Շաքիի դեպքի առումով բացարձակ զարմացած չեմ: Ուրիշ ինչ պետք է լիներ այն երկրում, որի ղեկավարը բնակչությանը հորդորում է ամեն գնով հոգ տանել խաղաղությանը: Ինչը նշանակում է, որ նույնիսկ երկրի և նրա քաղաքացիների կյանքի անվտանգության գնով:
Իսկ նրա ենթականներից մեկն էլ ասում է, որ եթե մեզ վրա կրակեն՝ մենք չենք պատասխանի: Ճիշտ է ասում՝ ինչպես կարելի է պատասխանել անվտանգությանդ երաշխավոր երկրին: Այն էլ «կակոյ նիբուձ» Օղլի Մուսաևի համար: Սակայն ՔՊ-ական այդ կինը նորություն չէր հայտնում: Ասում են, որ հենց դա է տեղի ունեցել 2022-ին, երբ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Փաշինյանը կարգադրել է չկրակել Հայաստանի սահմանը հատած ադրբեջանցիների ուղղությամբ: Դա, իհարկե, պաշտոնապես հերքվել է:
Բայց երբ 44 օր քեզ խաբել են՝ դու այլևս այդ իշխանության հանդեպ հավատ ունենալ չես կարող: Եթե, իհարկե, անուղեղ հավ չես ու այն անձը չես, ով համառորեն չի ցանկանում տեսնել իրականությունը: Ընդամենը Ավետիսյան Անին էր մեղք, որ ընկավ հիվանդանոց: Որ բժիշկներն էլ փորձեն պահպանել երեք երեխաների մոր կրակված ոտքը:
Շաքիի դեպքը նաև ցույց տվեց, որ Հայաստանի անվտանգության մակարդակը զրոյական է՝ եթե չասվի դրանից ցածր: Որ մեր անվտանգության երաշխավորը ո՛չ խաղաղությունն է՝ ինչպես վարչապետ կոչեցյալն է փորձում ներկայացնել: Եվ ո՛չ էլ հաստատ Ադրբեջանը՝ ինչպես Սիմոնյան Ալենն էր պնդում այն օրը, երբ պետության երկրորդ-երրորդ քաղաքական պաշտոնյան էր:
Չնայած Ալենի ասածն ավելի շատ սարկաստիկ ֆանտասմագորիայի ժանրից էր՝ եթե նման երևույթ գոյություն ունենար: Իսկ վարչապետի պապաշտոնը զբաղեցնող անձի խոսքն, ինչպես միշտ, ընդամենը գլխիվայր շրջված դատողություն էր: Քանի որ իրականությունը ճիշտ հակառակն է՝ հենց անվտանգությունն է խաղաղության երաշխավորը: Իսկ անվտանգության երաշխավորն էլ պետության տնտեսական զարգացումն է ու ռազմական հզորությունը: Ինչպես նաև դրա քաղաքացիների ոգին ու դրանից ածանցված՝ բանակի զինվորների ու սպաների ոգին:
Մեզանում այդ ամենը չի կարող կազմել պետական գաղափարախոսության հիմքը: Որովհետև այդ դեպքում վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձի ազգանունը չպետք է լիներ Փաշինյան: Քանի որ խայտառակ պարտության խորհրդանիշ անձը կարող է լինել զուտ պարտվողական կամ կապիտուլյացիոն խաղաղության «ճարտարապետը»: Ինչը և կյանքի է կոչվում Հայաստանում: Ու դրա դեմ ոչինչ անել հնարավոր չէ՝ քանի դեռ այդ անձն է ղեկավարում երկիրը:
Քանի դեռ պետությունում ապրում է 727 հազար մարդ, ովքեր, կրկին Փաշինյան ընտրելով, ցույց տվեցին, որ թքած ունեն հայրենիքի ճակատագրի վրա: Եվ կես միլիոնից ավելի մարդ, ովքեր կրկին ցույց տվեցին, որ արհամարհած ունեն թե՛ Նիկոլին, թե՛ ընդդիմությանը և թե՛ հայրենիքը: Ու չես իմանում, թե ժողովրդի որ հատվածն է դեն գցվելու ավելի արժանի:
Նրանք, ովքեր հունիսի 7-ին Փաշինյան ընտրեցին, թե այն անձինք, ովքեր ընդհանրապես ալարեցին օրվա ընթացքում քայլել 100-200 մետր: Ու կատարել հայրենիքի հանդեպ իրենց քաղաքացիական պարտքը:

Բաց մի թողեք
«Սկզբունք շարժում»․ «Արժանապատվության հեղափոխություն» սկսելու ծրագիրը եւ Հայաստանի ապագայի տեսլականը․ Տեսանյութ, Լուսանկար
Ի՞նչ կա գեղեցկատես տիկնոջ հայաստանյան այցի հետնաբեմում. Լուսանկար
Ինչո՞ւ են այս ամենը թաքցրել ու Մուսաևին ներկայացնում են որպես 18 տարեկան մոլորված տղա