24/09/2026

EU – Armenia

«Եթե Փաշինյանը գնաց, մենք կորած ենք»

Շատերն են հարցնում՝ ինչո՞ւ է Նիկոլ Փաշինյանն անում այնպիսի քայլեր, որոնք իրեն դարձնում են ժողովրդի աչքի գրող։ Ախր կար ժամանակ, երբ նա այդպես չէր։ Այդ ժամանակը 2018-ն էր, երբ ժողովուրդն իր քվեն իսկապես տվել էր Փաշինյանին ու հավատում էր նրան։

Այսօր պատկերը փոխվել է։ Եվ երբ հարցնում եք՝ ինչո՞ւ է Փաշինյանը իր ու իր չինովնիկների աշխատավարձերը նորից ու նորից բարձրացնում, իսկ այդ ֆոնին թոշակառուների մահվան նպաստը կտրելու ծրագիր է մտցնում՝ դրանով էլ ավելի զայրացնելով հանրությանը, պատասխանը, կարծում եմ, շատ պարզ է։

Փաշինյանի խնդիրը վաղուց արդեն հանրության վստահությունը վերադարձնելը չէ։ Նա գիտի, որ այն կորցրել է։ Նրա համար ավելի կարևոր է պահպանել այն համակարգը, որն իրեն պահում է իշխանության՝ նույնիսկ հանրային դժգոհության պայմաններում։
Քաղաքագիտական բարդ տերմիններ պետք չեն։ Բավական է նայել՝ իշխանությունն ում վրա է հենվում։ Ուժայինների, նախարարների, պետական բարձր պաշտոնյաների, վարչական ապարատի։ Ժողովուրդը այդ հենարանի մեջ գնալով ավելի քիչ տեղ ունի։
Եթե իշխանության իրական հենարանը հասարակական վստահությունը չէ, ապա կարևոր է պահել այն մարդկանց, որոնց միջոցով այդ իշխանությունը շարունակում է գործել։ Իսկ նրանց ո՞նց պետք է պահել։
Փողով՝ որ շահագրգռված լինեն։
Պաշտոնով՝ որ կորցնելու բան ունենան։
Եվ վախով՝ որ մտածեն՝ հանկարծ հաջորդը ես չլինեմ։
Ու այստեղ է սկսվում ամեն ինչ։ Նրանց գլխում աստիճանաբար ձևավորվում է մի պարզ միտք՝ «Եթե Փաշինյանը գնաց, մենք կորած ենք»։

Այդ պահից պետական ծառայությունը սկսում է մոտենալ անձնական հավատարմությանը։ Որովհետև իշխանության փոփոխությունը տվյալ մարդու համար այլևս պարզապես քաղաքական փոփոխություն չէ․ այն դառնում է սեփական պաշտոնի, եկամտի ու դիրքի կորստի վտանգ։ Ու ո՞նց կլինի, որ Փաշինյանը չբարձրացնի իր իշխանությունը պահողների աշխատավարձերը, նրանց հավելավճարների մեջ չլողացնի։ Եթե առաջ ժողովուրդն էր նրա հենարանը, այսօր այդ հենարանը փոխվել է։

Եվ եթե մի օր Փաշինյանը դադարի կերակրել իր իշխանությունը պահողներին, հենց նրանք էլ առաջինը կքաշեն նրա աթոռը։ Սա արդեն մի ուրիշ տեսակի կառավարում է։

Ժողովրդի վստահության վրա չէ, այլ համակարգի շահագրգռվածության ու վախի վրա։ Ու այդպիսի իշխանությունը իսկապես մազից է կախված։ Պարզապես մազը ժողովուրդը չէ։