իմ բիզնեսը չեմ կառուցել քաղաքական կապերի վրա։ Իշխանությունները փոխվում են, իսկ ներդրումները, արտադրությունը, աշխատատեղերն ու պետությանը վճարվող հարկերը մնում են։ Հնարավոր է՝ շատերի համար այսօր դժվար է հավատալ, որ Հայաստանում կարելի է մեծ բիզնես կառուցել՝ առանց քաղաքական կապերի։ Ես հասկանում եմ այդ կասկածը։ Բայց իմ անցած ճանապարհն ապացուցում է, որ դա հնարավոր է։ Ես չեմ սկսել մեծ կապիտալով կամ պատրաստի բիզնեսով, այլ զրոյից՝ քայլ առ քայլ սովորելով, սխալվելով, նորից փորձելով, բանկային ֆինանսավորում ներգրավելով եւ տարիների ընթացքում իմ շուրջ ուժեղ թիմ ձեւավորելով։ Եթե այսօր իմ գործունեության մասշտաբը հարցեր է առաջացնում, ես պատրաստ եմ պատասխանել դրանց փաստերով՝ որտեղից է ձեւավորվել կապիտալը, ինչպես են ֆինանսավորվել գործարքները, որքան է ներդրվել, քանի աշխատատեղ է ստեղծվել, որքան հարկ է վճարվել։ Սա նաեւ ուղերձ է բոլորին՝ Հայաստանում հնարավոր է սկսել զրոյից, թիմ ձեւավորել, աշխատել եւ առաջ գնալ՝ առանց քաղաքական հովանավորության։
– «Հրազդանցեմենտն» ի՞նչ գնով էր հանվել աճուրդի։ Ասացին՝ 45 մլն դոլար է եղել, գնել եք 31 մլն-ով:
– Ես կառաջարկեի առաջնորդվել բացառապես աճուրդի պաշտոնական փաստաթղթերով, ոչ թե հանրային դաշտում շրջանառվող թվերով։ «Հրազդան ցեմենտ քորփորեյշն»-ին պատկանող՝ աճուրդի դրված գույքը գնահատված էր մոտ 15,228 մլրդ դրամ, «Պրոյեկտ Ինտեր-Ինվեստ»-ն այն ձեռք է բերել մոտ 11,101 մլրդ դրամով։ Ինչպես է ձեւավորվել վերջնական գինը․ աճուրդը կազմակերպվել է մի քանի անգամ, նախորդ աճուրդներին գնորդ չի եղել, յուրաքանչյուր հաջորդ աճուրդի ժամանակ գինը նվազել է սահմանված ընթացակարգով։ Այսինքն՝ վերջնական գինը չի ձեւավորվել Նարեկ Նալբանդյանի կամ գնորդ ընկերության հետ անհատական պայմանավորվածության արդյունքում, այլ եղել է հրապարակային աճուրդային գործընթացի հետեւանք։ Հետեւաբար, շրջանառվող 45 եւ 31 մլն դոլար թվերը՝ առանց աճուրդների ամբողջ ընթացքը ներկայացնելու, կարող են սխալ պատկերացում ստեղծել, թե գործարանը վաճառվել է նախնական արժեքից զգալի ցածր գնով։ Մինչդեռ փաստն այն է, որ վաճառվել է հրապարակային աճուրդով, որին հնարավորություն են ունեցել մասնակցելու այլ հավանական գնորդներ եւս։ Գնորդը չի որոշել ո՛չ մեկնարկային գինը, ո՛չ նվազեցման չափը, ո՛չ աճուրդի պայմանները։ Նա մասնակցել է արդեն սահմանված պայմաններով անցկացվող հրապարակային գործընթացին եւ գույքը ձեռք է բերել տվյալ պահին գործող աճուրդային գնով։ Եթե որեւէ մեկի մոտ կասկած կա, մենք շահագրգռված ենք, որ ուսումնասիրվեն աճուրդի փաստաթղթերը, գործարքների օրինականությունը գնահատվի փաստաթղթերով, ոչ թե քաղաքական ենթադրություններով։
– Ասում են նաեւ, որ Ձեզ ստիպել են գնել գործարանը։
– Ո՛չ, ինձ ոչ ոք չի ստիպել եւ չէր էլ կարող ստիպել՝ ձեռք բերել մի ակտիվ, որի հետ կապված՝ ես եւ իմ ընկերությունը ստանձնում ենք ոչ միայն ֆինանսական, այլեւ հետագա ներդրումային ու կառավարչական զգալի պատասխանատվություն։ «Հրազդանցեմենտի» ձեռքբերումը բիզնես որոշում է։ Խոսքը տարիներ շարունակ ամբողջ հզորությամբ չաշխատած, սնանկության գործընթաց անցած արտադրական համալիրի մասին է, որի վերագործարկումը պահանջելու է լրացուցիչ ներդրումներ, տեխնիկական վերազինում, երկարաժամկետ աշխատանք։ Ավելին՝ գործարանի գույքի վաճառքը կազմակերպվել է հրապարակային աճուրդով՝ սնանկության վարույթի շրջանակում։ Աճուրդի պայմանները, մեկնարկային արժեքը եւ մասնակցության կարգը հրապարակային են եղել։ Ես նման ակտիվների ձեռքբերումը դիտարկում եմ առաջին հերթին դրանց տնտեսական ներուժի տեսանկյունից։ Եթե ուսումնասիրությունից հետո տեսնում ենք, որ հնարավոր է վերականգնել արտադրությունը եւ ստեղծել աշխատող բիզնես, պատրաստ ենք ստանձնել այդ ռիսկը։ Եթե կա տեղեկություն, որ որեւէ պետական պաշտոնյա կամ որեւէ այլ անձ ինձ «ստիպել է» գնել գործարանը, ես ինքս շահագրգռված եմ, որ հրապարակվի՝ ով է ստիպել, եւ ինչ փաստով է դա հիմնավորվում։ Առանց այդ տվյալների՝ դա տեղեկություն չէ, այլ՝ ենթադրություն։ Ես պատասխանատվություն եմ կրում իմ կայացրած բիզնես որոշումների համար եւ չեմ պատրաստվում դրանց պատասխանատվությունը վերագրել ո՛չ իշխանությանը, ո՛չ որեւէ այլ անձի։
– Ո՞վ է վճարելու աշխատակիցներին աշխատավարձի պարտքը։ Գործարանը ե՞րբ կսկսի աշխատել, նախկին աշխատակիցները կաշխատե՞ն, թե՞ նոր կադրեր եք ընդունելու:
– Պետք է տարանջատել իրավական պարտավորությունը եւ մեր սոցիալական մոտեցումը։ Նախկինում ձեւավորված աշխատավարձային պարտավորությունների պատասխանատու կողմը պետք է որոշվի ձեռքբերման եւ աճուրդային փաստաթղթերով։ Այդ մասով որեւէ պարտավորություն չեմ ցանկանում հայտարարել՝ առանց պայմանագրային փաստաթղթին հղում կատարելու։ Ինչ վերաբերում է գործարանի ապագային՝ մենք այն ձեռք չենք բերել որպես անշարժ գույք։ Մեր նպատակն արտադրության վերականգնումն է։ Նախատեսվում է տեխնիկական վիճակի գնահատում, սարքավորումների վերազինում եւ փուլային վերագործարկում։ Նախկին աշխատակիցների մասով նույնպես մոտեցումը պարզ է. եթե գործարանում տարիներ աշխատած մասնագետներն ունեն անհրաժեշտ փորձ եւ համապատասխանում են նոր արտադրական պահանջներին, տրամաբանական է առաջին հերթին դիտարկել նրանց վերադարձը։ Նրանք ունեն մի բան, որը հնարավոր չէ արագ գնել կամ ստեղծել՝ տարիների փորձ։ Միաժամանակ, արդիականացված արտադրությունը կարող է պահանջել նաեւ նոր մասնագիտություններով աշխատակիցներ։ Հետեւաբար, նպատակը «հներին փոխարինելը» չէ, այլ աշխատունակ, ժամանակակից եւ երկարաժամկետ թիմ ձեւավորելը։
– Ինչո՞ւ են Ձեր անունը կապում Նիկոլ Փաշինյանի ընտանիքի հետ:
– Այդ հարցն ինձ տարիներ շարունակ տվել են, ես բազմիցս հրապարակային հերքել եմ։ Բայց վերջին իրադարձություններից հետո կա շատ կարեւոր նոր հանգամանք. վարչապետն անձամբ հայտարարել է, որ իր ընտանիքը բիզնես շահեր չունի, եւ իրավապահ մարմիններին հանձնարարել է ստուգել նաեւ իմ անվան շուրջ շրջանառվող տեղեկությունները։ Ես նույն օրը հրապարակային ողջունել եմ այդ դիրքորոշումը եւ հայտարարել, որ չունեմ անձնական, ընտանեկան կամ գործարար կապեր ո՛չ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ո՛չ նրա ընտանիքի անդամների հետ։ Հետեւաբար, ես առավել քան շահագրգռված եմ, որ ցանկացած նման պնդում ստուգվի իրավապահների կողմից։ Եթե որեւէ մեկը պնդում է, որ ես որեւէ գործարքի ժամանակ օգտագործել եմ վարչապետի, նրա ընտանիքի կամ որեւէ այլ քաղաքական գործչի անունը, թող ներկայացնի կոնկրետ փաստ՝ ում եմ ասել, երբ, որ գործարքի ժամանակ եւ ինչ առավելություն եմ ստացել դրա արդյունքում։ Ես պատրաստ եմ պատասխանել յուրաքանչյուր կոնկրետ փաստի։ Բայց հնարավոր չէ տարիներ շարունակ պատասխանել անանուն աղբյուրներին եւ «ասում են» ձեւակերպումներին։ Իմ բիզնեսի վերաբերյալ կարելի է քննարկել ցանկացած հարց՝ ֆինանսավորում, վարկեր, ձեռքբերման գներ, հարկեր, ստուգումներ, ներդրումներ։ Դա նորմալ է։ Բայց քաղաքական կապի մասին պնդումը պետք է ապացուցվի նույն չափանիշով, ինչպես ցանկացած այլ լուրջ մեղադրանք։
– Աննա Հակոբյանը կոչ արեց բոյկոտել «88» ցանցը, Ձեր հաճախորդները պակասեցի՞ն։
– Այո՛, նման հայտարարություն եղել է։ Դրանից հետո եղել են նաեւ պետական մարմինների ներկայացուցիչների հրապարակային հայտարարություններ` գլխավոր դատախազը հայտնել է ինձ առնչվող քրեական վարույթի մասին։ Այդ գործընթացների ֆոնին որոշ ժամանակով սահմանափակվել էին նաեւ բանկային գործառնությունները, ինչը, բնականաբար, ազդեց բիզնեսների բնականոն աշխատանքի եւ նախագծերի իրականացման տեմպերի վրա։ Ես չեմ ուզում սա անձնական կամ քաղաքական հակամարտության վերածել։ Բայց կարծում եմ՝ կա շատ ավելի կարեւոր հարց․ երբ պետական համակարգը ներկայացնող կամ հանրային մեծ ազդեցություն ունեցող անձը որեւէ բիզնեսի վերաբերյալ հայտարարություն է անում, այդ խոսքը չի մնում որպես պարզապես խոսք, այն կարող է ունենալ շատ կոնկրետ տնտեսական հետեւանքներ՝ ազդել բանկերի, գործընկերների, մատակարարների, ներդրողների, ի վերջո՝ հազարավոր աշխատակիցների վրա։ Յուրաքանչյուր հրապարակային հայտարարությունից առաջ պետք է գնահատել ոչ միայն դրա քաղաքական կամ հանրային արձագանքը, այլեւ հնարավոր տնտեսական հետեւանքները։ Բիզնեսի շուրջ չհիմնավորված հայտարարությունները կարող են մեկ օրում խոչընդոտել այն նախագծերին, որոնց հետեւում տարիների աշխատանք, ներդրումներ, վարկային պարտավորություններ եւ աշխատատեղեր են կանգնած։ Ինչ վերաբերում է վաճառքներին՝ բնականաբար, նման հրապարակային կոչերը չեն կարող նպաստել որեւէ բիզնեսի աշխատանքին։ Բայց մեր պատասխանը դրան քաղաքական հակադարձումը չէ։ Մեր պատասխանը պետք է լինի ավելի լավ սպասարկումը, անվտանգ եւ որակյալ ապրանքը, մրցունակ գինը, նոր ներդրումներն ու հաճախորդի վստահությունը։ Պետք չէ հաճախորդների վարքագիծը քաղաքականացնել։ Մեր խանութներ ամեն օր գալիս են տարբեր հայացքներ եւ քաղաքական համոզմունքներ ունեցող հազարավոր մարդիկ։ Նրանք մեզ ընտրում են ոչ թե քաղաքական դիրքորոշման, այլ՝ գնի, տեսականու, սպասարկման եւ հարմարության համար։ Եթե խոսում ենք կոնկրետ ժամանակահատվածի մասին, ճիշտ կլինի հրապարակել ոչ թե գնահատական, այլ՝ թիվ․ հաճախորդների քանակի եւ շրջանառության փոփոխությունը, նախորդ համադրելի ժամանակահատվածի նկատմամբ մենք ունեցել ենք հաճախորդների աճ, քանի որ մեր խանութների ցանցն ընդլայնվել է։

Բաց մի թողեք
Նիկոլ Փաշինյանի դպրոցը վերածվել է ՔՊ-ի գրասենյակի
Սրանից պարզ ո՞նց ասի մարդը, որ սարսափում է․․․
Փաշինյանը հակահայկական հայտարարություններ է անում Երևանում անցկացվող միջազգային համաժողովում