ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի 81-րդ նստաշրջանի շրջանակում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպումը: Կառավարության կայքէջից տեղեկանում ենք, որ զրուցակիցներն անդրադարձել են Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացին եւ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացմանը։
Ընդգծվել է կարգավորման գործընթացն առաջ մղելու կարեւորությունը եւ հարաբերություններին նոր ազդակ հաղորդելու պատրաստակամությունը: Այդ առումով, կողմերն անհրաժեշտ են համարել առեւտրատնտեսական հարաբերությունների խթանմանը, գործարար շրջանակների միջեւ կապերի ձեւավորմանը, ինչպես նաեւ Անիի պատմական կամրջի համատեղ վերականգնմանը միտված աշխատանքների հետեւողական իրականացումը։ Մտքեր են փոխանակվել նաեւ տարածաշրջանային հարցերի շուրջ: Նիկոլ Փաշինյանը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շեշտել են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության հաստատման փաստը՝ վստահություն հայտնելով, որ այն էական ազդեցություն կունենա տարածաշրջանային համագործակցության զարգացման գործում։ Այդ համատեքստում ընդգծվել է TRIPP նախագծի իրականացման ու տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակման անհրաժեշտությունը։ Փաշինյանն այլ հանդիպումներ էլ է ունեցել: Օրինակ, հանդիպել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի, Ռումինիայի նախագահի հետ:
Մարդկային զարգացման միջազգային կենտրոնի ղեկավար, քաղաքագետ Թեւան Պողոսյանը «Հրապարակի» հետ զրույցում վստահեցնում է, որ Նիկոլ Փաշինյանը լեգիտիմ ղեկավար չէ, ուստի նրա որեւէ հանդիպում չի կարող լինել առանցքային ու նշանակալից: Պողոսյանի պնդմամբ` եթե հայ հանրությունը ցանկանում է իրազեկվել, թե ինչի մասին է եղել Հայաստանի վարչապետի այցն այս կամ այն երկիր, ապա պետք է հետեւի թշնամի պետությունների ղեկավարների կամ ԱՄՆ նախագահի հայտարարություններին. «Այցելել է ԱՄՆ, հանդիպել է Էրդողանի հետ կամ Իրանի նախագահի հետ: Օրինակ, Իրանի նախագահն ասե՞լ է, որ ԹՐԻՓՓ-ը չի խանգարելու Իրանին։ Չի ասել: Լսե՞լ եք, որ Ադրբեջանը սանկցիաների պատճառով դադարեցնում է Ադրբեջան-Իրան թռիչքները, իհարկե` ոչ: Այն, ինչ խոսել է այս իշխանությունը, վերջում սուտ է դուրս եկել։ Ցավոք սրտի, այն, ինչ ասել են մեր թշնամիները, դրանք են եղել ճշմարտությունը։ Այնպես որ, եթե բոլոր նրանք, ովքեր ցանկանում են կանխատեսումներ անել եւ հասկանալ, թե ինչ է տեղի ունենալու առաջիկայում, կարող են լսել մեր թշնամի պետությունների ղեկավարներին: Նրանք հստակ ասում են ամեն բան: Պետք է հետեւել նաեւ ԱՄՆ նախագահի հայտարարություններին, Չինաստանի, Իսրայելի, Իրանի ղեկավարների ելույթներին, ՌԴ նախագահին եւ այլն: Նրանք ինչ խոստանում են, անելու են»:
Թեւան Պողոսյանն անդրադարձավ նաեւ Ադրբեջանի նախագահի եւ, առհասարակ, ադրբեջանական բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններին. «Ադրբեջանն այլեւս պատկերացնում է, որ ողջ Հայաստանն իրենն է: Պատահական չէ, որ Բաքվում այդքան շատ են խոսում «Արեւմտյան Ադրբեջանի» մասին: Խոսում են այն մասին, որ չկա հայկական ծագումնաբանություն, վերջում էլ ասելու են` Արմենիա չի եղել, եղել է Ալբանիա: Սովետական ժամանակներում Պարույր Սեւակը, երբ Գրողների միության նախագահն էր, լավագույնս պատասխանել է ադրբեջանական ստերին: Ադրբեջանցի մի գիտնական ասել էր, որ Դադիվանքը, Գանձասարը եւ մյուս եկեղեցիները աղվանական են: Սեւակը մի նամակ էր գրել, ասելով` հպարտ եմ լինել այն ազգի ներկայացուցիչը, որ մեկ գիշերվա մեջ կարողացել է քանդել բոլոր շինությունները՝ դրանք դարձնելով հայկական, քարերի վրա այդքան հայերեն փորագրություններ անել եւ այլն: Ցավոք սրտի, այսօր այդ տեսակը չկա այլեւս, Մատենադարանի ղեկավարը՝ չհասկացա անգամ, թե ինչ էր ասել որպես պարզաբանում: Ասում է` լուրջ պետք չէ ընդունել ադրբեջանցիների ասածները: Այս իշխանությունը բոլոր հարցերի վերաբերյալ ունի նույն վերաբերմունքը: Մատենադարանի տնօրենն էլ է իրենց նշանակածը: Մի իշխանություն եթե ասում է` պետք չէ լուրջ ընդունել թշնամու ասածը, ուրեմն այդ իշխանությանը չպետք է լուրջ ընդունել»:

Բաց մի թողեք
Ուզում էինք երկու տեղ առաջադրվել, հետո փոշմանեցինք․ Լուսանկար
Մենք լրիվ այլ զեկույցի էինք սպասում
Աշխեն Ալեքսանյանը բանտից դուրս կգա 8-9 ամսից. Լուսանկար