Հայաստանի ինտեգրացիոն վեկտորի ընտրության հարցը շարունակում է առանցքային մնալ ռուս-հայկական հարաբերություններում։ Մոսկվայում մեկ անգամ չէ, որ հայտարարել են՝ Երեւանը պետք է հնարավորինս արագ կոնկրետացնի, եւ հանրաքվեն ամենաօպտիմալ տարբերակն է՝ բոլոր երկիմաստությունները թոթափելու համար։
Եվ ահա՝ մի քանի օր առաջ Gallup International-ի կողմից հանրաքվեի թեմայով անցկացվել է սոցհարցում։ Արդյունքներն այսպիսին են․ հանրաքվեն պարտադիր պետք է անցկացվի՝ 38,5 տոկոս, հանրաքվեն թերեւս պետք է անցկացվի՝ 20,3 տոկոս, հանրագումարը՝ 58,8 տոկոս։ «Հանրաքվեն ոչ մի դեպքում չպետք է անցկացվի» տարբերակին կողմ է 25,1 տոկոսը, հանրաքվե անցկացնելու կարիք թերեւս չկա՝ 9,3 տոկոս։ Այսինքն, հանրագումարում՝ 34,4 տոկոս։ Դժվարացել է պատասխանել հարցվածների 6,9 տոկոսը։
Հանրաքվեի այս պատկերը մեջբերելով՝ Սերգեյ Մարկեդոնովը գրում է՝ ակնհայտ է, որ հայաստանյան հանրության ներսում կա տեսակետների բեւեռացում։ Միանշանակ չէ նաեւ մյուս հարցերի խումբը․ ԵԱՏՄ կազմից միանշանակ դուրս գալու եւ դեպի Եվրոպա գնալու կողմնակիցների տեսակարար կշիռը 35,1 տոկոս է, ԵԱՏՄ կազմում մնալու կողմնակիցների տեսակարար կշիռը 29,4 տոկոս է։ 24,7 տոկոսը կնախընտրեր չմասնակցել։ 10,9 տոկոսը դժվարացել է պատասխանել։
«Այս ամենի ֆոնին կարելի՞ է արդյոք ասել, որ Հայաստանի ժողովուրդն արդեն որոշում կայացրել է»։ Մարկեդոնովը խորհուրդ է տալիս եզրակացությունների հարցում չշտապել։ «Առաջին հերթին մենք կարող ենք ասել այն մասին, որ քաղաքացիների զգալի մասը, ովքեր այսօր աջակցում են հասարակության՝ որոշում կայացնելու իրավունքին, դեռեւս իրենք իրենց համար չեն հստակեցրել սեփական դիրքորոշումը, թե ինչի օգտին են քվեարկելու կամ արդյոք գնալո՞ւ են հանրաքվեին կամ ոչ։
Շատ բան կախված է լինելու մեդիա-կոնտեքստից եւ իշխանությունների՝ ներազդման վարչական ռեսուրսային հնարավորություններից։ Հանրային տրամադրություններն ու մտայնությունները միշտ փոփոխվում են, ու դրա դեմ առարկելը դժվար է։ Երկրորդ․ հարցախույզին մասնակցել է հազար մարդ։
Այդ շրջանակում ԵՄ եւ ԵԱՏՄ կողմնակիցների միջեւ տարբերությունն այնքան էլ մեծ չէ։ Ու դա պետք չէ մեկնաբանել, թե հասարակության մեջ առկա է ճնշող մեծամասնություն՝ հօգուտ եվրասիական նախագծից դուրս գալու։ Եվ երրորդը․ ցանկացած հարցախույզ չի կարող նշանակել, թե հանրաքվեն լինելու է անխուսափելի։ Սակայն կարող է զգալիորեն աշխուժացնել այդ սուր թեմայով քաղաքական քննարկումները։ ԵՄ կուրսի կողմնակիցները կարող են ասել, որ ուղիղ ընտրության դեպքում իրենց համախոհները տեսակարար մեծամասնություն ունեն ԵԱՏՄ-ի կողմնակիցների հանդեպ։ Հակառակ ճամբարում գտնվողներն էլ հակառակը` կարող են ասել, որ եվրոպական տարբերակին կողմ է միայն հարցվածների 35,1 տոկոսը, այսինքն՝ բնակչության մեծամասնությունը չէ։ Թերեւս սրանով է պայմանավորված, որ քաղաքական ուժերն այս թվերը մեկնաբանել են տարբեր ակցենտավորումներով։
Եվ ամենակարեւորը. հարցախույզի մասնակիցների 30 տոկոսից ավելին դուրս է այս երկու ճամբարից, այդ թվում՝ 24,7 տոկոսը հայտարարել է, որ չի մասնակցի քվեարկությանը, 10,9 տոկոսն ասել է, որ դեռ չի հստակեցրել իր դիրքորոշումը։ Հենց այս խումբն է, որ որոշելու է հանրաքվեի ելքը, եւ, ամենայն հավանականությամբ, հենց այս խմբի համար է, որ քաղաքական իրական պայքար է ծավալվելու»,- գրել է Մարկեդոնովը։

Բաց մի թողեք
«Ստացվում է՝ ժողովուրդը դեռ մի բան էլ պարտք է Թաթային, հա՞»
Կառավարության կադրային բանկի արդյունքները, արդյոք տպավորիչ թվեր
Հանքը միանում է մեծ քաղաքականությանը, ինչ սպասել