01/10/2026

EU – Armenia

Կենսաթոշակառու բուժաշխատողների թիվը հայտնի չէ

Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին հարցում եմ արել․ «Սեպտեմբերի 17-ի դրությամբ Տավուշի մարզի պետական առողջապահական հիմնարկներում ընդհանուր քանի՞ մարդ է աշխատում, նրանցից քանի՞սն է կենսաթոշակային տարիքի»։

Հրապարակ թերթը գրել է․ Մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղար Արման Գեւորգյանի ստորագրությամբ պատասխանում նշված է․ «ՀՀ Տավուշի մարզպետի աշխատակազմի ենթակայության առողջապահական կազմակերպություններում աշխատում է 313 անձ։ Կենսաթոշակառուների թվաքանակի հաշվառում չի իրականացվում»։

Տավուշի մարզի գյուղական բժշկական հիմնարկները՝ բժշկական ամբուլատորիաները, առողջության առաջնային պահպանման կենտրոնները գտնվում են մարզպետի աշխատակազմի անմիջական ենթակայության ներքո, սակայն մարզպետի աշխատակազմում, պարզվում է` հաշվառում չի իրականացվում, թե մարզի գյուղական առողջապահական հիմնարկներում քանի կենսաթոշակառու աշխատակից կա։

Կենսաթոշակառու աշխատողների քանակն իմանալը հնարավորություն կտար հասկանալու, թե Տավուշի գյուղերի առողջապահական հիմնարկներում աշխատող կենսաթոշակառուներն այդ հիմնարկների աշխատողների թվի քանի տոկոսն են կազմում, ինչ հաստիքներ են զբաղեցնում կենսաթոշակառուները, մարզի գյուղական առողջապահական հիմնարկներում որքանով է հրատապ կադրերի սերնդափոխության խնդիրը եւ այլն։

Տավուշի մարզպետի աշխատակազմում 66 աշխատակից կա, սակայն աշխատակազմն իր ենթակայությամբ գործող հիմնարկների աշխատակազմի մասին կարեւոր տեղեկատվության, փաստորեն, չի տիրապետում։ Դա՝ այն դեպքում, որ մարզպետի աշխատակազմն անմիջական կերպով լոկ 2 ոլորտ է ղեկավարում՝ մարզի գյուղական բուժհիմնարկները եւ հանրակրթական դպրոցների վարչատնտեսական մասը։