Առաջին ալիքի եթերում Պետրոս Ղազարյանի հյուրը, ինչպես հայտնի է, եղել է կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Տիգրան Վիրաբյանը։
Զրույցի ընթացքում Վիրաբյանն անդրադարձել է նաև Հանրապետության հրապարակում Թաթա Սիմոնյանի ելույթի շուրջ առաջացած աղմուկին, մասնավորապես՝ երգչին վճարված 20 միլիոն դրամի վերաբերյալ քննարկումներին։
Փոխնախարարը պարզաբանել է, որ նշված 20 միլիոն դրամը ամբողջությամբ Թաթա Սիմոնյանին՝ որպես անձնական հոնորար, չի վճարվել։ Նրա խոսքով՝ այդ գումարը տրամադրվել է ամբողջական երաժշտական նախագծի իրականացման համար։
Վիրաբյանի ներկայացմամբ՝ նախագծի վրա աշխատել է մի ամբողջ թիմ, և գումարները բաշխվել են տարբեր ուղղություններով՝ երաժիշտների վարձատրության, կազմակերպչական և այլ աշխատանքների համար։ Նա նաև նշել է, որ այդ 20 միլիոն դրամից կազմակերպությունը վճարել է ավելացված արժեքի հարկը։
Այսինքն՝ փոխնախարարը հերքել է այն ընկալումը, թե պետական բյուջեից հատկացված ամբողջ 20 միլիոն դրամը ստացել է հենց Թաթա Սիմոնյանը։
Սակայն Վիրաբյանի պարզաբանումները հանրության շրջանում միանշանակ չեն ընդունվել։ Հանրայինի հրապարակումների մեկնաբանություններում որոշ օգտատերեր շարունակել են հարցադրումներ անել գումարի չափի և դրա ծախսման վերաբերյալ։
Մասնավորապես, մեկնաբանություններում հնչել է նաև հեգնական արձագանք: «Ստացվում է՝ ժողովուրդը դեռ մի բան էլ պարտք է Թաթային, հա՞»,- նշել է օգտատերերից մեկը:


Բաց մի թողեք
Կառավարության կադրային բանկի արդյունքները, արդյոք տպավորիչ թվեր
Հանքը միանում է մեծ քաղաքականությանը, ինչ սպասել
Ինչ տրամադրություններ են Հայաստանում՝ ԵԱՏՄ, թե ԵՄ դիլեմայի շուրջ