Կոտայքի մարզի մի շարք բնակավայրերում (Զովունի, Նոր Հաճն, Քանաքեռավան) և Երևանի առանձին թաղամասերում արդեն տևական ժամանակ է, ինչ խմելու ջրի մատակարարումը հայտնվել է աղետալի վիճակում:
«Փաստ» օրաթերթը գրում է. Ծորակներից հոսում է դեղնավուն, տհաճ հոտով, քլորի բարձր պարունակությամբ և նույնիսկ կեղտոտ ու սև մասնիկներով լի հեղուկ, որը բացարձակապես պիտանի չէ օգտագործման համար:
Բնակիչները ահազանգում են, որ ստիպված են խմելու ջուրը գնել շշերով, քանի որ որոշ քաղաքացիների մոտ աղտոտված ջրի օգտագործումից արձանագրվել են թունավորման և ինքնազգացողության վատթարացման դեպքեր: Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը նույնպես հորդորել է չօգտագործել նման որակի ջուրը:
Այս ամենի ֆոնին «Վեոլիա ջուր» ընկերության կողմից պատշաճ արձագանք կամ ժամանակին իրազեկում չի իրականացվել: Քաղաքացիների բազմաթիվ զանգերն ու ահազանգերը մնացել են անպատասխան, իսկ պաշտոնական պարզաբանումները տրվել են էական ուշացումով: Ըստ ընկերության, պատճառը Արզական-Քանաքեռ-Զովունի մայրուղային ջրատարի վրայի վթարն է, որի վերացման ուղղությամբ աշխատանքներ են տարվում:
Այս կատաստրոֆիկ իրավիճակը, որը «Վեոլիա ջրի» ղեկավարության անարդյունավետ կառավարման պատճառով տարիներ շարունակ կրկնվում է և այդպես էլ համակարգային լուծում չի ստանում, տեղի է ունենում իշխանությունների բացարձակ անգործության և անուշադրության ֆոնին։
Ակնհայտ է, որ պատկան մարմինների նման անտարբերությունն ու լռությունը բոլորովին պատահական չեն։ Արդյունքում, ընկերությունը ստացել է մի տեսակ «ինդուլգենցիա»՝ նման համակարգային քաոսի և անորակ ծառայությունների պայմաններում անարգել շարունակելու իր գործունեությունը և չարժանանալու պետական համապատասխան մարմինների խիստ գնահատականին ու պատժամիջոցներին։


Բաց մի թողեք
Սասուն Միքայելյանն իր շեֆին հարցրե՞լ է` ինչո՞ւ չես խոսում մեզնից օկուպացված տարածքների մասին
Նոր դեկաններ են նշանակվել․ Լուսանկար
Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս