Բաքուն նախատեսում է ընդլայնել Մարտակերտում, Քարվաճառում և Կովսականում ոսկու, պղնձի և մոլիբդենի հանքավայրերի շահագործումը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ նշելով, որ Մարտակերտում աշխատանքներն արդեն սկսվել են, իսկ մյուս երկու շրջաններում դրանք նախատեսվում է սկսել մոտ ապագայում։
Մարտակերտում Ադրբեջանն արդեն շահագործում է Կաշենի հանքավայրը, որն ադրբեջանական կողմն անվանում է «Դեմիրլի»։ «AzerGold»-ի տվյալներով՝ հանքաքարի վերամշակման համալիրի տարեկան հզորությունը 5,6 միլիոն տոննա է։ Ընկերությունը նախատեսում է 2025–2030 թվականներին Չինաստան արտահանել շուրջ 85 հազար տոննա պղինձ՝ մոտ 941 միլիոն դոլար ընդհանուր արժեքով։ Նախնական հետախուզությամբ հայտնաբերվել է նաև մոտ 470 հազար տոննա լրացուցիչ պղնձի պաշար։
Կաշենի հանքի շահագործման պատմությանը ծանոթ է նաև «Base Metals» ընկերության նախկին երկրաբան Ստեփան Պետրոսյանը։ Նրա խոսքով՝ Դրմբոնի հանքավայրում պաշարների նվազումից հետո մասնագետների մի մասը տեղափոխվել է Մարտակերտի շրջանի Ծաղկաշեն՝ Կաշենի բաց հանքավայրում աշխատելու։
Սակայն 2020 թվականի պատերազմից հետո Կաշենի աշխատանքները պարբերաբար դադարեցվել են։ «Ժամանակ առ ժամանակ աշխատանքը կանգնում էր․ կրակում էին։ Ամիսներով չենք աշխատել, իսկ բլոկադայի ժամանակ աշխատանքն ամբողջությամբ դադարեցվել է»,– պատմում է Ստեփան Պետրոսյանը։
Նրա խոսքով՝ Դրմբոնի և Կաշենի հանքավայրերի շահագործումը ոչ միայն տնտեսական նշանակություն ուներ, այլև ապահովում էր Հայաստանի ու Արցախի բազմաթիվ ընտանիքների ապրուստը։ «Այդ հանքավայրերը ժամանակին նույն ծավալներով մենք էինք շահագործում, իսկ հանքահումքը տեղափոխվում էր Ալավերդու պղնձամոլիբդենային կոմբինատ։ Դրմբոնի և Կաշենի հանքավայրերը հազարավոր մարդկանց եկամտի հիմնական աղբյուրն էին։ Մասնագետներից շատերը, այդ թվում ես, Հայաստանի տարբեր մարզերից ընտանիքներով տեղափոխվել էինք Արցախ և տարիներ շարունակ աշխատում ու ապրել ենք այնտեղ։ Հանքանյութը հետազոտվում և մշակվում էր նաև տեղում։ Խոսքը մեծ տնտեսական շրջանառության մասին էր»,- ասում է Պետրոսյանը։
Այսօր Ադրբեջանի վերահսկողության տակ են անցել Արցախի մի շարք խոշոր հանքավայրեր։ Կաշենից և Դրմբոնից բացի, Բաքուն ծրագրում է ընդլայնել աշխատանքները Քարվաճառում և Կովսականում։ Քարվաճառում աշխատանքներ են իրականացվում Սոթքի հանքավայրի՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած հատվածում, իսկ Կովսականում նախատեսվում է ուսումնասիրել և շահագործել տեղի հանքավայրը։
Ադրբեջանի նոր պետական ծրագիրը նախատեսում է առաջիկա տարիներին ընդլայնել երկրաբանական հետախուզությունն ու ավելացնել հանքարդյունաբերության արտահանման ծավալները։ Այսպիսով, Արցախի հանքավայրերը ներառվում են Ադրբեջանի հանքարդյունաբերական զարգացման երկարաժամկետ ծրագրերում։

Բաց մի թողեք
Հաջիեւը՝ Ադրբեջանի հաջորդ նախագա՞հ․ Ալիեւի նենգ խաղը
Բաքվի դիրքորոշումը՝ TRIPP-ի հարցում․ Նյու Յորքում քննարկում է եղել
Հայաստանը պետք է ընտրություն կատարի․ Կրեմլը սպառնո՞ւմ է