25/09/2026

EU – Armenia

Ալավերդու համայնքապետը 12 անշարժ և 3 տրանսպորտային միջոց ունի․ ի՞նչ ունեցվածք է հայտարարագրել ՔՊ-ական Դավիթ Ղումաշյանը. Լուսանկար

«Շարունակում ենք ընթերցողներին ներկայացնել համայնքների ղեկավարների հայտարարագրած ունեցվածքը։ Այս անգամ ուսումնասիրել ենք Լոռու մարզի Ալավերդի խոշորացված համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանի՝ 2025 թվականի տարեկան հայտարարագիրը։

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Դավիթ Ղումաշյանը համայնքային կառավարման ոլորտում պաշտոններ է զբաղեցրել դեռևս 2016 թվականից։ 2016 թվականի հոկտեմբերի 2-ին նա ընտրվել է Լոռու մարզի Շնող համայնքի ղեկավարի պաշտոնում, իսկ 2017 թվականի նոյեմբերի 5-ին՝ արդեն Շնող խոշորացված համայնքի ղեկավար։

2023 թվականին զբաղեցրել է «Թեղուտ» ՓԲ ընկերության գլխավոր տնօրենի խորհրդականի պաշտոնը։ 2023 թվականի դեկտեմբերի 8-ին ստանձնել է Լոռու մարզի Ալավերդի խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնը։ Ղումաշյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։

Անշարժ գույք

Հայտարարագրի համաձայն՝ 2025 թվականի վերջում Դավիթ Ղումաշյանն ունեցել է 12 միավոր անշարժ գույք։ Դրանց թվում են հողամասեր, Ռուսաստանի Դաշնությունում գտնվող բնակարան, Ալավերդիում հասարակական և արտադրական նշանակության շինություններ, անհատական բնակելի տներ և բնակարաններ։ Գույքի մի մասը նրա սեփականությունն է, իսկ մյուսները՝ բաժնային կամ համատեղ սեփականության իրավունքով։

2025 թվականին Ղումաշյանը ձեռք է բերել ևս երկու հողամաս՝ երկուսն էլ Ալավերդիում։ Առաջինը ձեռք է բերել նոյեմբերի 27-ին՝ 200 հազար դրամով, իսկ երկրորդը՝ նոյեմբերի 28-ին՝ 300 հազար դրամով։ Երկու դեպքում էլ ձեռքբերման եղանակը եղել է գնումը։

Բացի սեփականության իրավունքով հայտարարագրված գույքից՝ 2025 թվականին նա 90 և ավելի օր փաստացի տիրապետել է ևս երկու հողամասի։

Շարժական գույք

2025 թվականի տարեվերջի դրությամբ Ղումաշյանի հայտարարագրում առկա է 3 տրանսպորտային միջոց՝ 2015 թվականի արտադրության Harley-Davidson XL1200X մոտոցիկլ, 2016 թվականի արտադրության 829450 կցորդ և 2016 թվականի արտադրության Chevrolet մարդատար ավտոմեքենա։

Հայտարարագրի համաձայն՝ 2025 թվականին տրանսպորտային միջոց ձեռք բերելու կամ օտարելու մասին տվյալներ չկան։

Եկամուտ և դրամական միջոցներ

2025 թվականին Դավիթ Ղումաշյանի ընդհանուր եկամուտը կազմել է 5,976,401 դրամ։ Դրանից 330,212 դրամը ստացել է ՀՀ ֆինանսների նախարարությունից, 831,075 դրամը՝ Ալավերդու համայնքապետարանի աշխատակազմից՝ որպես այլ եկամուտ, իսկ 4,815,114 դրամը՝ նույն համայնքապետարանից՝ որպես աշխատանքի վարձատրություն և դրան հավասարեցված այլ վճարումներ։

Տարվա սկզբին Ղումաշյանի մոտ եղել է 5 մլն դրամ կանխիկ գումար, որը տարեվերջին նվազել է՝ հասնելով 3 մլն դրամի։ Բանկային հաշվի մնացորդը տարվա սկզբի 249,035 դրամից տարեվերջին աճել է մինչև 557,871 դրամ։

Այսպիսով, 2025 թվականի ավարտին ՔՊ-ական Ալավերդու համայնքապետ Դավիթ Ղումաշյանի հայտարարագրում առկա է 12 անշարժ գույք և 3 տրանսպորտային միջոց, իսկ տարվա ընթացքում նա ձեռք է բերել երկու նոր հողամաս»։

Blog Image