ՀՅԴ Բյուրոյի նախաձեռնությամբ երեկ Հայ դատի համահայկական խորհրդաժողով էր հրավիրվել, որին մասնակցում էին նաեւ ողջ աշխարհից Հայաստան ժամանած Հայ դատի գրասենյակների ներկայացուցիչները:
Հրապարակ թերթը զրուցել է Կանադայի գրասենյակի տնօրեն Սեւակ Բելյանի հետ։
– Ինչո՞ւ են հրավիրվում այս խորհրդաժողովները, ի՞նչ են տալիս դրանք եւ ի՞նչ խնդիրներ են լուծում։
– Առիթ են՝ նախեւառաջ մեր աշխատանքները վերաժողովելու, գնահատականներ տալու՝ այս պարագայում, անշուշտ, ներքին կարգով։ Բայց նաեւ առիթ են՝ մարտավարական ճշտումներ անելու, մանավանդ՝ հարափոփոխ ներքին եւ արտաքին այս փոփոխությունների լույսի ներքո, որոնք վերաբերում են Հայաստանի հայերին եւ արցախահայությանը։ Դաշնակցությունը չի փոխվում, մեր ուղղությունը մնում է նույնը, բայց մարտավարություններն անհրաժեշտ է վերանայել։
– Մարտավարական ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՅԴ Հայ դատի պայքարը, հատկապես՝ Արցախի կորստից հետո։
– Հիմա հստակ է՝ արցախյան հիմնահարցի ուղղությամբ հիմնական խնդիրները որոնք են․ գերիների վերադարձի հարց, վերադարձի, ինքնորոշման իրավունք, անշուշտ՝ նաեւ մշակութային ժառանգության պահպանության իրավունք։ Բայց նախեւառաջ արցախյան հարցը մանավանդ արեւմտյան երկրներում քաղաքական օրակարգ բերելու անհրաժեշտության խնդիրն է։ Նախքան գերիների մասին խոսքը, մշակութային ժառանգության մասին խոսքը, պետք է մենք շարունակենք համոզել այս պետություններին, որ այս հարցը՝ ընդհանուր իր տեսքով, օրակարգում մնա։ Եվ շատ լուրջ դժվարությունների առջեւ ենք այսօր կանգնած, մանավանդ որ այս պետությունների ներկայացուցիչները կարող են մեզ ասել՝ բայց տեսեք՝ Հայաստանի իշխանություններն այդ նույնը չեն ուզում, այլ մեզ կփոխանցեն ճիշտ հակառակը՝ որ արցախյան հարցն այլեւս գոյություն չունի եւ պետք է վերանա մեր օրակարգից։
– Իշխանության ներկայացուցիչները չեն թաքցնում իրենց վերաբերմունքը ՀՅԴ-ի եւ սփյուռքի նկատմամբ, իսկ ՔՊ-ական պատգամավոր Արման Եղոյանն ուղիղ տեքստով հայտարարեց, որ պետք է Դաշնակցությունն արմատախիլ արվի: Ինչո՞ւ են ձեզ թիրախավորում, ՀՅԴ-ն իրեն սպառե՞լ է։
– Ես կկարծեմ, որ այդ ասելով՝ իրենց գնահատականն են տալիս Դաշնակցության գործունեության ու ցույց կտան, որ Դաշնակցությունն իսկապես այսօր հակոտնյա դիրքի վրա է գտնվում իրենց գաղափարախոսությանը եւ եթե Դաշնակցությունը չլիներ այսպես համասփյուռքյան ցանց ունեցող միջազգային ուժ, որը կարող է ազդեցություն ունենալ ոչ միայն ներքին քաղաքական իմաստով, այլ նաեւ արտաքին քաղաքական իմաստով եւ այլն, իրենք ընդհանրապես Ազգային ժողովի ամբիոնից չէին խոսի Դաշնակցության մասին, խոսում են, որովհետեւ վտանգ են զգում եւ ռեյտինգն են բարձրացնում, եւ դրա համար մենք ուրախ ենք։
– Իշխանության ներկայացուցիչները նաեւ հայտարարում են, թե սփյուռքը խանգարում է Հայաստանին, ուժեղ սփյուռք` նշանակում է թույլ Հայաստան։
– Եկեք մտածենք՝ սփյուռքն ինչի՞ն է խանգարում։ Խանգարում է ազգային օրակարգի տապալման այն քայքայիչ գործընթացին, որի ականատեսն ենք այսօր բոլորս։ Այսօր համակարգված եւ կենտրոնացված ջանքեր են գործադրվում՝ ազգային օրակարգը պարզապես մերժելու եւ վերացնելու ուղղությամբ։


Բաց մի թողեք
Էդգար Ղազարյանի ճակատագրին սպասելիս
Մի զեկույց էլ Փաշինյանի համար պետք է գրել
Հաջորդ քառօրյան թեժ է լինելու