Հայաստանի Հանրապետության եւ Ամերիկայի Միացյալ Նահանգների միջեւ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության եւ բարգավաճման» նախագծի (ԹՐԻՓՓ) վերաբերյալ ռազմավարական համագործակցության մասին շրջանակային համաձայնագիրն արդեն ուղարկվել է խորհրդարան։
Հրապարակ թերթը գրել է․ Չնայած խորհրդարանական ընդդիմությունը մինչ այս պահը նախագծի քննարկման համար «հատուկ պատրաստություն» չի տեսել, ընդդիմադիր խմբակցություններում խոր անորոշություն է՝ արդյոք քննարկումն ուղեկցե՞ն բողոքի ակցիաների կազմակերպմամբ, թե՝ ոչ:
Սակայն իշխանականները, կանխատեսելով վատագույն սցենար, արդեն «հավսար-զգաստ» վիճակի են բերվել: Նրանց ասվել է, որ պետք է պատրաստ լինել ցանկացած սցենարի: Մեր աղբյուրի փոխանցմամբ, իշխանության համար հիմա ամենակարեւորն այդ համաձայնագրի ստորագրումն է, որին պետք է հաջորդի նաեւ նոր սահմանադրություն ընդունելու գործընթացը, որի ժամանակ ավելի բարդ խնդիր պետք է լուծի իշխանությունը։
Սահմանադրական դատարանը սեպտեմբերի 16-ին այս համաձայնագրով ստանձնվող պարտավորություններն արդեն ճանաչել է Սահմանադրությանը համապատասխանող։ Հաջորդ քայլը խորհրդարանի կողմից վավերացումն է: Ազգային ժողովում համաձայնագրի վավերացումով կյանքի կկոչվի, շատերի կարծիքով, «Զանգեզուրի միջանցք» ասվածը, ինչն իշխանությունները քողարկել են «Թրամփի ուղի» անվան տակ, որպեսզի հանրությունը չգիտակցի այս ճանապարհի «միջանցքային» տրամաբանությունը, այն է` առանց հայկական կողմի վերահսկողության ճանապարհ Ադրբեջանի եւ Նախիջեւանի միջեւ, որը մեր հարեւան ագրեսորների վաղեմի երազանքի իրագործումն է։
Իշխանականները, սակայն, գրեթե վստահ են, որ համաձայնագրի քննարկման ժամանակ խորհրդարանական ընդդիմությունն իրեն «կուլտուրական» է պահելու, քանի որ գոնե «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավարն այն կարծիքն է հայտնել, որ խոսքը ոչ թե միջանցքի, այլ ճանապարհի մասին։
Նշենք, որ արդարադատության նախարարությունը բավականին արտառոց եզրակացություն է տվել, թե հայ-ամերիկյան համաձայնագիրը Հայաստանի օրենքներին հակասող դրույթներ է պարունակում եւ պահանջում է օրենսդրական փոփոխություն եւ նոր օրենքի ընդունում, բայց համաձայնագրի քաղաքական բնույթը հաշվի առնելով՝ եզրահանգել են, թե այն վավերացման ենթակա է:
Օրինակ, Հարկային օրենսգրքի մի ամրագրմանը հակասող են համարել համաձայնագրով սահմանված հարկային արտոնությունները, TRIPP-ով անցնող-դարձողների հետ անմիջական շփման մեջ մտնող ընդունարանի՝ ֆրոնթ օֆիսի համաձայնությանը եւս անդրադարձել են, բայց` խիստ անորոշ: Պետական սահմանի մասին օրենքով՝ մարդիկ ու բեռները սահմանը կարող են հատել նաեւ միջազգային պայմանագրերի համաձայն, բայց արդարադատության նախարարությունը հաճախորդների հետ անմիջական շփման համար մասնավորի ծառայություններից օգտվելու հայ-ամերիկյան վերջին համաձայնության կոնտեքստում նաեւ նույն օրենքի մեկ այլ ձեւակերպում է մեջբերել, բայց առանց որեւէ եզրահանգման:
«Հարկ է նշել, որ «Պետական սահմանի մասին» օրենքի համաձայն՝ Հայաստանի սահմանով անձանց, տրանսպորտային միջոցների, բեռների եւ այլ գույքի բացթողնումն իրականացնում են սահմանապահ զորքերի զինծառայողները եւ մաքսային մարմինները: Ուստի համապատասխան փաստաթղթերի ստուգման եւ պետական սահմանով բացթողնման լիազորությունները վերապահված են բացառապես պետական մարմիններին»,- նշում է նախարարությունը` անորոշ տոնայնությամբ, որ չես հասկանում` դե՞մ է, թե՞ կողմ այս համաձայնագրին: Եթե կողմ է, ի՞նչ իմաստ ունի նման արտահայտություն գրելը, եթե դեմ է, ինչո՞ւ հստակ չի ասվում այդ մասին:

Բաց մի թողեք
Մեծ հիասթափություն
Այդ զեկույցի հետեւում երեւում են որոշ տիրադավների ու կարգալույծների ականջները
Սրբուհի Գալյանի խորհրդականը բողոքարկել է քննության արդյունքները