Չորս պատերազմի մասնակից, հասարակական գործիչ Արման Պետրոսյանն առաջարկում է շքանշան տալ Շաքիի բնակիչ, իր երեխաներին ադրբեջանցի զինվորականից պաշտպանած ու դրա հետեւանքով ծանր վիրավորումներ ստացած Անի Ավետիսյանին:
«Առաջարկում եմ շքանշանով պարգեւատրելԱնի Ասատրյանին, եւ ժողովրդի կողմից տրվող պարգեւատրման հիմնական նպատակն է իր քաջ սխրագործությունը գովերգելը, եւ որ Այծեմնիկից ու Սոսե մայրիկից հետո լինի պայքարող հայ կնոջ կերպար: Իր արածը մենք պետք է ամրագրենք որպես արժեք»,- ասաց Պետրոսյանը: Ի դեպ, արդեն նրան այցելել են եւ սիմվոլիկ «Մայր հերոսուհի» շքանշանն են հանձնել՝ որպես հայ կնոջ խիզախության ու պայքարի խորհրդանիշ:
Պետրոսյանը նշում է, որ Անի Ավետիսյանի սխրագործությունը՝ հատկապես այսքան պարտություններից ու նվաստացումներից հետո, դրական առումով հոգեբանական մեծ ազդեցություն կարող է ունենալ մեր հասարակության վրա․ «Հայի պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու համար երբեմն պետք են այսպիսի բացառիկ խիզախություններ, իսկ դա պետք է ամրագրել»:
Նա շեշտեց, որ բանակի ու ԱԱԾ-ի «ճեղքվածքների» հետեւանքով է, որ կինն է ստիպված եղել դիմակայել զինված ադրբեջանցուն: Իսկ Անի Ավետիսյանին մեղադրողները հայ հանրության լայն շրջանակները չեն՝ նշում է պատերազմների մասնակիցն ու հավելում, որ կնոջը մեղադրողներն Արամ Սարգսյանն ու նրա նման մարդիկ են, եւ հենց այդ մտածելակերպի հետեւանքով է, որ մեր երկիրն այսօր այս վիճակում է:
«Ես իմ նախաձեռնության մասին բարձրաձայնելուց սկզբում հատուկ նշեցի, քանի որ պետությունը, իշխող քաղաքական ուժը չի պարգեւատրել կամ խրախուսանքի չի ներկայացրել տվյալ անձին, ուրեմն պետք է պարգեւատրենք մենք՝ ժողովուրդը: Հասկանում ենք, որ 3 միլիոնը կամ 2 միլիոնը ներգրավվածություն չեն ունենալու այս նախաձեռնությանը, կլինեն այն քաղաքացիները, ովքեր պատրաստ են ինչ-որ դրական քայլ անելու համար գնալ ինչ-որ գործողությունների: Դա կլինի սոցհարթակներում տեղեկատվության տարածումը, միանալ միջոցառմանը, մեծարման երեկո կազմակերպել, ամեն մեկն իր տարբերակով կարող է մասնակցել»,- ասաց զրուցակիցս եւ նշեց, որ այս նախաձեռնության հետ կապված՝ բազմաթիվ դրական արձագանքներ է ստացել: Երկրորդ փուլում հայտարարելու են շքանշանի դիզայնի ու անվան մրցույթ, որտեղ կընտրվի լավագույն տարբերակը։
Երրորդ փուլում կհայտարարվի դրամահավաք, քանի որ շքանշանը ոսկյա է լինելու։ Չորրորդ փուլում արդեն ձեւավորված նախաձեռնող խմբի կողմից կկազմակերպվի մեծարման երեկո, որտեղ էլ առողջանալուց հետո Անի Ավետիսյանին կպարգեւատրեն այդ շքանշանով: Իսկ նախաձեռնող խմբին կարող է միանալ ցանկացած ոք։ Նույնիսկ ՔՊ-ականնե՞րը՝ հարցրինք մենք։ «Եթե այդ կուսակցությունից կգտնվի գոնե մեկ ՔՊ-ական կամ կառավարության անդամ, որը ռիսկ կունենա ներգրավվելու, ես մեծ սիրով կներգրավեմ իրեն, քանի որ այդ քայլով նա դուրս է գալու Նիկոլ Փաշինյանի սկզբունքների դեմ»:


Բաց մի թողեք
Եվրամիությունը Հայաստանին օգնել է հակազդել օտարերկրյա միջամտությանը․ Կայա Կալլաս
Ի՞նչ է տեղի ունեցել․ Դեբեդ գետից կնոջ մարմին են դուրս բերել. Լուսանկար
16 տարեկանից հետո՝ առանց նույնականացման քարտի անձնագիր չեք կարող ստանալ. 8 կանոն, որոնք ուժի մեջ են մտնում նոյեմբերի 1-ից