26/09/2026

EU – Armenia

Եկեղեցին հայ ժողովուրդն է․ ո՞ւմ դեմ ես պայքարում

Էդ որ թուրքական հանդիպում- սրտիկներից հետո Նիկոլ Փաշինյանն ասում է՝ Եկեղեցին «բռնազավթված է», ի՞նչ եք մտածում։ Եկեք մի պահ հետ գնանք։ Երբ դպրոցից հանվեց «Հայոց եկեղեցու պատմություն» առարկան՝ ի՞նչ էիք մտածում։

Հրապարակ թերթը գրել է․ Երբ հարձակում սկսեց մեր խաչքարերի, եկեղեցական ժառանգության ու ազգային հիշողության դեմ, դա Գարեգին Բ-ի դեմ պայքա՞ր էր։ Երբ Եկեղեցին սկսեցին ներկայացնել որպես մի կառույց, որի հետ կարելի է վարվել այնպես, ինչպես քաղաքական հարմարությունն է թելադրում, դա՞ էլ Գարեգին Բ-ի դեմ էր։ Երբ մեր Եկեղեցու հետ վարվում են այնպես, ինչպես հակառակորդին է հաճո, դա ոչինչ չի՞ ասում։

Իսկ հիմա՝ բարեփոխում է սիրտը ուզում։ Հակասահմանադրական նոր փորձարկում։ Նոր «փրկություն» մի բանից, որի կարիքը, չգիտես ինչու, հանկարծ հենց իշխանությունն է հայտնաբերել։ Միայն թե ինչ-որ բան տարօրինակ է։ Եթե պայքարը մեկ մարդու դեմ է, ինչո՞ւ է ճանապարհին անընդհատ հայտնվում ամբողջ Եկեղեցին։ Եկեղեցին հայ ժողովրդի հավաքական աղոթատեղին է։ Այն միայն պատերն ու գմբեթները չեն։ Եկեղեցու դեմ ուղղված հարվածը հնարավոր չէ առանձնացնել ժողովրդից։

Գուցե այստեղ խնդիրը կաթողիկո՞սը, Եկեղեցի՞ն չէ։ Գուցե խնդիրը հենց այն ժողովուրդն է, որը դարերով այդ եկեղեցու մեջ ոչ միայն մոմ է վառել, այլև իր ինքնությունն է պահել։ Հայ է մնացել։ Ու եթե այդպես է, ապա հարցը պետք է դրվի ոչ թե ՝ Փաշինյանը Եկեղեցու, ամենայն հայոց կաթողիկոսի դե՞մ է, այլ՝ ո՞ւմ դեմ է նա իրականում պայքարում։ Եկեղեցին հայ ժողովուրդն է․ ո՞ւմ դեմ ես պայքարում։

Ամենակարևորը՝ ում թելադրանքով։