13/10/2026

EU – Armenia

9-րդ դասարանի ավարտական քննություններից մեկը կարելի է հանձնել ուսումնական նախագիծ ներկայացնելով․ մանրամասներ

Աշակերտն 9-րդ դասարանի ավարտական քննություններից «Բնագիտությունը» կարող է հանձնել ոչ թե թեստով, այլ ուսումնական նախագիծ ներկայացնելով։

Նախագծի գնահատականը դառնում է քննության գնահատական և գրվում է ավարտական վկայականում։ 20 միավորից 8-ը տրվում է ոչ թե գիտելիքի, այլ նախագծին մասնակցության համար։

Գնահատման կարգը սահմանված է ԿԳՄՍ նախարարի 2026 թվականի օգոստոսի 26-ի N 47-Լ հրամանով հաստատված նախագծային ուսուցման ընթացակարգի 25-րդ կետով։

«Բնագիտությունը» որպես առանձին առարկա չի հանձնվում։ Ընթացակարգի 25-րդ կետի համաձայն՝ աշակերտն ընտրում է «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն» կամ «Աշխարհագրություն» առարկաներից որևէ մեկը և նախագիծն իրականացնում այդ առարկայից։

8-րդ կետով նախագծի խմբում սովորաբար ընդգրկվում է 3-ից 10 աշակերտ, բայց քննական նախագծի դեպքում խմբի առավելագույն թիվը 7-ն է։ Փոքր դպրոցներում, որտեղ դասարանում 5-ից ոչ ավելի աշակերտ կա, խումբը կարող է բաղկացած լինել մեկ աշակերտից։

Յուրաքանչյուր աշակերտ գնահատվում է առանձին՝ երեք չափանիշով։

Մասնակցություն, համագործակցություն, ներդրում – 8 միավոր։ 1 միավոր ստանում է այն աշակերտը, որը մասնակցել է հանդիպումների և քննարկումների առնվազն մեկ քառորդին և դժվարությամբ է համագործակցել թիմի անդամների հետ, 4 միավոր, երբ մասնակցել է առնվազն կեսին, որոշ չափով ներգրավվել է աշխատանքներում և բավարար չափով կատարել է հանձնարարված խնդիրները։ 8 միավոր ստանում է, երբ ակտիվորեն մասնակցել է բոլոր հանդիպումներին, լիարժեք ներգրավվել է աշխատանքներում, կատարել է բոլոր խնդիրներն ու նախաձեռնել արդյունավետ ու նպատակային համագործակցություն թիմի բոլոր անդամների հետ։

Բովանդակություն և ավարտուն արդյունքի ներկայացում – 8 միավոր։ 1 միավոր՝ եթե ուսումնասիրությունները քիչ են առնչվում հիմնախնդրին, բացակայում է շարադրանքի տրամաբանական հաջորդականությունը և կան բովանդակային սխալներ, 4 միավոր՝ ուսումնասիրությունները հիմնականում առնչվում են հիմնախնդրին, շարադրանքը տրամաբանական է, մասերը հիմնականում փոխլրացնում են իրար, բայց մեդիա աղբյուրներ, մուլտիմեդիա նյութեր և հղումներ չկան, 8 միավոր՝ նյութը բազմազան է, խոսքը հիմնավորված, օգտագործված են մեդիա աղբյուրներ՝ հղումներով, և մեդիա նյութեր՝ գծապատկերներ, դիագրամներ, նկարներ, անիմացիաներ, տեսանյութեր, վիճակագրական տվյալներ, սոցիալական հարցումներ, ձայնագրություններ, որոնք լիովին հասկանալի են դարձնում բովանդակությունը։

Գիտելիքների ստուգում – 4 միավոր։ Այն կազմակերպվում է նախագծի իրականացման վերջին շաբաթվա ընթացքում, իսկ ստուգման եղանակը սահմանվում է նախագծի կազմակերպման պլանում։

Այսինքն՝ 20 միավորից 16-ը տրվում է նախագծի ընթացքի և արդյունքի, 4-ը՝ գիտելիքի ստուգման համար։

Ավարտական քննությունների կարգով 9-րդ դասարանում քննությունից 1-7 միավոր ստանալը նշանակում է վերաքննություն, իսկ 8-20 միավորը՝ քննությունը հանձնված է։

Ընթացակարգի 25-րդ կետի 4-րդ ենթակետի համաձայն՝ աշակերտի նախագծի գնահատականը լրացվում է էլեկտրոնային մատյանում՝ որպես ավարտական քննության գնահատական, արտացոլվում է ավարտական վկայականում։

Մնացած մասով գործում են ուսումնական նախագծի ընդհանուր կանոնները՝ տևողությունը, պլանը, թեմայի ընտրությունը. մանրամասները՝ այս նյութում։