25/09/2026

EU – Armenia

Աշունն արդեն իրեն զգացնել կտա. ջերմաստիճանը կնվազի 5-7, այնուհետև ևս 4-5 աստիճանով. Սուրենյան

Սեպտեմբերի 25-ից սկսած՝ արևադարձային տաք օդի ալիքը աստիճանաբար կնահանջի, իսկ սեպտեմբերի 28-ից այն իր տեղը կզիջի արևմուտքից ներթափանցող տեղումնաբեր ցիկլոնին։

ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել ու հայտնել, որ այսօրվանից աշունն իրեն զգացնել կտա եղանակային առումով:

Սուրենյանի խոսքով՝ հանրապետության տարածքում օդի ջերմաստիճանը կնվազի մոտ 2-4 աստիճանով, իսկ Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 5-7 աստիճանով:

Հաջորդ նվազումը կդիտվի սեպտեմբերի 28-29-ը ընկած ժամանակահատվածում, հանրապետության ողջ տարածքում այդ օրերին օդի ջերմաստիճանը կնվազի ևս 4-5 աստիճանով։

«Սեպտեմբերի 28-ի հետկեսօրյա ժամերին՝ հատկապես երեկոյան ժամերին, Հայաստան արևմուտքից կներթափանցի տեղումնաբեր ցիկլոն, ինչի հետևանքով սեպտեմբերի 28-ին՝ երեկոյան ժամերին, սեպտեմբերի 29-30-ը ժամանակ առ ժամանակ շրջանների մեծ մասում, այդ թվում՝ Երևանում, կդիտվեն ամպրոպային բնույթի կարճատև անձրևներ»,- հայտնել է Սուրենյանը: