02/10/2026

EU – Armenia

Ուզում էին առանց հանրությանը հայտնելու հանձնել Ադրբեջանի՞ն

ՀՅԴ երիտասարդական միության կազմակերպած բողոքի ակցիայի ընթացքում ՀՅԴ կենտրոնական վարչության անդամ Ստելլա Հունանյանն անդրադարձել է Ազգային անվտանգության ծառայության հայտարարությանը, ըստ որի՝ կառույցը Շաքիում տեղի ունեցած դեպքի մասին տեղեկություն է ստացել դեռ սեպտեմբերի 29-ին։

Հունանյանի խոսքով՝ այդ հանգամանքը բազմաթիվ հարցեր է առաջացնում, մասնավորապես՝ ինչու ԱԱԾ-ն ժամանակին հանրությանը չի տեղեկացրել հնարավոր վտանգի մասին։

Նա ընդգծել է, որ ազգային անվտանգության ոլորտում պատասխանատու կառույցը, իր գնահատմամբ, ոչ միայն հնարավորություն, այլև պարտավորություն ուներ հասարակությանը համապատասխան տեղեկություն փոխանցելու։

Հունանյանը կանխատեսել է, որ չհրապարակելու պատճառաբանությունը կարող է կապվել հնարավոր խուճապից խուսափելու անհրաժեշտության հետ, սակայն կասկածի տակ է դրել այդ մոտեցման նպատակահարմարությունը։

Նրա խոսքով՝ հանրության շրջանում կարող է հարց առաջանալ, թե արդյոք հնարավոր խուճապից խուսափելու համար ճիշտ էր վտանգի մասին տեղեկությունը չհրապարակելը, եթե դրա հետևանքով կարող էր վտանգվել մարդու կյանքը։

ՀՅԴ ներկայացուցիչը նաև քննադատական հարցադրում է արել՝ նշելով, որ ստեղծված իրավիճակը կարող է հիմք տալ ենթադրելու, թե իշխանությունները նախատեսում էին անձին հայտնաբերելուց հետո նրան առանց հանրային իրազեկման հանձնել Ադրբեջանին։