02/10/2026

EU – Armenia

Ակնաղբյուրի եւ Աճարկուտի դպրոցները փակում են

Երեւանի հանրակրթական դպրոցները մեծ թվով աշակերտներ ունեն, իսկ հեռավոր գյուղերի հանրակրթական շատ դպրոցների աշակերտների ընդհանուր թիվը հավասար է մայրաքաղաքի դպրոցների մեկ կամ մի քանի դասարանների աշակերտների քանակին։

Հրապարակ թերթը գրել է․ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանին սեպտեմբերի 17-ին հարցում եմ արել․ «Ներկայում Տավուշի մարզի հանրակրթական դպրոցներից քանի՞սն ունեն 100-ից պակաս աշակերտ, որո՞նք են այդ դպրոցները, դրանցից յուրաքանչյուրը քանի՞ աշակերտ ունի։ Այդ դպրոցներից որո՞նք է նախատեսվում միավորել կամ՝ փակել»:

Մարզպետի աշխատակազմը ներկայացրել է Տավուշի մարզի 100-ից պակաս աշակերտ ունեցող հանրակրթական դպրոցների ցանկը։ Այսպես. Աճարկուտի հիմնական դպրոցն ունի 10 աշակերտ, Բարեկամավանի միջնակարգ դպրոցը՝ 13, Իծաքարի հիմնական դպրոցը՝ 26, Լուսահովտի հիմնական դպրոցը՝ 28, Ակնաղբյուրի հիմնական դպրոցը՝ 35, Գոշի հիմնական դպրոցը՝ 37, Կիրանցի եւ Դիտավանի հիմնական դպրոցները՝ 40, Աղավնավանքի միջնակարգ դպրոցը՝ 41, Ջուջեւանի միջնակարգ դպրոցը՝ 42, Դեղձավանի հիմնական դպրոցը՝ 46, Չինչինի միջնակարգ դպրոցը՝ 48, Վարագավանի եւ Այգեպարի միջնակարգ դպրոցները՝ 52, Խաչարձանի միջնակարգ դպրոցը՝ 53, Հովքի միջնակարգ դպրոցը՝ 59, Դովեղի եւ Ենոքավանի միջնակարգ դպրոցները՝ 62, Լուսաձորի հիմնական դպրոցը ՝63, Վազաշենի միջնակարգ դպրոցը՝ 67, Բաղանիսի եւ Չինարիի միջնակարգ դպրոցները՝ 75, Ոսկեպարի միջնակարգ դպրոցը՝ 76, Բերքաբերի միջնակարգ դպրոցը՝ 78․ Լճկաձորի հիմնական դպրոցը՝ 85, Չորաթանի միջնակարգ դպրոցը՝ 86, Ներքին եւ Վերին Ծաղկավանի միջնակարգ դպրոցները՝ 87, Բագրատաշենի թիվ 2 հիմնական դպրոցը՝ 94, Գոշի միջնակարգ դպրոցը՝ 97 աշակերտ։

Մարզպետի աշխատակազմից նաեւ հայտնել են․ «Նախատեսվում է միավորել Աճարկուտի եւ Ակնաղբյուրի հիմնական դպրոցները»:

Տավուշի մարզի պետական հանրակրթական 76 դպրոցներից 30-ը 100-ից քիչ աշակերտ ունի։ Բնակչության բնական աճի բացակայության, արտագաղթի հետեւանքով Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի դպրոցականների թիվը տարիներ շարունակ նվազել է։ Սա ռազմավարական նշանակության հիմնախնդիր է, երկարաժամկետ հեռանկարում՝ Հայաստանի անվտանգության համար մեծ մարտահրավեր։

Տավուշի մարզպետի աշխատակազմի պատասխանից պարզ չէ, թե Աճարկուտի եւ Ակնաղբյուրի դպրոցները որ դպրոցներին են միավորվելու, դա երբ է տեղի ունենալու։ Ենթադրում եմ, որ Աճարկուտի դպրոցը կարող է միանալ Կիրանցի հիմնական դպրոցին, իսկ Ակնաղբյուրի դպրոցի աշակերտները կարող են հաճախել Խաշթառակի միջնակարգ դպրոց կամ Իջեւան քաղաքի թիվ 5 հիմնական դպրոց։ Իծաքարի, Լուսահովիտի դպրոցներն ավելի քիչ աշակերտ ունեն, քան Ակնաղբյուրի հիմնական դպրոցը, սակայն այդ դպրոցները չեն փակվում, միավորվում։ Մի քանի տարի առաջ նախատեսվում էր միավորել Դիլիջան համայնքի Գոշ գյուղում գործող հանրակրթական եւ միջնակարգ դպրոցները, միավորումը պետք է տեղի ունենար Գոշում մոդուլային դպրոց կառուցելուց հետո:

2025թ․ մարտի 10-ին մարզպետ Հ․ Ղալումյանին հարցում էի արել, թե Գոշում երբ է կառուցվելու մոդուլային դպրոց։ Մարտի 19-ին մարզպետարանից պատասխանել էին, որ Գոշ գյուղում կառուցվելու է նոր դպրոց: Գոշ գյուղում դպրոցի նոր շենք այդպես էլ չկառուցվեց, այդ գյուղի ընդհանուր՝ 134 աշակերտ ունեցող հիմնական եւ միջնակարգ դպրոցները միավորելու ծրագիրն էլ չեղարկվեց։