Աշակերտն 9-րդ դասարանի ավարտական քննություններից «Բնագիտությունը» կարող է հանձնել ոչ թե թեստով, այլ ուսումնական նախագիծ ներկայացնելով։
Նախագծի գնահատականը դառնում է քննության գնահատական և գրվում է ավարտական վկայականում։ 20 միավորից 8-ը տրվում է ոչ թե գիտելիքի, այլ նախագծին մասնակցության համար։
Գնահատման կարգը սահմանված է ԿԳՄՍ նախարարի 2026 թվականի օգոստոսի 26-ի N 47-Լ հրամանով հաստատված նախագծային ուսուցման ընթացակարգի 25-րդ կետով։
«Բնագիտությունը» որպես առանձին առարկա չի հանձնվում։ Ընթացակարգի 25-րդ կետի համաձայն՝ աշակերտն ընտրում է «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» կամ «Աշխարհագրություն» առարկաներից որևէ մեկը և նախագիծն իրականացնում այդ առարկայից։
8-րդ կետով նախագծի խմբում սովորաբար ընդգրկվում է 3-ից 10 աշակերտ, բայց քննական նախագծի դեպքում խմբի առավելագույն թիվը 7-ն է։ Փոքր դպրոցներում, որտեղ դասարանում 5-ից ոչ ավելի աշակերտ կա, խումբը կարող է բաղկացած լինել մեկ աշակերտից։
Յուրաքանչյուր աշակերտ գնահատվում է առանձին՝ երեք չափանիշով։
Մասնակցություն, համագործակցություն, ներդրում – 8 միավոր։ 1 միավոր ստանում է այն աշակերտը, որը մասնակցել է հանդիպումների և քննարկումների առնվազն մեկ քառորդին և դժվարությամբ է համագործակցել թիմի անդամների հետ, 4 միավոր, երբ մասնակցել է առնվազն կեսին, որոշ չափով ներգրավվել է աշխատանքներում և բավարար չափով կատարել է հանձնարարված խնդիրները։ 8 միավոր ստանում է, երբ ակտիվորեն մասնակցել է բոլոր հանդիպումներին, լիարժեք ներգրավվել է աշխատանքներում, կատարել է բոլոր խնդիրներն ու նախաձեռնել արդյունավետ ու նպատակային համագործակցություն թիմի բոլոր անդամների հետ։
Բովանդակություն և ավարտուն արդյունքի ներկայացում – 8 միավոր։ 1 միավոր՝ եթե ուսումնասիրությունները քիչ են առնչվում հիմնախնդրին, բացակայում է շարադրանքի տրամաբանական հաջորդականությունը և կան բովանդակային սխալներ, 4 միավոր՝ ուսումնասիրությունները հիմնականում առնչվում են հիմնախնդրին, շարադրանքը տրամաբանական է, մասերը հիմնականում փոխլրացնում են իրար, բայց մեդիա աղբյուրներ, մուլտիմեդիա նյութեր և հղումներ չկան, 8 միավոր՝ նյութը բազմազան է, խոսքը հիմնավորված, օգտագործված են մեդիա աղբյուրներ՝ հղումներով, և մեդիա նյութեր՝ գծապատկերներ, դիագրամներ, նկարներ, անիմացիաներ, տեսանյութեր, վիճակագրական տվյալներ, սոցիալական հարցումներ, ձայնագրություններ, որոնք լիովին հասկանալի են դարձնում բովանդակությունը։
Գիտելիքների ստուգում – 4 միավոր։ Այն կազմակերպվում է նախագծի իրականացման վերջին շաբաթվա ընթացքում, իսկ ստուգման եղանակը սահմանվում է նախագծի կազմակերպման պլանում։
Այսինքն՝ 20 միավորից 16-ը տրվում է նախագծի ընթացքի և արդյունքի, 4-ը՝ գիտելիքի ստուգման համար։
Ավարտական քննությունների կարգով 9-րդ դասարանում քննությունից 1-7 միավոր ստանալը նշանակում է վերաքննություն, իսկ 8-20 միավորը՝ քննությունը հանձնված է։
Ընթացակարգի 25-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն՝ աշակերտի նախագծի գնահատականը լրացվում է էլեկտրոնային մատյանում՝ որպես ավարտական քննության գնահատական, արտացոլվում է ավարտական վկայականում։
Մնացած մասով գործում են ուսումնական նախագծի ընդհանուր կանոնները՝ տևողությունը, պլանը, թեմայի ընտրությունը. մանրամասները՝ այս նյութում։

Բաց մի թողեք
Սերբ ուսանողները վիճարկում են ընտրական հանձնաժողովի որոշումը՝ կապված սփյուռքի քվեարկության հետ
Եթե ԿԳՄՍՆ-ն ընդառաջ չգնա մեր խնդրանք-պահանջին, կլքենք գյուղը
Ուսուցչուհին ձերբակալվել է